«Այս հարցը հիմա է օրակարգ բերվում, որովհետև Հայաստանի շուրջ ձևավորված իրողությունները և նաև Հայաստանի իշխանությունների որոշակի քայլերը խոսում են այն մասին, որ եվրաինտեգրումը դառնում է ՀՀ-ի համար արտաքին քաղաքականության կուրս: Պետք է նշել, որ դեռևս մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում տեղի ունեցած եվրաինտեգրման հարցերի վերաբերյալ նախորդ լսումների ժամանակ հիմնականում ձևավորվեց պատկերացում, որ դա Հայաստանի անվտանգության ապահովման, զարգացման, ապագայի միակ խելամիտ ճանապարհն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկին՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
Ղևոնդյանը նշեց, որ հանրաքվե անցկացնելու առաջարկն արել են մի քանի քաղաքական և հասարակական ուժեր, ովքեր գտնում են, որ հանրաքվեն կինստիտուցիոնալացնի Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման ճանապարհով գնալու մոտեցումը. «Մյուս կողմից պետք է նշել, որ Հայաստանն այս պահին ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի, որովհետև բազմաթիվ ստանդարտներ կան, որոնց պետք է համապատասխանի՝ սկսած ենթակառուցվածքների զարգացումից, տնտեսության դիվերսիֆիկացումից, անվտանգային համակարգում որոշակի աշխատանքից, մինչև մարդկանց գիտակցության փոփոխություն, հասարակական հարաբերություններում որոշակի արժեքային վերափոխումներ, քաղաքակրթական առումով որոշակի զարգացում և այլն: Հանրաքվե անցկացնելը տեխնիկապես իրատեսական է, սակայն իմ տպավորությամբ ՀՀ գործող իշխանությունները հակված չեն այս պահին հանրաքվե անցկացնել. երկու մոտեցում կա, որոնք հավասարարժեք հնարավոր են դարձնում եվրաինտեգրման ճանապարհն անցնելը և Հայաստանի իշխանությունները հակված են երկրորդ մոտեցմանը, ըստ որի՝ անհրաժեշտ է տնային աշխատանքը գոնե որոշ չափով իրականացնել, որից հետո նոր փաստաթղթավորման հարցերով զբաղվել»:
Մեր այն հարցին, թե այս ճանապարհով գնալն ինչ ռիսկեր կարող է առաջացնել՝ քաղաքագետն ասաց. «Փաստացի Հայաստանն արդեն իր նկրտումների մասին բարձրաձայն հայտարարել է՝ նույնիսկ առաջին դեմքի մակարդակով, և կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ ռիսկերն արդեն առաջացել են և այդ ռիսկերից շատերն արդեն տեսանելի են՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթությունում: Մի կարևոր բան կա, որի մասին մենք պետք է չմոռանանք, դա այն է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն այնպես չէ, որ ձևավորվել է առանց հաշվի առնելու բոլոր այն իրողությունները, որոնք գոյություն ունեն, ընդհակառակը, ՀՀ իշխանությունները ստիպված են եղել սկսել նման քաղաքականություն վարել 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից հետո, քանի որ նախկին գործընթացները, որոնցում ՀՀ իշխանություննրը պատկերացնում էին Հայաստանի զարգացումը, ապագան, ցույց են տվել իրենց անկենսունակությունը»:
Եվրաինտեգրման համար ՀՀ-ն ներկայումս գործուն քայլեր իրականացնում է՝ նշեց Ղևոնդյանը՝ հավելելով. «Գործուն քայլեր արվում են. ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիան, ապրիլի 5-ը և դրանից հետո տեղի ունեցած գործընթացները, միջուկային էներեգայի վերաբերյալ նոր հնարավորությունների նախագծումները, այս բոլորը քայլեր են, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ԵՄ անդամության թեկնածու դառնալու այդ փաստաթուղթն ուղարկել: Այն, որ Հայաստանի ժողովուրդն իսկապես ցանկանում է գնալ եվրաինտեգրման ճանապարհով, կարծում եմ՝ թե՛ սոցհարցումներով, թե՛ ընդհանրապես բոլորս մեր շրջապատում տեսնում ենք: Նորից եմ նշում, թե՛ այս պահին հանրաքվե անցկացնելն ու դրանից հետո տնային աշխատանքի վերադառնալը, թե՛ տնային աշխատանքն իրականացնելը հետո հանրաքվե անցկացնելը, իմ կարծիքով՝ հավասար չափով իրավունք ունեն օրակարգում լինել: ՀՀ իշխանություններն ընտրել են այն ճանապարհը, որ դրան հասնելու համար իրականացնեն տնային աշխատանքները, հասցնեն երկիրը գոնե միջանկյալ այնպիսի վիճակի, որ փոքր տարածություն մնա անցնելու, որովհետև մենք հիմա ահռելի տարածություն ունենք անցնելու ԵՄ անդամ դառնալու համար, ինչը նույնիսկ ոչ թե տարիների, այլ տասնամյակների աշխատանքի հարց է, հետո նոր գնալ փաստթղթավորման ճանապարհով»:
Ղևոնդյանն ընդգծեց, որ այս պահին հանրաքվեի անցկացումը և, օրինակ՝ թեկնածության դիմումն ուղարկելը կարող է սահմանափակել Հայաստանի հնարավորությունները. «Ի վերջո, մենք չգիտենք, թե դրան ինչպես կարձագանքի ԵՄ-ն: Ես կարող եմ կանխատեսել, որ օրինակ՝ ԵՄ-ն կարող է պատասխանել, որ մենք դեռևս շատ հեռու ենք այն չափանիշներին համապատասխանելուց, որի դեպքում իրենք կարող են քննարկել այդ անդամակցության հայտը»:
Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ այնուամենայնիվ՝ ներկայումս Հայաստանի ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի ՀՀ-ն գնա եվրաինտեգրման ճանապարհով. «Դա Հայաստանին հնարավորություն կտա ապրել ավելի լավ, քան ապրում է հիմա և դա կանխատեսելիորեն տարբեր այլընտրանքներից լավագույնն է Հայաստանի զարգացման համար: Դա վերաբերում է թե՛ անվտանգությանը, թե՛ տնտեսությանը, թե՛ սոցիալ-մշակութային, թե՛ քաղաքակրթական առումներով Հայաստանի զարգացմանը: Իհարկե, այստեղ հարցն այն է, որ ցանկացած ընտրություն իր հետ բերելու է նաև մարտահրավերներ և այն աշխատանքը, որի մասին ես նշում եմ, որ պետք է իրականացնել՝ ներառում է նաև այդ մարտահրավերներին պատասխանելը»:
Աննա Բզնունի