2020-ից հետո նորից տուն ունենալը երազանք էր․ սահմանամերձ Շուռնուխի նոր թաղամասը սկսել է ապրել․ տանտերերը՝ տարիների սպասումի ու գյուղը չլքելու չբեկանվող որոշման մասին Zarkerak - 2020-ից հետո նորից տուն ունենալը երազանք էր․ սահմանամերձ Շուռնուխի նոր թաղամասը սկսել է ապրել․ տանտերերը՝ տարիների սպասումի ու գյուղը չլքելու չբեկանվող որոշման մասին
Zarkerak Zarkerak - 2020-ից հետո նորից տուն ունենալը երազանք էր․ սահմանամերձ Շուռնուխի նոր թաղամասը սկսել է ապրել․ տանտերերը՝ տարիների սպասումի ու գյուղը չլքելու չբեկանվող որոշման մասին
2020-ից հետո նորից տուն ունենալը երազանք էր․ սահմանամերձ Շուռնուխի նոր թաղամասը սկսել է ապրել․ տանտերերը՝ տարիների սպասումի ու գյուղը չլքելու չբեկանվող որոշման մասին

2020-ից հետո նորից տուն ունենալը երազանք էր․ սահմանամերձ Շուռնուխի նոր թաղամասը սկսել է ապրել․ տանտերերը՝ տարիների սպասումի ու գյուղը չլքելու չբեկանվող որոշման մասին

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը սահմանային ճշգրտումների հետևանքով, բառի ուղիղ իմաստով, կիսվեց՝ շուռնուխցիների շրջանում հայտնի «Ներքևի թաղը» հայտնվեց սահմանի հակառակ կողմում։ Փոխվեց  շուռնուխցի 12 ընտանիքների կյանքը․ կորցրեցին տունը, անասնագոմերը, այգիները․ կյանքն էլ բաժանվեց պատերազմից «առաջ»-ի ու «հետո»-ի։  

2021-ի հունվարին կառավարության կողմից հայտարարվեց, որ տուն կորցրած ընտանիքների համար Շուռնուխում նոր թաղամաս կկառուցվի՝ 13 տներով։ Թաղամասի կառուցման վերջնաժամկետները պարբերաբար փոխվեցին, սկզբում նախատեսված էր ավարտել 2021-ի տարեվերջին, հետո 2022-ի վերջին, ապա 2023-ի վերջին, ի վերջո, թաղամասի կառուցման աշխատանքներն ավարտվեցին միայն այս տարի։ Օրեր առաջ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուռնուխցի 12 ընտանիքներին հանձնեց նոր տների  բանալիները, թե ով որ համարի տանը կապրի՝ որոշվեց վիճակահանությամբ։

Zarkerak.am-ը զրուցել է Շուռնուխի նոր թաղամասի բնակիչներ Վարդիշաղի և Նարինեի հետ։ Նրանք պատմել են սպասումի երեք տարիների, դժվար իրավիճակներում գյուղը չլքելու որոշման և սահմանը սեփական օրինակով ամուր պահելու մասին։

«Վիճակահանությամբ 12-րդ համարի տունը քաշեցինք, հիմա 12-ն իմ ամենասիրելի թիվն է»,-ասում է չորս երեխաների մայր 36-ամյա Վարդիշաղ Մովսիսյանը։  

Անկեղծանում է` իրենց 9-հոգանոց ընտանիքի համար նոր, մեծ տուն ունենալը երազանք էր․ «Երեք տարուց ավելի սպասում էինք տների հանձնմանը։ Մեր կորցրած տունը Ներքևի թաղի հատվածում է եղել։ Ժամանակավորապես տեղափոխվել ենք գյուղի վերևի հատված, այնտեղ ազատ տուն կար, ապրեցինք ու սպասեցինք։ Սկզբում ապրում էինք 8 հոգով, հետո դարձանք 9-ը՝ ծնվեց 4-րդ երեխաս»։

Վարդիշաղ Մովսիսյանի ընտանիքը

Վարդիշաղը պատմում է, որ դժվար է սկսել զրոյից, երբ ունեցել ես ամեն ինչ՝ տուն, անասնագոմ, այգի, արոտավայր, վարելահող ու այդ ամենը կորցրել մեկ օրում։ Բայց և նշում է՝ անգամ  բարդ  իրավիճակում, անգամ երբ տների կառուցումը թվում էր անվերջ գործընթաց, գյուղը լքելու մասին չեն մտածել․ «Եթե ես հույսս կորցնեի, 4-րդ երեխայիս չէի ունենա, ես միշտ մտածել եմ՝ կյանքը շարունակվում է։ Մենք երեխա ունեցել ենք այն մտքով, որ չենք լքելու գյուղը, եթե, նույնիսկ այս թաղամասը չկառուցվեր, մենք մի տուն վերցնելու էինք ու ապրեինք»։

Իրենց նոր տան մասին խոսելիս բազմազավակ մայրիկը նկատում է՝ հատկապես երեխաները երկար էին սպասում, ուզում էին առանձին սենյակներ ունենալ՝ իրենց ճաշակով կահավորված․ «Շատ գեղեցիկ տներ են, մենք էլ դրական էմոցիաներով ենք մտել տուն։ Հիմա տեղափոխման փուլում ենք, դեռ չենք ապրում։ Մի քիչ էլ դրսում աշխատանքներ կան անելու։ Տունը նաև բակ ունի, անասնագոմ, մեզ համար դա շատ կարևոր էր, քանի որ զբաղվում ենք անասնապահությամբ՝ ունենք ոչխարներ, կով»։

