«Հունիսին ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող ԼՂ նախկին առաջնորդներին»,- այս մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը՝ այլ մանրամասներ չնշելով։
Zarkerak.am-ը կապ հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ՝ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով։
Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող բոլոր հայերին․ «Տեսակցությունների շրջանակում բոլոր անձանց տրվել է հնարավորություն կապ հաստատել հարազատների հետ»։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ դիտարկումներին՝ Ամատունին ընդգծեց․ «Այդ հարցերը գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, սակայն հանրային հարթակում չենք քննարկվում։ Առաջացած հարցերն ուղղում ենք պահվող անձանց համար պատասխանատու իշխանություններին հետ»։
Նա անդրադարձավ նաև ԼՂ-ում ԿԽՄԿ-ի գործունեությանը․ «Լեռնային Ղարաբաղի մեր գրասենյակը, որը 32 տարի անընդմեջ գործել է, ապրիլից կասեցրել է իր աշխատանքները։ Այժմ աշխատանքները համակարգվում են Ադրբեջանի Բարդա քաղաքի գրասենյակից»։
«ԼՂ-ում արդիական ու առկա մարդասիրական որոշակի հարցեր մինչև վերջերս մենք հիմնականում համակարգում էինք Ադրբեջանի գրասենյակի միջոցով։ Մեր այնտեղի գործընկերները հնարավորություն են ունենում տեսակցել ԼՂ-ում գտնվող անձանց, անհրաժեշտության դեպքում որոշակի աջակցություն տրամադրել, սակայն առաջիկա զարգացումների հետ կապված չեմ կարող ասել, թե ինչ կլինի»։
Ամատունին նշեց, որ նման այցելություն եղել է մայիս ամսին․ «Փորձում ենք պահպանել այցերի որոշակի պարբերականությունը՝ հաշվի առնելով տեղի իրավիճակը, անձանց կարիքները»։
Նրա խոսքով՝ մինչև վերջերս ԼՂ-ում գտնվող հայերին փոխանցվել են սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ, նաև օգնել են կապ հաստատել հարազատների հետ․ «Քանի որ մեր գրասենյակը ԼՂ-ում տեղում գործունեություն չի ծավալում, մարդասիրական մի շարք հարցերով մենք կապի մեջ ենք տեղում գործունեություն ծավալող կառույցների հետ»։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք ԿԽՄԿ-ն ունի՞ տվյալներ, թե այս պահին քանի հայ է գտնվում ԼՂ-ում․ «Չեմ կարող ասել քանի հայ է ապրում, ընդհանրապես չենք հաշվառել հայերին։ Կարող եմ նշել, որ մինչև այս տարվա սկիզբ մենք մոտ 20 հոգու օգնել ենք։ Այդ թիվը հիմա նվազել է, որովհետև որոշակի թվով մարդիկ ցանկություն են հայտնել և տեղափոխվել են Հայաստան։ Մեր կողմից այս տարվա ընթացքում երեք անձ է տեղափոխվել ՀՀ»։
Հարցրեցինք նաև, թե, արդյոք վերջին շրջանում ԿԽՄԿ-ը ստացել է հայտեր ԼՂ-ում գտնվողներից՝ Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ․ «Մենք նման հայտեր չունենք։ Համագործակցում ենք պատկան մարմինների հետ, եթե մեր ծառայությունը որպես միջնորդ անհրաժեշտ է՝ մշտապես պատրաստ ենք աշխատել քաղաքացիականների խնդիրների ուղղությամբ։ Ընդ որում, հնարավոր է իրավիճակ, որ կողմերի իշխանությունները կարողանան ինքնուրույն կազմակերպել այդ գործընթացն ու միջորդի կարիք չունենան»։
Մարիամ Մկրտչյան