Արմավիրի ու Արարատի մարզի ծիրանի այգիներում վերջին օրերին ծիրանի արկղերով լիքը բեռնատարներ արդեն դժվար է տեսնել։ Այգեգործները ծիրանի հիմնական բերքը հավաքել են, լավ որակը՝ հանձնել արտահանման, ապրանքային տեսքով աչքի չընկնողն էլ՝ գործարաններիին։ Zarkerak.am-ը փորձել է պարզել, թե ինչպես անցավ, այգեգործների շրջանում է հայտնի, ծիրանը «ֆուռին տալու» սեզոնը, արդյո՞ք ակնկալիքներն արդարացան և առաջարկվող վաճառքի գինը գոհացրեց արդյո՞ք կլոր տարին ծիրանի այգիներում աշխատող գյուղատնտեսներին։
«Ծիրանի պակաս չունեցանք էս տարի, դե ես սրսկումներ, պարարտանյութ ամեն ինչը տեղը տեղին արել եմ, որ գաք տեսնեք, մի հատ ռանչո ա»,- քսանից ավելի տարիներ ծիրանագործությամբ զբաղվող Արարատի մարզի Այգեզարդ գյուղից Նարեկ Այվազյանը իր «ռանչոյի» այս տարվա բերքից դժգոհ չէ։
«Ես էս տարվա արտահանման գներից էլ գոհ եմ․ ֆուռին տալու գներն օր ա էղել մինչև 1000 դրամ հասել ա, բայց հիմնականում առաջին օրերին 850 ա էղել, հետո իջել է 700, 600, մինչև 300։ Ես 30 տոննա արտահանման համար վաճառել եմ», - պատմում է Նարեկ Այվազյանը։
Ասում է՝ գիտի որ հանրապետությունում ծիրանի շատ այգիներ տուժել են մայիսյան և հունիսյան կարկտահարություններից, Այգեզարդն այդ առումով շահեկան վիճակում է․ «Մեր գյուղը փրկվեց կարկուտից, բայց գարնան անձրևները որոշ չափով վնաս տվեցին։ Անձրևն էլ տեղ-տեղ ա վնաս տվել։ Բայց մեր գյուղում կարամ ասեմ, որ բոլորի ծիրանն էլ լավ էր բռնել»։
Նարեկ Այվազյանի խոսքով, թե այս տարի, թե անցած տարի մոտ 35 տոննա ծիրան է հավաքել, եթե բնությունը մինչև վերջ «իր կողմից լիներ» ավելի շատ էր կհավաքեր․ «Մի 4-5 տոննա էլ կանսերվի եմ տվել՝ 50 դրամով, մի 2 տոննա էլ հլը կա։ 150 դրամով էլ կոմպոտի եմ տվել։ Հիմա շալախ տեսակը հավաքեցի, պրծա, մնաց սաթենիկը , բայց էդ արդեն չրի համար եմ քաղում, 1 տոննա կհավաքեմ, 250-ով էլ կծախեմ»։
Անդրադառնալով արտահանման հանձվող ծիրանի գներին՝ ըստ գյուղատնտեսի, բարձր գինը պայմանավորված է երկու գործոնով՝ ռուբլու փոխարժեքի տատանումներով ու ծիրանի բերքի ոչ շատ բարձր ցուցանիշներով, նման գներ եղել են նաև 2022-ին․ «Անցած տարի, օրինակ, մեկնարկային գինը սկսվել ա 600-ից, հետո իջել ա 400, 300։ Էս տարի մեր տեղական շուկայում «յաշիկը» վերավաճառողին տվել են 1500 դրամով, ինքն էլ տարել ա Երևան 2500-3500-ով շուկայում վաճառել ա, վերավաճառող կար ամեն օր մի տոննա տանում էր»։
Մի մտահոգություն ունի այգեզարդցի գյուղատնտեսը, գուցե, եթե այս տարի արտահանողները դրսի շուկայում ցանկալի վաճառք չունենան, հաջորդ տարի էլ այս գները չինեն։ Դրա համար էլ կարծում է՝ շատ լավ կլիներ «կոնկուրենցիա» լիներ, իրենց ապրանքն օրինակ Եվրոպա էլ գնար․ «Լավ ա՝ գոնե էս տարի Լարսի փակվել-բացվելու խնդիր չեղավ, էդ էլ ա դարդ, անցած տարի ըտենց խնդիր էղավ,արտահանողներն իրար խառնվեցին»։