Վարդիշաղն անկեղծանում է՝ հեշտ չէ սահմանապահ գյուղերի առօրյան՝ թշնամու դեմ դիմաց ապրելը, աշխատելը ջանքեր է պահանջում․ «Հատկապես վերջին տարիներին զգոնությունը շատացել է, հոգսերն էլ են շատացել,  բայց եթե դու այս գյուղում ապրել ես  ու երջանիկ ես ապրել, ճիշտ չի  հիմա՝ այս նեղ պահին,  գյուղը թողնելը։  Գյուղը կիսվելուց հետո հեռանալու մտքեր ընդհանրապես չեն եղել։ Միգուցե, 2020-ից առաջ մտածում էինք երեխաների ուսման համար քաղաք տեղափոխվելու մասին, բայց հիմա սկզբունքի հարց է՝ չենք թողնի մեր գյուղը»։

Վարդիշաղը մեծ հույս ունի, որ տունը կորցրած բոլոր ընտանիքները կգան ապրելու իրենց նոր տներում, քանի որ  ընտանիքներից մի քանիսը գյուղից հեռացել  են՝ օրինակ Գորիս են տեղափոխվել․ «Այսպես ինչքա՞ն, եթե այս գյուղը դատարկվեց, հաջորդը դրա հետևում գտնվող գյուղը կդատարկվի ու այդպես շարունակ։ Ավելի անվտանգ տեղ կա՞ աշխարհում՝ չգիտեմ։ Ամեն դեպքում պիտի գյուղը մնա, ապրի, զարգանա, որ թեկուզ թշնամին տեսնի, որ այստեղ մարդ կա, երեխա է ծնվում, որ չմտածի գյուղն անտեր է։ Թող իմանան, որ երեխա ունեցողն ավելի զգույշ է ու ուշադիր։  Թշնամին պետք է տեսնի, որ տասից ավելի նոր տների լույսեր են վառվում այս փոքրիկ գյուղում»։

Վարդիշաղի հենց կողքի հարևանն էլ 11-րդ համարի տան բնակիչն է՝ 57-ամյա Նարինե Խուրշուդյանը։

Տիկին Նարինեն թիվ ու հաշիվը կորցրել է, թե վերջին 2 շաբաթվա ընթացքում որքան շնորհավորանքներ է ստացել․«Ես այնքան անհամբեր էի սպասում, որ մի քանի անգամ գնացել եմ շինհարապարակ՝ տեսնելու համար, թե ինչ փուլում է տների կառուցումը։ Շինարարությունը դանդաղ էր առաջ գնում, մենք էլ գիտենք, որ տարբեր խնդիրներ կային, ճանապարհին սողանքներ կային, լույս ու գազ անցկացնելու հարց կար։ Մեր տունը կորցնելուց հետո ես ու ամուսինս գյուղում դոմիկի մեջ էինք ապրում։ Էդ փոքր դոմիկում երկուսով հազիվ էինք տեղավորվում, տղաս գյուղում տուն ուներ, բայց մի տան մեջ մի քանի հոգով չէինք  տեղավորվի։ Դոմիկի պայմանները շատ վատն էին, թիթեղից էր՝ ձմեռը շատ ցուրտ էր, ամառը՝ շատ շոգ։ Ամբողջ ձմեռվա ընթացքում մենք փեջը չենք հանգցրել։ Էն փոքր պայմաններից էլ զրկված էինք՝  օրինակ՝ լողանալուց»։



Նարինե Խուրշուրդյան

Նարինեն անկեղծանում է՝ երեք տարի շարունակ նման պայմաններում անգամ թոռներին հյուրընկալելն էր դժվար, իսկ ինքը տատիկ է, սիրում է, որ ամեն ինչը տեղը տեղին լինի․ «Չէի ասի, թե արտակարգ տուն ենք ունեցել, բայց ես ու ամուսինս շատ էինք չարչարվել, տնամերձ հողամաս էլ ունեինք, անասուն էինք պահում, միայն 20 ք․մ-ի վրա գոմ էինք սարքել»։

Տիկին Նարինեն ու 63-ամյա ամուսինն արդեն մի քանի օր է նոր տանն են․ «Ուզում էինք մի օր շուտ դոմիկից դուրս գալ,  չէինք համբերում։ Հիմա մտածում ենք գոմը մի քիչ մեծացնենք, որովհետև ամուսինս հորթեր է ձեռք բերել՝ իր հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ես էլ գյուղի վարչական կենտրոնում օպերատոր եմ աշխատում»։

Երեք տարուց ավելի, ինչպես Նարինեն է պատմում, «դոմիկի» մեջ ապրելուց հետո հիմա հաճելի խառնաշփոթի մեջ են, տան ապրանքն են տեղավորում-դասավորում, հյուրեր ընդունում։ Ասում է՝ եթե անցած երեք տարիների ընթացքում գյուղը չլքեց, հիմա դրա մասին չի էլ մտածում․ «Մեր գյուղն է, հարմարվել ենք, ապրում ենք, աշխատում ենք։  Մեր սահմանը, որ մենք չպահենք, բա ո՞վ պահի։ Մեր ընտանիքում բոլորս ենք այդպես մտածում՝ ամուսնուցս սկսած մինչև դպրոցական թոռներս»։

Շուռնուխ գյուղը

Նարինե Խուրշուդյանը մտածելու մի հաճելի առիթ էլ ունի, ինչպես՞ օգտագործել տնամերձ հողամասը․ «Մտածում եմ՝ բանջարեղեն մշակեմ, ինձ մոտ դա լավ է ստացվում, երևի՝ կարտոֆիլ, բայց լոբի հաստատ աճեցնելու եմ, դե գիտեք, մեր լոբին ուրիշ է»։  

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

 

 

02 Հուլիս, 2024 14:00
Վեր