Ի՞նչ անել, որ արևը «գլխին չխփի» և, հատկապես՝ ովքե՞ր պետք է զգուշանան շոգից ու արևահարությունից․ մասնագետի խորհուրդները Zarkerak - Ի՞նչ անել, որ արևը «գլխին չխփի» և, հատկապես՝ ովքե՞ր պետք է զգուշանան շոգից ու արևահարությունից․ մասնագետի խորհուրդները
Zarkerak Zarkerak - Ի՞նչ անել, որ արևը «գլխին չխփի» և, հատկապես՝ ովքե՞ր պետք է զգուշանան շոգից ու արևահարությունից․ մասնագետի խորհուրդները
Ի՞նչ անել, որ արևը «գլխին չխփի» և, հատկապես՝ ովքե՞ր պետք է զգուշանան շոգից ու արևահարությունից․ մասնագետի խորհուրդները

Ի՞նչ անել, որ արևը «գլխին չխփի» և, հատկապես՝ ովքե՞ր պետք է զգուշանան շոգից ու արևահարությունից․ մասնագետի խորհուրդները

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դեմքի, պարանոցի, մաշկի կարմրություն և չորություն, թուլություն, գլխացավ, գլխապտույտ, անհանգստություն, գրգռվածություն, ականջներում աղմուկ, քթից արյունահոսություն, սրտխառնոց, փսխում, գիտակցության խանգարումներ։ Ամռան տապին ի հայտ եկող այս ախտանշանները հուշում են,որ արևի տակ շատ եք մնացել կամ պարզապես գործ ունեք արևահարության հետ։

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանի հետ Zarkerak.am-ը զրուցել է շոգից ու արևահարությունից պաշտպանվելու մեթոդների մասին, նաև փորձել հասկանալ՝ ովքեր են հատկապես զգայուն տապի հանդեպ և չարևահարվելու ի՞նչ «ոսկե կանոններ» կան նրանց համար։  

«Արևահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արևի ճառագայթների անմիջական և երկարատև ազդեցության հետևանքով»,-բացատրում է Գայանե Ստեփանյանը։

Գայանե Ստեփանյան

Ըստ մասնագետի, թեև արևահարությունը վտանգավոր է բոլորի համար, բայց, հատկապես կան զգայուն խմբեր, որոնք պետք է զգուշանան արևի տակ տապի ժամանակ գտնվելուց․ «Քրոնիկ հիվանդություններ ունեցողները գտնվում են թիրախային  խմբում, խոսքը մասնավորապես զարկերակային հիպերտենզիա(գերճնշում),  քրոնիկ սրտային անբավարարություն ունեցողների մասին է, նաև ինսուլտ տարածների։ Ռիսկային գոտում են նաև տարեցները և երեխաները, որոնց դեպքում արևահարումն ավելի սուր է դիտվում։ Ամենաարագը երեխաներն են հակված արևահարման, որովհետև նրանց գլխամաշկն ավելի բարակ է, ավելի  նուրբ է, անոթավորումն ավելի մակերեսային է»։  

Բժշկուհին նախ առաջարկում է հետևել պարզագույն կանոնների, որոնք թե' ռիկսային խմբում գտնվողների, թե' առհասարակ բոլորի համար արևահարումից պաշտպանվելու հարցում կարևոր են․«Պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝  հատկապես ժամը 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Եթե, այնուամենայնիվ, պետք է տանից դուրս գալ, ապա անպայման կրել գլխարկ կամ ունենալ հովանոց, օգտագործել արևապաշտպաններ։ Ծերերին, երեխաներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքում,  երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում։  Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ժամերին ոչ միայն լինեն տանը, այլ նաև քնեն կամ գոնե պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը»։

Ըստ մեր զրուցակցի՝ շոգից պաշտպանվելու հարցում պակաս կարևոր չէ նաև սննդակարգին հետևելը և հեղուկներ օգտագործելը․ «Ամռան շոգին ցանկալի է օգտագործել սովորականից շատ հեղուկներ, օրական մոտավորապես 3 լիտր՝  հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Խորհուրդ է տրվում սահմանափակել կոֆեին և շաքար պարունակող հեղուկների ընդունումը՝ թե՛ տաք, թե՛ սառը վիճակում։ Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացված, քանի որ դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը»։

Բժշկուհին շտապում է կոտրել` ծարավը շատ սառը ջրով հագեցնելու կարծրատիպը․ «Չի կարելի հեղուկները շատ սառեցնել, դրանք պետք է մարմնի ջերմաստիճանին հավասար լինեն։ Նաև չի կարելի չափից շատ ջուր խմել, մեր օգտագործման նորման մինչև 2 լիտր է, շոգ ժամանակ, երբ քրտնարտադրությունն ավելանում է` մինչև 3 լիտր։ Հեղուկների ավել քանակը կարող է բերել այտուցների, մասնավորապես՝ այն անձանց դեպքում, ովքեր ունեն խնդիրների երիկամների հետ, երիկամային անբավարարություն, սրտային անբավարարություն։ Այդ հիվանդների մոտ հեղուկի հավելյալ առկայությունը կարող է ծանրացնել եղած ախտանշանները»։

Ինչ վերաբերում է սննդին՝ բժշկուհին նշում է, որ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել  ավելի թեթև, դյուրամարս սնունդ․ «Ցանկալի է օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն։ Հրաժարվել սննդից, որն այս սեզոնին դժվարացնում է նյութափոխանակությունը»։

Մասնագետը հորդորում է բոլորին հետևել տապից պաշտպանվելու և արևահարությունից խուսափելու նշված պարզ կանոններին։ Հատկապես՝ դիմում է քրոնիկ հիվանդություններ ունեցողներին՝ չմոռանալ հետևել առողջությանը և մշտապես ընդունել նշանակած դեղորայքը։

Իսկ եթե, այնուամենայնիվ, արևահարությունից խուսափել չի ստացվել, Գայանե Ստեփանյանը ներկայացնում է առաջին բուժօգնության կանոնները․«Անհրաժեշտ է տուժածին տեղափոխել հով և ստվերոտ վայր, օգնել ընդունել ավելի հարմարավետ դիրք, գլխին դնել սառը թրջոցներ, եթե հնարավոր է` ծածկել խոնավ սավանով, արձակել ճնշող կապերը, թեթևացնել հագուստը։ Եթե գիտակից է, ապա անհրաժեշտ է տալ քաղցր հեղուկներ»։

 

Մարիամ Մկրտչյան

 

27 Հունիս, 2024 15:20
Վեր