«Հերթական կեղծ օրակարգն է, որի միջոցով փորձում են իրենցից արդեն վերջնականապես հիասթափվող վերջին հետևորդներին չկորցնել: Ակնհայտ է, որ եթե ունենային վերադասավորվելու ինչ-որ հնարավորություններ՝ վաղուց էին արել: Նրանք այս պահին ընդամենը հետդարձի ճանապարհներ են քննարկում և ճանապարհներից մեկը հենց այդպես կոչված վերադասավորումն է, որի միջոցով շատ հավանական է, որ նրանք կարողանան շարժումը դադարեցնել, բայց հետևորդների ինչ-որ քանակ պահպանել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բագրատ Գալստանյանի արած այն հայտարարությանը, թե ցանկանում են շարժման տրամաբանությունը վերաձևակերպել՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդյանի խոսքով՝ արդեն հունիսի 9-ին պարզ էր, որ այս շարժումն ինքն իրեն սպառել է. «Դրանից հետո, որպեսզի գոնե ինչ-որ աշխուժություն մտցնեն, հիշում ենք՝ ագրեսիա իրականացրին Բաղրամյան փողոցում, կարելի է ասել, որ դրանից հետո արդեն ընդհանրապես ամեն ինչ վերջացնելը կանխորոշված էր: Այդ քաղաքական ակցիան ոչ միայն ներկա, այլ ապագա էլ չունի, որոշակի անցյալ ունի, որը կապված է մայիսի 9-ին և որոշ չափով նաև 26-ին որոշակի մարդկանց հավաքելու և այդ ընթացքում ինչ-որ գործողություններ իրականացնելու հետ, բայց դրանից հետո ինչպես արդեն նշեցի, հունիսի 9-ը ցույց տվեց, որ այս քաղաքական ակցիան փաստացի ավարտված է և այս պահին՝ դե յուրե ավարտելու տարբերակներն են քննարկում՝ հնարավորինս ավելի քիչ հետևորդներ կորցնելու համատեքստում»:
Խոսելով ատելության խոսք գեներացնելու մասին՝ քաղաքագետը նշեց. «Ակնհայտ է, որ այն փոքր հատվածը, որն այսօր մնացել է և շարժվում է Բագրատ Գալստանյանի կոչերով՝ առանց այդ էլ այդ ատելության մթնոլորտում է ապրում արդեն մի քանի տարի, սկսած այն ժամանակից, երբ նրանց մեծ մասը կորցրեց «ժառանգաբար» իրենց պատկանող իշխանությունը և կարելի է ասել, որ նրանց միացածների շատ մեծ հատված ևս մեկ անգամ հիասթափվել է այս քաղաքական գործընթացներից, այստեղ ատելության խոսքը նոր զանգվածներ չի ընդգրկելու, ընդամենը ևս մեկ անգամ տվյալ մարդիկ իրենց մոտեցումները, իրենց մեջ առաջացած ատելությունը դրսևորելու հնարավորություն են ստանում»:
Անդրադառնալով Գալստանյանի այն հայտարարությանը, թե իր հայտարարած 4 օրը սիմվոլիկ ժամկետ էր և իրենց պայքարն անվերջ է՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Անձամբ նա ինքն իրենով սիմվոլիկ քաղաքական կերպար էր, իրենց սկսած քաղաքական ակցիան սիմվոլիկ էր, որևէ իրական, գետնի վրա լուրջ նպատակներ հետապնդող և դրանց հասնելու մեխանիզմներ ունեցող բան չկար այդ ամբողջ գործընթացի մեջ»:
Խոսելով նաև իմպիչմենտի գործընթաց չսկսելու և ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու շարժման որոշման մասին՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց. «Իմպիչմենտի գործընթաց չսկսեցին, որովհետև 36 ստորագրություն էր պետք, բայց այդքան հավաքել չհաջողվեց, իսկ ուղերձով փորձում են փոխարինել այդ չստացված իմպիչմենտի գործընթացը՝ նորից միայն մեկ նպատակ հետապնդելով, որպեսզի իրենց հետևորդները շատ չհիասթափվեն և նրանց չկորցնեն: Ի վերջո 2026 թվականին ընտրություններ են լինելու և հույս ունեն՝ գոնե երկրորդ տեղը պահպանել, թեև շատ բարդ է լինելու, իսկ երկրորդ տեղը պահպանելու համար անհրաժեշտ է այսօր աջակիցների հնարավորինս ավելի քիչ քանակ կորցնել: ՔՊ-ն չի ժամանի նիստին և քվորում չլինելու պատճառով նիստը չի կայանա: Սա էլ նրանց շոուի մի մասն է, հիմա էլ փորձում են սիմվոլիկ ուղերձ ընդունել, հիմա էլ ԱԺ նիստ են հրավիրել, որն ի սկզբանե ակնհայտ էր, որ տեղի չի ունենալու, այսինքն՝ այս ամենը շոու է, որի նպատակն է հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել»:
Խոսելով նաև խորհրդարանական ընդդիմության մանդատները վայր չդնելու որոշման մասին՝ քաղաքագետը նշեց. «Մանդատները վայր դնելու նպատակը պետք է լինի ձևավորված կոնֆիգուրացիան ի օգուտ իրենց փոխելը, իսկ այս պահին հասարակության տրամադրությունը ցույց է տալիս, որ այդ կոնֆիգուրացիան ի օգուտ իրենց փոխելու հնարավորություններ չկան, այսինքն, եթե մանդատները վայր դնեն, նոր ընտրությունների դեպքում նրանք կարող են շատ ավելի քիչ տեղեր ունենալ ԱԺ-ում, քան ունեն այս պահին, այդ պատճառով էլ մանդատները վայր դնելը կաշխատի իրենց դեմ»:
Աննա Բզնունի