Կառավարությունն առաջարկում է հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ: Հուլիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը։
Նրա խոսքով՝ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվելու է միջին անվտանգային գոտու խիստ միջոցների համար նախատեսված պայմաններում, որն է խցայինը:
«Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար ենք համարում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկված անձինք»,- ասաց Բալյանը և հավելեց, որ առաջարկվող կարգավորումներով դատապարտյալը պահվելու է իր համար նախատեսված մեկուսացված խցում:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով` բժշկական օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում:
«Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու է «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը»,-նշեց Բալյանը։
Փոխնախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման կարգը:
«Քրեական արդարադատության և քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ իրականացումը, որը հիմք է վերասոցիալականացման անհատական ծրագրի մշակման և իրականացման համար:
Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման աշխատանքները սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից և հիմնվում է նրա ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների վրա»,-եզրափակեց Բալյանը։