Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է․ Դավիթ Ստեփանյան Zarkerak - Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է․ Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է․ Դավիթ Ստեփանյան
Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է․ Դավիթ Ստեփանյան

Պաղեստինի ճանաչումը տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է․ Դավիթ Ստեփանյան

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»,- այս մասին հունիսի 21-ին  հայտարարություն տարածեց ՀՀ ԱԳՆ-ն շեշտելով՝ Երևանը վերահաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին։

«Այս քայլն աշխարհաքաղաքական շղթայի մի մաս է, աշխարհաքաղաքական շղթայի, որը ծավալվում է Հայաստանի մասնակցությամբ, Հայաստանի շուրջ և որի հիմնական ջատագովն ԱՄՆ-ն է, կա նաև Ֆրանսիայի և ԵՄ-ի գործուն մասնակցությունը: Պաղեստինի ճանաչումն այն քայլերից էր, որոնք թույլ են տալիս, որպեսզի ՀՀ-ն դառնա եվրոպական, ամերիկյան ընտանիքի մաս: Եթե մենք հիշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրար հետևից երեք-չորս եվրոպական շատ կարևոր պետություններ ճանաչեցին Պաղեստինը, և եթե մենք հիշենք, որ այսօրվա դրությամբ ամերիկյան մոդելն էր սա, որ պետք է այդ տարածաշրջանում լինի երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին, նշանակում է, որ Հայաստանը դառնում է այդ տեսլականի մաս:

Այս ամենի շրջանակներում Հայաստան են գալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները, ՀՀ-ում բավականին լուրջ ռազմատեխնիկական համագործակցություն է գնում Ֆրանսիայի և արդեն իսկ ԱՄՆ-ի միջև, ընդհանուր առմամբ սա տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված քայլերից մեկն է, այն ստատուս քվոյի, որը խեղաթյուրվել և վերջնականապես ոչնչացվել է 44-օրյա պատերազմի ժամանակ, որի հետևանքով Ռուսաստանն այլևս այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող երկիր չէ: Այս ամենը բերել է մի իրավիճակի, երբ այդ անվտանգային երաշխավորի տեղը մնացել է դատարկ, այնպես որ հիմա գնում են այդ փոփոխությունները, ես Պաղեստինի ճանաչումը դիտարկում եմ այս համատեքստում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանն ընդգծեց, որ միանշանակ այս քայլը բացասական կազդի հայ-իսրայելական հարաբերությունների վրա. «Միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք կան հայ-իսրայելական հարաբերություններ, այո, մենք ունենք դեսպան, բայց հարաբերություններ որպես այդպիսին չկան, մանավանդ՝ Իսրայելը Հայաստանում շատ վատ է ընկալվում՝ հաշվի առնելով, որ Իսրայելը նույնիսկ պատերազմի ժամանակ շարունակում էր Ադրբեջանին զինել: Հարաբերությունները չեն կարող վատթարանալ, որովհետև այդ հարաբերություններն առանց այդ էլ վատ են, բայց մենք պարտավոր ենք և պետք է Իսրայելի հետ աշխատենք: Մեր աշխատանքն Իսրայելի հետ պիտի լինի առաջին հերթին ԱՄՆ-ում, այլ ոչ թե Իսրայելում: Մենք պետք է փորձենք ընդհանուր շահեր գտնել, ինչու ոչ, եթե Իսրայելը պատրաստ է մեզ մատակարարել զինտեխնիկա, մենք կարող ենք նրանց հետ էլ պայմանագիր կնքել: Եթե սա կբերի Իսրայելի հետ հարաբերությունների լավացման, ապա պետք է դա օգտագործենք, որովհետև Իսրայելի պես թշնամի ունենալը մեր շահերից չի բխում: Սակայն, արդյո՞ք սա նշանակում է, որ մենք չպետք է Պաղեստինը ճանաչեինք, իհարկե ոչ. Պաղեստինի ճանաչումը բխում է Հայաստանի շահերից»:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս իրադարձությունն առնչվում է նաև արցախյան խնդրին. «Մենք վաղուց պարտավոր էինք ճանաչել և՛ Կոսովոն, և՛ Պաղեստինը, որովհետև հենց սա ունի նախադեպային նշանակություն Արցախի խնդրի լուծման համար: Մեր ԱԳՆ-ի հայտարարության մեջ տողատակերով տող առ տող կա Արցախի հայության ճակատագիրը, այն բոլոր հիմնադրույթները, որոնք դրված են այդ ճանաչման տեքստում, տողատակերով նշում են Արցախի խնդիրը և այո, մենք հետագայում կարող ենք դա օգտագործել՝ որպես նախադեպ, եթե դու պահանջում ես, որպեսզի արցախահայերի իրավունքները ճանաչեն, եթե դու այդ գիծն ունես, ուրեմն դու էլ պետք է ճանաչես ուրիշ այդպիսի երկրները, Կոսովոն և Պաղեստինն այդ երկրներից են»:

Անդրադառնալով նաև այս ամենին Թուրքիայի դրական արձագանքին՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Սա մեծ աշխարհաքաղաքական շղթայի մաս է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն այդ շղթայի մեկ մասն է, առանց դրա այս տարծաշրջանում վերջնական խաղաղություն չի կարող լինել: Սա հասկանում են և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում, և՛ ԱՄՆ-ում: Եթե Թուրքիայի շահերից է բխում, որպեսզի ՀՀ-ն ճանաչի Պաղեստինը, եթե ՀՀ-ի շահերից է բխում, որպեսզի ճանաչի Պաղեստինը և, եթե այդ ամենում կա ԱՄՆ-ի մասնակցությունը, նշանակում է, որ այս պահին մեր շահերը նույնական են, սա է ամենակարևորը»:

 

Աննա Բզնունի

24 Հունիս, 2024 13:29
Վեր