Այգեզարդցի Նարեկ Այվազյանի լավատեսությունն Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից այգեգործ Պապիկը չի կիսում։ Այս տարի կարկուտը մեծ վնասներ է հասցրել իր այգուն, գյուղում էլ ծիրանն արտահանողներին են վաճառել, ըստ իրեն, ցածր գներով։
«Կարկուտն էկավ, ամեն ինչ ավիրեց, մեջից ջոկելով ենք նորմալ ծիրան գտել, բայց մեծամասնությունը տվել ենք զավոդին՝ 40-50 դրամով։ Իսկ էդ փողը մեր այգու վրա արած ծախսերի 1 տոկոսն էլ չի կազմում»,- պատմում է նա։
«Էս տարի իմ հավաքածից գոհ չեմ, ուղիղ կեսն եմ հավաքել, պետք ա 10 տոննա հանեի, հանել եմ 4-5 տոննա։ Ստացվում ա՝ բերքի մեծ մասը կորավ։ Բայց, դե էս ա, գոհ լինես, գոհ չլինես, տարբերություն չկա, Աստծու տված, Աստծու տարած։ Մեր ամբողջ գյուղի այգիներում նույն վիճակն ա, ում դաշտ մտնես խայտառակ վիճակ ա, օրը 3 տոննա հավաքում են, 2 տոննա հանում թափում են, սաղ կարկուտի խփած ա»,-սրտնեղում է այգեգործը։
Մյասնիկյանում լավ որակով ծիրանն արտահանման նպատակով վաճառել են առավելագույնը 400 դրամով․«Դրանից հետո գներն ընկան՝ դարձավ 300, 200։ Ես 5 օր եմ ծիրան վաճառել արտահանողներին։ Ամեն օր նախնական գնից 50 դրամ ընկնում էր»։
Պապիկի խոսքով, անցած տարի էլ արտահանողներն այս գնով էին տանում իրենց ծիրանը, անցած տարի էլ կարկուտի հասցված վնասի պատճառով ծիրանի բերքը քիչ էր, բայց, գոնե, բերքն ապահովագրված էր, ու փոխհատուցում ստացավ․ «Հիմա հույսներս գոնե էն ա, որ կարկուտի խփածը զավոդին տանք, մեզնից միջնորդներն են առնում, գալիս են 40 դրամով վերցնում են, էդ փող ա՞։ Վրան մի հատ էլ լաքա է լինում՝ արտահանողը չի ուզում, էդ էլ ա մեր վրա մնում»։
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից ծիրանագործ Հունան Հարությունյանն էլ այս տարի շուրջ 1,5 տոննա ծիրան է հավաքել, մեծ մասն էլ տվել է արտահանման․«Մեր մոտ առնելու պայմանները լավ էր, բարձր գներով տարան, 800 դրամից սկսած մինչև 300 դրամով վաճառել ենք։ Ես էս քանի տարի ծիրանի գործի մեջ եմ, բայց երևի առաջին տարին էր, որ գները սենց բարձր էին, դե հաշվի առեք, մեր մոտ խոսում էին որ ռուբլու կուրսն ամեն օր փոխվում ա, դրանից ա։ Ընդհանուր ժողովրդի համար լավ ա եղել, բայց արտահանողների համար թանկ ա էղել։ Խոսակցություններ կային, որ Ռուսաստանում լավ չեն ծախել, մինուս են գնացել»։
Հունանը մտահոգվում է, որ իր 2 հա այգուց կրկնակի բերք կարող էր ստանալ, եթե գարնանային անձրևները չվնասեին այգին․«1,5 տոննան քիչ ա, շատ հարցեր կան լուծելու, իսկ էսքան եկամուտով էդ ծակուծուկերը չես կարա փակես, իսկ մեր գործն էնքա՜ն ծակուծուկ ունի։ Իմ ծախածի գումարով ընտանիքիս ամբողջ հոգսը չեմ կարա թեթևացնեմ»։
Ըստ Հունանի, Քաղցրաշենի ծիրանի ապրանքային տեսքը բավականին լավն է եղել․ «Որ թեթև կետեր էլ են վրան էղել, էդ էլ են վերցրել։ Իսկ, արդեն գետնին ընկածները, խփածները զավոդին ենք տվել։ Բայց ես զավոդ չեմ գնացել, միջնորդ կա, գյուղում տոչկաներ ա դրել, գալիս հավաքում ա 50 դրամով։ Իսկ, որ գնաս գործարան հանձնես, 70 դրամով կառնեն։ Իմ մոտ էլ գետնին թափածը շատ էր, բայց չուզեցի հավաքեմ»։
