ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Սյունիքի մարզի Շինուհայրում համայնքում, որտեղ բնակիչների հետ խոսել է իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի և երկրի անվտանգության կարևոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին։
Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում հանդիպումից տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքացիներից մեկը կիսվել է իր մտահոգություններով, թե որոշ ուժեր ժողովրդի մեջ խուճապ են տարածում․ «Մի բան ասեմ․ ժողովրդի մեջ պանիկայա, որ Զանգեզուրը տալիս են, քեզ նման տղան, քեզ նման թագավորը մի գրամ հող չպիտի տա»։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով սյունեցուն, նկատել է․ «Ո՞նց կարա տենց բան լինի։ Իրական Հայաստանի ռազմավարությունը մեր երկրի ինքնիշխան տարածքներին են։ Պետք է կենտրոնանանք ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա և այդ տարածքում լուծենք մեր խնդիրները»։
Որից հետո վարչապետը ցույց է տվել ՀՀ տարածքը պատկերող քարտեզն ու պարզաբանել․ «Սաղ օրը ձեռքս ընկած ման եմ գալիս, կա՞ ստեղ Սյունիք, թե՞ չկա։ Ինչո՞ւմն է հարցը, իմ ասածը սա է. մեզ սխալ ճանապարհ են տալիս են, որ մեր ողնաշարը ջարդեն։ Մենք ոչ մի բանի չենք հավակնում ու թույլ չենք տալու որևէ մեկին հավակնի։ Սա է տրամաբանությունը։ Դժվարություններ ենք հաղթահարել, կան ուժեր աշխարհում, որոնք չեն ուզում, որ այս պետությունը լինի, մեր ռեակցիան երկու ձևով պետք է լինի՝ քար ու փետ վերցնենք, ասենք՝ ո՞վ է, որ չի ուզում, մյուսը՝ խելացի լինենք, ասենք՝ սա է մեր երկիրը, ու մենք մի միլիմետր չունենք զիջելու, չենք հավակնում ու չենք էլ թողնելու, որ հավակնեն»։
Վարչապետի խոսքով՝ կարևոր է կենտրոնանալ ՀՀ 29 հազար 743 քառ կմ տարածքի վրա։
«Կարևոր է, որ ժողովուրդը հասկանա, թե ինչի համար է արվում ողջ գործընթացը։ Եկել է ապրելու ժամանակը։ Ոչ մեկը չի կարող ասել, որ ես ջանք չեմ գործադրել, ամեն ինչ արել եմ, ինչ հնարավոր է եղել, արել եմ։ Մենք մեր անցած ճանապարհից հետևություններ պետք է անենք։ Հերիք եղավ, բա մեզ խելոք ժողովուրդ չենք համարում, չպիտի թողնենք, որ մեզ օգտագործեն ուրիշների դեմ»,- նշել է նա։