Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:
1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին Մայր օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:
Սահմանադրության փոփոխության հետ կապված քննարկումներ այժմ էլ առկա են: Հայաստանի ներկայիս իշխանությունն էլ վերջին շրջանում խոսում է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, այս հարցը ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական քննարկման առարկա է դարձել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում նույնիսկ հայտարարել է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը: Ալիևի հայտարարություններին արձագանքելով՝ ՀՀ իշխանությունները նշում են, որ դա ՀՀ-ի ներքին գործն է և որևէ մեկն իրավունք չունի դրան միջամտելու:
Իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ Zarkerak.am-ը զրուցեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության, Ալիևի պահանջների և ՀՀ-ի դիրքորոշման մասին. «Ալիևի պահանջներն ուղիղ միջամտություն են մեր ներքին գործերին և դա ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկի՝ այլ պետության ներքին գործերին միջամտելուց ձեռնպահ մնալու սկզբունքի խախտում է և, հետևաբար՝ այն չի էլ կարող քննարկման առարկա դառնալ: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, իսկ Սահմանադրության ընդունումը, փոփոխումը, հանրաքվեն՝ դրանք ինքնիշխան պետության ներքին օրակարգի բաղկացուցիչ մասեր են, հետևաբար չեն կարող այլ պետության պահանջով կամ հորդորով փոփոխության ենթարկվել, ուստի մեր արտաքին քաղաքական գերատեսչության և վարչապետի դիրքորոշումը որոշակի է, դա չի կարող քննարկման առարկա դառնալ և պայմանավորել խաղաղության գործընթացը:
Ինչ վերաբերում է Ալիևի պահանջի բուն դրդապատճառներին, ապա դա պարզապես ժամանակ ձգելու և փաստացի խաղաղության պայմանագիր չկնքելու նպատակ է հետապնդում և չմոռանանք, որ իր հայտարարության հաջորդ մասում Ալիևը կարծես ակնարկում է, որ պետությունների հարաբերությունները կարող են կառուցվել նաև առանց խաղաղության պայմանագրի կնքման, հետևաբար՝ դա ցույց է տալիս, որ Ալիևը ցանկանում է այս խաղաղության գործընթացից ստանալ այն ամենն ինչ ձեռնտու է իրեն և որևէ կերպ չկատարել որևէ քայլ, որը կբխի փոխադարձության սկզբունքից և նաև կբավարարի Հայաստանի շահերը: Ստացվում է, որ բանակցային գործընթացում Ադրբեջանն առաջնորդվում է միմիայն իր էգոիստական շահերով»:
Խալաթյանի խոսքով՝ Ալիևի այս գործողությունները պայմանավորված են արտաքին ճակատում ընթացող դինամիկ փոփոխություններով. «Ալիևը սպասման ռեժիմում է գտնվում՝ կապված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների հետ և, ըստ էության, նաև սրանից է կախված, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի նա: Ալիևն էլ է պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, սա նույնպես գործընթացը ձգձգելու միջոց է, որովհետև միայն Հայաստանին նման անհեթեթ պահանջ ներկայացնելը՝ կարծես բավարար լեգիտիմություն չունի նաև Ալիևի աչքերում, և նա ևս մի գործընթաց է գեներացնում, որը կապված է օրինակ՝ հնարավոր խաղաղության պայմանագրի վավերացման հետ, գիտենք, որ խորհրդարանը պետք է այդ պայմանագիրը վավերացնի: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը սպասողական վիճակում է և, ըստ էության՝ հույս ունի, որ նաև Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ կկարողանա Արևմուտքի ճնշումները հաղթահարել»:
Ալիևի պահանջին Հայաստանում իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը ոչ միայն հիմնավոր է, այլև միակ հնարավոր և ընդունելի տարբերակն է՝ նշեց Խալաթյանը՝ հավելելով. «Սա այն կարմիր գծերից մեկն է, որը հատել ՀՀ իշխանությունը չի կարող և ըստ էության, դա հակասում է ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության հիմնարար իրավունքներին և շահերին: Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն մի շարք պատճառներով, դրանցից մեկը Սահմանադրության լեգիտիմության վերականգնումն է, որը մինչև 2018 թվականը հասարակության մեջ խորը կասկածներ է առաջացրել իր ընդունման կարգի խախտման վերաբերյալ, խոսքը հանրաքվեների արդյունքների մասին է, որոնք հասարակության մի ստվար զանգվածի մոտ վստահություն չեն ներշնչում և երկրորդը՝ այնտեղ կան իհարկե՝ արդեն զուտ իրավաբանական բնույթի խնդիրներ, բարելավման կարիք ունեցող դրույթներ, որոնք ևս պետք է փոփոխության ենթարկվեն: Հասարակությունը պետք է ունենա Սահմանադրություն, որն ընդունված կլինի արդար և թափանցիկ հանրաքվեի արդյունքներով և նաև պետք է ունենա առավել կատարելագործված իրավաբանական տեքստ, որը կարտահայտի նաև Հայաստանի կառավարման համակարգի կարիքները և ավելի հավասարակշռված կլինի պետական իշխանության բարձրագույն մարմիների միջև լիազորությունների բաշխման առումով»:
Վարչապետի կողմից ընդունվել է որոշում, որով Սահմանադրության տեքստի մշակման ժամանակահատվածը երկարաձգվել է մինչև 2026 թվականի վերջ, անդրադառնալով այս որոշմանը՝ իրավագետը նշեց. «Վարչապետի կողմից իջեցվել է քաղաքական պատվեր, գիտենք, որ Կառավարությունը հանրաքվեի առաջարկով հանդես եկող սուբյեկտն է, այսինքն՝ նախագիծը մշակվելուց հետո ներկայացվում է նաև խորհրդարանի քննարկմանը և, հետևաբար՝ վարչապետի այս քայլը ցույց է տալիս, որ Սահմանադրության մեջ անկյունաքարային փոփոխություններ են նախատեսվում և լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այն արդեն՝ որպես ամբողջական փաստաթուղթ, ներկայացվի հանրության դատին: Ըստ էության, փոխվելու են նաև մոտեցումները, որովհետև սահմանադրական փոփոխություններն այլ գործընթաց են, խորության այլ ծավալ ունեն, իսկ նոր Սահմանադրության մշակումը լիովին նոր իրողություն է և ես կարծում եմ, որ հայեցակարգը՝ գուցե մինչև տարեվերջ հաստատվի, բայց չեմ զարմանա, եթե տեղափոխվի հաջորդ տարի, որովհետև այդ հայեցակարգն արդեն այլ բովանդակություն պետք է ունենա՝ կապված նրա հետ, որ մենք խոսում ենք արդեն նոր Սահմանադրության մասին»:
Խալաթյանն ընդգծեց, որ Մայր օրենքի փոփոխության անհրաժեշտություն ներկայումս կա. «Սահմանադրության փոփոխությունը ժամանակի հրամայական է, կարծում եմ նաև, որ եթե չլինեին պատերազմական իրադարձությունները, այս փոփոխությունները տեղի կունենային նաև ավելի շուտ, հիշում ենք, որ դեռ հեղափոխությունից քիչ ժամանակ անց անգամ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ձևավորվեց, որն արդեն նշածս հանգամանքների բերումով դադարեցրեց իր գործունեությունը, սա հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի ընդհանուր օրակարգում է տեղավորվում, որովհետև հեղափոխությունը՝ որպես քաղաքական երևույթ, տեղի է ունեցել, բայց իրավաբանական ամրագրում չի ստացել: Կարծում եմ, որ Սահմանադրությունն ունի լեգիտիմության խնդիր, իսկ Սահմանադրությամբ հիմնադրված պետական իշխանության մարմինները նման խնդիր չունեն և, սա դիսոնանս է առաջացնում, որը պետք է լուծվի նոր Սահմանադրության ընդունմամբ»:
Ընդդիմադիր շրջանակների դիտարկմամբ՝ ՀՀ իշխանության՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված հայտարարությունները, և Ալիևի ներկայացրած պահանջները կապվում են միմյանց հետ: Խոսելով սրա մասին՝ Արտաշես Խալաթյանն ասաց. «Այս հարցը հիմնականում բարձրացնում են այն շրջանակները, որոնք նախորդ քաղաքական ռեժիմն են ներկայացնում և իրենց օրոք է փոփոխվել Սահմանադրությունը, այս առումով իրենց մտահոգություններն ընդունելի չեն: Սա ներքաղաքական դիսկուրսում որոշակի դիրքավորում ձևավորելու միտում է իրենից ներկայացնում: Այստեղ նաև շատ կարևոր է, որպեսզի իշխանությունը կարողանա այս կարևոր մեսիջը՝ նոր Սահմանադրության ընդունումը, հստակ հրամցնել հասարակությանը, որպեսզի հասարակության համար էլ պարզ լինի այս գործընթացի ամբողջ բովանդակությունը: Ալիևի պահանջները կատարելու վերաբերյալ հայտարարությունները մանիպուլյացիա են և իրականության հետ որևէ կապ չունեն, բայց հանրային դաշտում դու պետք է հստակ կարողանաս տեղեկատվական գրոհների դեմ պայքարել և քո մոտեցումն ու դիրքորոշումը հստակ ներկայացնել»:
Աննա Բզնունի