Հունան Հարությունյանը նաև աշնանը պտուղ տվող ծիրանի այգիներ ունի, բայց ասում է՝ դրանից ստացվող եկամտի հետ հույսեր չի կապում, աշնան ծիրանն ավելի էժան է։
«Մոտ 12-13 տոննա բերք եմ ստացել, ամբողջը հանձնել եմ արտահանման,անցած տարի էլ էդքան ստացա»,- Արմավիրի Այգեվան գյուղից այգեգործ Հարություն Սահակյանն է պատմում։
«Մեզնից առնելու գինը լավ էր, վատը չէր, բայց, որ ասում են 800-ով առել են, էդ հատուկ ծիրանն ա եղել՝ «ատբորնի», էդ ծիրանը սամալյոտով են տանում ու քիչ են դրանից վերցնում։ Ես ըտենց ծիրան էս տարի չունեի»,-պատմում նա։
Հարությունի շալախ տեսակի ծիրանը վաճառվել է մինչև 800 դրամ, համարյա անցած տարվա նման։ Ասում է՝ հիմնական մասը Մոսկվա են տարել, բայց իր ապրանքը վատ չէ, որ ասենք ստացվեր ուրիշ երկրներն էլ տանեին, հաստատ փորձողները համից չէին կշտանա։
«700-800 կգ էլ տվել եմ գործարաններին, էն որ տեսքը լավը չէր, դրանք։ Դե կարևորը կարկուտի խփած չէր, էս տարի մեր մոտ կարկուտ չեկավ։ Բայց դե ցրտահարություն, անձրև էղավ, 5-6 տոննա բերք փչացավ»,- մտահոգվում է նա։
«Մեր այգիներում գործը վերջացրել ենք, արտահանելունը վաճառել ենք, տեղական վաճառքի սորտերն էլ հետը, մթերմանն էլ գործարանների ենք հանձնել։ Էս տարի միջին արդյունք էր, ոչ շատ լավ էր, ոչ շատ վատ»,- նկատում է այգեվանցի գյուղատնտեսը։
Անցած շաբաթ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ամփոփելով գյուղատնտեսական հիմնական ցուցանիշները, անդրադարձել էր նաև պտուղ-բանջարեղենի արտահանման այս տարվա ցուցանիշներին։
«2024 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 10 հազար տոննայով: Նախորդ տարի արտահանել ենք՝ ընդհանուր առմամբ 133 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն»,- նշել էր նա։
Անդրադառնալով արտահանված ապրանքներին՝ փոխնախարարը տեղեկացրել էր, որ նախորդ տարվա արտահանման ծավալների մեջ ծիրանի արտահանումը կազմել է 30 հազար տոննա: Այս պահի դրությամբ արդեն Հայաստանից արտահանվել է 20 հազար տոննա ծիրան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն շուրջ 1000 տոննայով ավելի է, ընդգծել էր Խոջոյանը։
Փոխնախարարը նաև փոխանցել էր, որ ՀՀ ագրոպարենային ապրանքների 58%-ն արտահանվում է Ռուսաստան:
Խոջոյանը նաև նշել էր, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնելու խնդիր կա․ «Միջազգային գործընկերները հարցնում են, թե արդյոք թարմ միրգը կամ բանջարեղենը, կամ այգիներն ունեն համապատասխան միջազգային սերտիֆիկացում, արդյո՞ք արտադրողները կարող են տալ առաջարկ՝ չափի, սորտի, տեսակի մասին: Արտադրողները դա դժվարանում են տալ»,- ասել էր նա։ Փոխնախարարն այս հարցում ևս մեկ անգամ կարևորել էր միջազգային չափանիշներին համապատասխան ինտեսնիվ այգիների հիմնումը։
Մարիամ Մկրտչյան