«Ինձ որևիցե մեկը չի զանգել, որևիցե մեկը թեգ չի արել, որևիցե մեկը SMS չի ուղարկել, և փառք Աստծո»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե տարբեր աղբյուրներում տարածվել են իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեռախոսահամարները, զանգողներ եղե՞լ են:
«Դաշնակցական մի ֆեյք ալիք մեր պատգամավորների հեռախոսահամարներն է հրապարակել: Չեմ կարող վստահ պնդել, որ դաշնակցական ալիք է, բայց որ ուսումնասիրել եմ, դա էր վկայում: Որ նայում ես՝ Դաշնակցության մասին նյութ էր, մեր հեռախոսահամարը, դաշնակցական նյութ, մեր համարը: Ինձ չեն զանգել, մյուսների մասին տեղեկություն չունեմ»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հարց ուղղեց, թե պատկերացնո՞ւմ են՝ ինչ կլինի, եթե իրենք էլ սկսեն մյուսների անձնական համարները հրապարակել:
«Շատ վատ բան է դա, չի կարելի: Երբ մի ժամանակ իմ համարն էին հրապարակել, ինձ զանգում էին հիմնականում ՌԴ-ում ապրող հայերը: Սուտի հայրենասիրությունը, որ գնում ես դրսում ապրում ու փորձում Հայաստանի գործերին միջամտել, պետք է թարգել»,- ասաց Սիմոնյանը: