«Այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում պետք է անցնեն աշխատանքի, արդյո՞ք դուք ժամանակին այդ աստիճան տիրապետել եք Ղարաբաղում այդ կառույցին, այդ անձերին, որոնց այդպես հեշտությամբ մենք կարող ենք վերցնել մի այլ հարթակ, մի այլ կառույց, մի այլ կառուցվածք, որն ավելի խոշոր է եղել, որն ավելի կարևոր է եղել, որն ավելի թելադրող է եղել»,- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին, նման դիտարկում հայտնեց այն հարցի շուրջ, որ նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին անցնել աշխատանքի ՀՀ ԱԱԾ-ում։
Պատգամավորը նշեց․ «Դուք արդյո՞ք այս ամեն ինչից հետո այս պատկերացումներն ունեք, որ այդ մարմիններն էլ են թերացել աշխատանքում և այդ մարմինների աշխատակիցների թերացումներն էլ կա։ Մենք հիմա իրենց վերցնում ենք, որ նորից նույն մեթոդով համակարգ լինի, թե՞ մեզ ավելի ճիշտ է, որ նոր կադրեր վերցնենք նոր Հայաստանի ազգային անվտանգության գիտակցությամբ, Հայաստանի պետության պաշտպանության գիտակցությամբ, պետության կարևորության գիտակցությամբ, թե՞ նորից այդ 30 տարվա գիտակցությամբ ենք շարժվելու»։
Սիմոնյանը նկատեց, որ կարևոր հարցադրում է արվում և պարզաբանեց․ «Այս լրացումը չի հանգեցնելու նշված կատեգորիայի անձանց մեխանիկորեն նշանակմանը ՀՀ ԱԱԾ մարմիններում, ընդամենը օրենքի լրացմամբ հնարավորություն ենք ստեղծում, որ նշված կատեգորիայի անձինք հնարավորություն ունենան աշխատանքի անցնելու, սակայն դիմումից հետո նույն ստուգման պրոցեսը, ինչպես ՀՀ այլ քաղաքացին կանցնի, նույն ձև ստուգվելու է։ Իսկ որոշումները կայացվելու են կոնկրետ դեպքերով պայմանավորված, այսինքն՝ մեխանիկական տեղափոխման կամ նշանակման չի հանգեցնելու, կարծում եմ՝ այդ առումով ձեր կասկածները փարատվեցին»։
«ՀՀ-ն պետություն է, կապ չունի այս պահին կամ որևէ պահի որ գերատեսչության ղեկավարն ով է։ ՀՀ ԱԱԾ մասնագետները պետք է ամեն տեղ լինեն, և շատերը չգիտակցելով դա մտածում են, թե «սովետի» ժամանակներն են։ Բայց, դա ՀՀ-ի անվտանգության ապահովմանն է վերաբերում, Ազգային անվտանգության մարմիններից այս կամ այն մարմիններում պետք է լինեն մասնագետներ, որ հասկանան՝ այդ պետական մարմնի վրա ինչ հարձակումներ են լինում, ինչ կարգի մարդկանց հետաքրքություն կա, ի՞նչ կարգի փաստաթղթեր են ուզում այդ մարմնից վերցնել»,- արձագանքեց Սուքիասյանը։