ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի. ԿԲ նախագահ Zarkerak - ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի. ԿԲ նախագահ
Zarkerak Zarkerak - ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի. ԿԲ նախագահ
ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 8 տոկոսի. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 11-ի նիստում որոշել է ևս 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8 տոկոս: Այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գնանկումային ազդեցությունների ենթարկվել արտաքին հատվածից:

«Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական խնդիրները, ինչպես նաև միջազգային առևտրական հարաբերություններում աճող լարվածությունը որոշակի ռիսկեր են առաջացրել միջազգային ապրանքահումքային շուկաներում գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը, ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունները ՀՀ տնտեսությանը դեռևս պահպանվում են»,- հայտարարեց Մարտին Գալստյանը:

Բանախոսը հավելեց, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստել է շինարարության, առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջինս, ըստ Մարտին Գալստյանի, շարունակում է կրել կարճաժամկետ որոշ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի, կայունության, երկարաժամկետ հեռանկարների, ինչպես նաև ներքին պահանջարկի և սպառման հետագա միտումների վերաբերյալ:

«Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թվականի համեմատությամբ դանդաղում է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Միաժամանակ, աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն մեղմվում են՝ արտահայտելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ»,- հայտնեց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը, ՀՀ ԿԲ խորհուրդը քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:

«Մի կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որոնց հիմքում ընկած զարգացումները, այդ թվում՝ գործընկեր երկրներում ավելի երկար պահպանվող խիստ դրամավարկային պայմանները, ինչպես նաև երկրի ռիսկ-հավելավճարի և չեզոք տոկոսադրույքի հետ կապված անորոշությունները պահանջում են քաղաքականության՝ շուկայական սպասումների համեմատությամբ ավելի կոշտ արձագանք՝ գների կայունության նպատակի ապահովման ռիսկերը կառավարելու համար:

Մյուս կողմից՝ խորհուրդը քննարկել է սցենարներ, որտեղ հնարավոր տնտեսական զարգացումները, այդ թվում՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունների հետևանքով թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման ռիսկերը, կարող են հանգեցնել գնաճի՝ ցածր մակարդակում երկար պահպանմանը: Վերջինս ենթադրում է քաղաքականության տոկոսադրույքի՝ շուկայի սպասումների համեմատությամբ ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար»,- նշեց Գալստյանը:

Գալստյանը հավելեց, որ Կենտրոնական բանկի խորհուրդը, հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերը, որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը: Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար:            

11 Հունիս, 2024 16:12
Վեր