Իրանում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ տարավ 69-ամյա Մասուդ Փեզեշքիանը՝ հավաքելով գրեթե 16,4 միլիոն ձայն (53,3%)։ Նշենք, որ Փեզեշքիանն ադրբեջանական ծագում ունի, նրա ծննդավայրը Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգն է, հայրը էթնիկ ադրբեջանցի է:
«Փեզեշքիանի ընտրությունն անակնկալ էր»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ հավելելով. «Հաշվի առնելով՝ ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները և, ընդհանրապես հասարակության շրջանում եղած տրամադրությունները, Իրանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները, առավել կանխատեսելի էր, որ ընտրություններում կհաղթի պահպանողական թեկնածուներից որևէ մեկը, բայց ինչպես տեսանք գրանցվեց անակնկալ և բարեփոխական թևի թեկնածուն դարձավ նախագահ: Սա առաջին հերթին Իրանում իշխող վերնախավի կողմից մարտավարական քայլ էր՝ առկա աշխարհաքաղաքական իրողությունների և տարածաշրջանային զարգացումների համատեքստում, այսինքն՝ իրանական ընտրական համակարգի բնույթն այնպիսինն է, որ, եթե երկրի ղեկավարությունը ցանկանա չթույլատրել որևէ թեկնածուի հաղթանակը, նա կարող է այդ թեկնածուին ուղղակի չգրանցել որպես թեկնածու, այսինքն թույլ չտալ, որպեսզի մասնակցի ընտրություններին, բայց քանի որ թույլատրվել է և Փեզեշքիանը հաղթել է, նշանակում է՝ Իրանում կա հստակ մարտավարություն՝ փոխել արտաքին քաղաքականությունը:
Սա որոշակի առումով նաև ուղերձ է հատկապես Արևմուտքին՝ Իրանի հետ բանակցություններն ակտիվացնելու տեսանկյունից, որովհետև գիտենք, որ նախորդ պահպանողական վարչակարգի կառավարման շրջանում արձանագրվեց դիրքորոշումների կարծրացում և ի պատասխան Թրամփի վարչակազմի կայացրած որոշման՝ Իրանի միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալու վերաբերյալ, Իրանը կոշտացրեց իր դիրքորոշումը: Հիմա, քանի որ հնարավորություն կա, որ գուցե Բայդենի վարչակազմը ևս մեկ ժամկետով շարունակի կառավարել, իրանական կողմը կարծում է, որ իրավիճակը բարենպաստ է Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման կամ գուցե բանակցությունների մեկնարկի համար»:
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի կողմից քաղաքականության հնարավոր փոփոխությանը՝ Պետրոսյանն ասաց. «Տարածաշրջանի մասով Իրանի ռազմավարությունը հազիվ թե փոխվի, բայց միևնույն ժամանակ չի կարելի բացառել, որ մենք ականատես կլինենք Իրան-Ադրբեջան հարաբերությունների ավելի սերտացման: Տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն էլ այս պահին բավականաչափ ակտիվ արձագանքում է նախագահական ընտրություններից հետո արձանագրվող զարգացումներին: Իհարկե, ակնհայտ է, որ որոշակի խնդիր կար, քանի որ Ռայիսիի մահը տեղի էր ունեցել Ալիևի հետ հանդիպումից հետո, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շատ ակտիվանում է, նախ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել, ապա նաև հեռախոսազրույց է ունեցել և Փեզեշքիային հրավիրել է Ադրբեջան, բացի այդ ադրբեջանական կողմն էլ որոշել է շատ արագ կերպով վերաբացել դեսպանատունը, որը 2023 թվականի հունվարից փակ էր, այսինքն՝ սա նշանակում է, որ Ադրբեջանի քաղաքականության արդյունքում գուցե շատ ավելի սերտանան Իրան-Ադրբեջան հարաբերությունները»:
Խոսելով նաև Փեզեշքիանի ադրբեջանական ծագում ունենալու փաստի մասին՝ արևելագետն ասաց. «Կարծում եմ՝ սա երկրորդական նշանակության է, չնայած որ Ադրբեջանն ու Թուրքիան սա քարոզչական նպատակով օգտագործում են Իրանի հետ իրենց քաղաքականությունն ըստ դրա համապատասխանեցնելու համար, այսինքն՝ սառը հարաբերությունները վերանայելու համար: Բայց նորից եմ ասում՝ նախագահի էթնիկ ծագումն էական ազդեցություն չի ունենալու նրա արտաքին տարածաշրջանային քաղաքականության վրա, որովհետև այդ ոլորտը համակարգվում է երկրի հոգևոր առաջնորդի կողմից, իսկ հոգևոր առաջնորդն առնվազն ՀՀ վարչապետի հետ վերջին հանդիպման ընթացքում վերահաստատել է Իրանի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում և տարածաշրջանում»:
Խոսելով նաև ՀՀ-ի հետ տարվող ապագա քաղաքականության մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ներկայումս դժվար է ասել, թե ինչպիսի դիրքորոշմամբ Փեզեշքիանը որպես նախագահ հանդես կգա, որովհետև մի բան է, երբ նա եղել է որպես պատգամավոր, մեկ այլ բան է, երբ հանդես է գալիս որպես նախագահ, այսինքն՝ նա գործելու է պետության շահերից, իսկ պետության շահերն այս պահին թելադրում են որպեսզի Հայաստանի հետ հարաբերություններն ավելի խորանան և դա, ըստ էության, ռազմավարական մոտեցում է իրանական կողմից՝ հաշվի առնելով տարածաշրջանային մրցակցությունը: Չպետք է մոռանալ նաև Ռուսաստանի գործոնը, որովհետև մենք գիտենք, որ Ռուսաստանը ևս շարունակում է մասնակցել տարածաշրջանային մրցակցությանը և այստեղ շատ կարևոր քայլեր է իրականացնում Իրանի ուղղությամբ 3+3-ի տեսանկյունից, դրան գումարած Հյուսիս-հարավ միջանցքի հետ կապված հարցում, այսինքն՝ միանշանակ չէ, որ ենթադրենք, եթե Փեզեշքիանը թուրքախոս է, ապա դա ազդելու է նրա Հայաստանի դեմ տարվող քաղաքականության վրա: Նա արդեն երկրի նախագահ է և ենթարկվում է այն ռազմավարական շեշտադրումներին, որոնք արվում են երկրի գերագույն առաջնորդի կողմից»:
Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմն էլ իր անելիքն ունի. «Հայկական կողմը մեծ անելիքներ ունի այս ուղղությամբ և պետք է գերակտիվ նախաձեռնողականություն դրսևորի, որովհետև տեսնում ենք, որ տարածաշրջանում ընթացող մրցակցության համատեքստում՝ հաշվի առնելով Իրանի կարևորությունը տարածաշրջանային զարգացումների մասով, Հայաստանի անվտանգության հետ կապված և Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական ուղերձները, ակնհայտ է, որ նրանք փորձելու են ամեն կերպ ազդել Իրանի դիրքորոշման վրա, հետևաբար՝ հայկական կողմն էլ պետք է իր շահերի համատեքստում ջանքեր գործադրի երկկողմ համագործակցությունն ավելի խորացնելու և տարածաշրջանի անվտանգության մասով Իրան-Հայաստան ներդաշնակ շահերն առաջ մղելու նպատակով»:
Աննա Բզնունի