Ինքնաթիռը, որում եղել է Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և նրան ուղեկցող ինը մարդ, կործանվել է, փրկվածներ չկան:
Այս մասին հայտնում է The Sun թերթը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին։
«Փոխնախագահ, մեծարգո դոկտոր Սաուլոս Կլաուս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը հայտնաբերվել է այսօր առավոտյան Չիկանգավայի անտառում: Ցավոք սրտի, վթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլորը զոհվել են»,- հայտնել են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Մալավիի առաջնորդ Լազարուս Չակվերան ազգային սգո օր է հայտարարել և հրամայել այսօրվանից մինչև հուղարկավորությունը բոլոր դրոշները խոնարհել: Փոխնախագահից բացի՝ վթարի ենթարկված ինքնաթիռով թռչում էր նախկին առաջին տիկին Պատրիսի Շանիլ Մուլուզին։ Նա Մալավիի երկրորդ նախագահ Բաքիլի Մուլուզիի կինն էր, որը երկրի ղեկավարն էր 1994-2004 թվականներին: