Թուրքիայի հռետորաբանության մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. փորձում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ պատրաստ են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Ռուբեն Սաֆրաստյան Zarkerak - Թուրքիայի հռետորաբանության մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. փորձում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ պատրաստ են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Ռուբեն Սաֆրաստյան
Zarkerak Zarkerak - Թուրքիայի հռետորաբանության մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. փորձում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ պատրաստ են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Ռուբեն Սաֆրաստյան
Թուրքիայի հռետորաբանության մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. փորձում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ պատրաստ են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի հռետորաբանության մեջ որոշակի դրական տեղաշարժ կա. փորձում են ԱՄՆ-ին ցույց տալ, որ պատրաստ են ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորել. Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիայի գործողությունների մեջ փոփոխություններ չկան, ինչպես սահմանը փակ է, այնպես էլ մնում է փակ, ինչպես Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, այնպես էլ չի հաստատում, Հայաստանի կողմից գործողություններ կան, ինչպես գիտենք անցակետն արդեն պատրաստվել է: Հռետորաբանության առումով որոշակի տեղաշարժ ես տեսնում եմ, մանավորապես՝ Թուրքիայի կողմից կարծես թե սկսում են Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ ավելի կոնստրուկտիվ ոգով, ավելի կառուցողական խոսել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս զարգացումներին՝ ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Սաֆրաստյանի խոսքով՝ մի քանի հանգամանք է ազդել Թուրքիայի հռետորաբանության փոփոխության վրա. «Մի կողմից այն է, որ ինչպես հայտարարում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, խաղաղության պայմանագրի կնքման առումով գործընթացը բավականին առաջ է գնացել, խոչընդոտները պակասել են, իսկ Թուրքիան պաշտոնապես ամենատարբեր մակարդակով հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի: Հիմա Թուրքիան դրական է գնահատում այդ գործընթացը, դրա համար էլ որոշ չափով հռետորաբանությունը դրական առումով փոխվել է: Մյուս կողմից ես տեսնում եմ նաև հետևյալ միտումը, որ Թուրքիան Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններն ավելի սերտացնում է, իհարկե, Թուրքիան եղել է, կա և ապագայում կմնա ԱՄՆ-ի դաշնակիցը, բայց, հիմա, կարծես թե ավելի է հայտնվում Արևմուտքի և ԱՄՆ-ի ընդհանուր ռազմավարության և քաղաքականության ուղեծրում և ուժեղանում է ԱՄՆ-ի ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա: Ինչպես հայտնի է՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն միշտ էլ կողմ են եղել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, այնպես որ` ես սա դիտարկում եմ որպես երկրորդ գործոն, որը նպաստում է Թուրքիայի կողմից այս հռետորաբանությունն ավելի կառուցողական դարձնելուն: Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին ցույց տալ, որ ինքը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել»:

Մեր այն հարցին, թե բացի հռետորաբանությունից սպասելի է, որ Թուրքիայի գործողություններում դրական տեղաշարժ կլինի՝ Սաֆրաստյանն ասաց. «Թուրքիայի ղեկավարը հայտարարել է, որ ոչ մի քայլ ընդառաջ չի լինի Հայաստանի հետ հարաբերություններում, մինչև պայմանագիրը չստորագրվի, այսինքն, եթե հիմա Թուրքիան որևիցե քայլ անի, պետք է կա՛մ Էրդողանը հրապարակայնորեն իր մոտեցումը փոխի, կա՛մ էլ ուղղակի անտեսվի այդ հայտարարությունը, երկուսն էլ անհավանական եմ համարում, այնպես որ, կարծում եմ, որ դեռևս ներկա փուլում սկզբունքային փոփոխություններ Թուրքիայի դիրքորոշման մեջ չեն լինի, իրական քայլեր չեն լինի: Եթե Էրդողանը նման բան չհայտարարեր, կարող է ինչ-որ քայլեր լինեին»:

Անդրադառնալով նաև ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերություններում  որոշակի սառեցում է նկատվում, որոշակի լարվածություն կա և դա պայմանավորված է այն միտումով, որ Թուրքիան ավելի է մերձենում Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետ, ես  դրա մի քանի պատճառ եմ տեսնում, առաջինը, որ իսկապես ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ճնշումն ուժեղացրել է՝ սկսած անցյալ տարվա վերջից, մասնավորապես ֆինանսական բնագավառում, որ թուրքական բանկերը հրաժարվեն ռուսական բանկերի հետ գործ ունենալ և դա կարևոր հանգամանք է: Թուրքական բանկերն իրականացնում էին այն գործարքները, որոնք տեղի էին ունենում թուրքական և ռուսական ընկերությունների միջև, թուրքական ընկերություններն օգնում էին Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները, հիմա քանի որ թուրքական բանկերը վախենում են ամերիկյան ճնշումից, դա իջեցրել է առևտրի մակարդակը Թուրքիայի և ՌԴ-ի միջև և Ռուսաստանին հարված է, որովհետև ավելի է դժվարանում պատժամիջոցները շրջանցելը: Մյուս հանգամանքը կապված է այն բանի հետ, որ թուրքական տնտեսության զարգացման համար շատ մեծ նշանակություն ունեն Արևմուտքի ներդրումները»:

Օրեր առաջ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարեց, որ Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել և Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ Խոսելով այս հայտարարության մասին՝ թուրքագետն ասաց. «Թուրքիայի համար դեռևս սկզբունքային է մնում այն հարցը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո: Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է ոչ միայն Թուրքիային, այլև ԱՄՆ-ին:

Վերջերս ամերիկյան պաշտոնատար անձանցից հայտարարություններ ենք լսում այն մասին, որ Հարավային Կովկասը պետք է դառնա կարևոր ճանապարհ, որը կապահովի Չինաստանի և Եվրոպայի առևտրական ճանապարհը՝ շրջանցելով և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը: Սա մոտակա տարիներին դառնալու է շատ ավելի կարևոր մի պրոյեկտ, որ Հարավային Կովկասը ներգրավվի համաշխարհային գործընթացների մեջ և դրան տանող ճանապարհն առաջին հերթին անցնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: Հաշվի առնելով նաև դա՝ Թուրքիան էլ է շահագրգռված, որ դա տեղի ունենա, որովհետև Թուրքիայի դերն է այդտեղ բարձրանում: Բայց նաև Թուրքիայի համար կարևոր է խաղաղության պայմանագիրն այն առումով, որ այդպիսով թղթին կհանձնվի, ինչպես իրենք են ենթադրում, վերջին արցախյան պատերազմի արդյունքները, դրա համար դա Թուրքիայի համար նույնպես կարևոր է»:

Անդրադառնալով նաև Ֆիդանի այն հայտարարությանը, որտեղ նշում է, որ Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք հավանություն են տալիս Հայաստանին և «անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները»՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Թուրքիան անում է այն, ինչը որ հաճախակի արել է՝ քննադատում է արևմտյան առանձին երկրներին, այս դեպքում ակնհայտ է, որ խոսքը Ֆրանսիայի մասին է: Թուրքիան օգտագործում է այդ հռետորաբանությունը, որ Ադրբեջանին ցույց տա, որ նա միայնակ չէ, իսկ դա զուտ հռետորաբանություն է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները շատ ավելի բազմաշերտ են ու խորը»:

Խոսելով նաև «Զանգեզուրի միջանցք»-ի հարցի մասին՝ Սաֆրաստյանը նշեց, որ այն դեռևս Թուրքիայի օրակարգում է. «Հիմա իհարկե, քիչ է խոսվում դրա մասին, բայց իրականությունը չի փոխվում: Խնդիրն այն է, որ Թուրքիայում դեռևս կառուցված չէ երկաթգծի այն հատվածը, որը պետք է թուրքական երկաթգծերի համակարգը՝ օրինակ Կարսը կապի Նախիջևանի հետ, անցյալ տարի աշնանն Ադրբեջանի հետ ստորագրվեց համաձայնագիր և հիմա Ադրբեջանի ֆինանսավորմամբ սկսել են շինարարական աշխատանքները, իմ կարծիքով՝ երկու-երեք տարի կտևի: Մեկ է «Զանգեզուրի միջանցք» ասվածը  մնում է պրոյեկտ, այնպես որ, կարծում եմ՝ ներկա փուլում Թուրքիայի համար կարևոր է հենց խաղաղության պայմանագիրը: Ես կարծում եմ, որ միջանցքի խնդիրը կարող է հաջորդ փուլի խնդիրը լինել՝ խաղաղության պայմանագրից հետո»:

Ռուբեն Սաֆրաստյանը խոսեց նաև հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին. «Իրականում Թուրքիան քայլ չի ձեռնարկի մինչև պայմանագրի ստորագրումը: Այն, ինչ որ պայմանավորվել էին՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելը, Թուրքիան կթողնի պայմանագրի ստորագրումից հետո: Սահմանի բացումը Հայաստանին օգուտ կբերի, բայց կունենա նաև իր ռիսկերը, պետք է այդ ռիսկերը կառավարվեն»:

 

Աննա Բզնունի

08 Հուլիս, 2024 15:37
Վեր