Եվրո-2024-ը ֆուտբոլային տոն էր դարձել նաև ՀՀ-ում. Իսպանիայի կանխատեսված չեմպիոնությունը, Վրաստանի թիմի ֆենոմենն ու Յամալի ֆանտաստիկ խաղը՝ Արթուր Ոսկանյանի մեկնաբանությամբ Zarkerak - Եվրո-2024-ը ֆուտբոլային տոն էր դարձել նաև ՀՀ-ում. Իսպանիայի կանխատեսված չեմպիոնությունը, Վրաստանի թիմի ֆենոմենն ու Յամալի ֆանտաստիկ խաղը՝ Արթուր Ոսկանյանի մեկնաբանությամբ
Zarkerak Zarkerak - Եվրո-2024-ը ֆուտբոլային տոն էր դարձել նաև ՀՀ-ում. Իսպանիայի կանխատեսված չեմպիոնությունը, Վրաստանի թիմի ֆենոմենն ու Յամալի ֆանտաստիկ խաղը՝ Արթուր Ոսկանյանի մեկնաբանությամբ
Եվրո-2024-ը ֆուտբոլային տոն էր դարձել նաև ՀՀ-ում. Իսպանիայի կանխատեսված չեմպիոնությունը, Վրաստանի թիմի ֆենոմենն ու Յամալի ֆանտաստիկ խաղը՝ Արթուր Ոսկանյանի մեկնաբանությամբ

Եվրո-2024-ը ֆուտբոլային տոն էր դարձել նաև ՀՀ-ում. Իսպանիայի կանխատեսված չեմպիոնությունը, Վրաստանի թիմի ֆենոմենն ու Յամալի ֆանտաստիկ խաղը՝ Արթուր Ոսկանյանի մեկնաբանությամբ

Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ը գրեթե մեկ ամիս ողջ աշխարհի ֆուտբոլասերներին պահում էր լարվածության մեջ: Ֆուտբոլային տրամադրություն էր նաև Հայաստանում, Երևանի ժամանցի վայրերը երեկոյան ժամերին լեփ-լեցուն էին տարբեր հավաքականների մարզաշապիկներ կրող երկրպագուներով, կարելի է ասել՝ Եվրո-2024-ը ֆուտբոլային տոն էր դարձել նաև մեր երկրում:  

Բազմաթիվ էմոցիաներ, ֆանտաստիկ գոլեր, ցավոտ պարտություններ ու սպասված հաղթանակներ. Եվրո-2024-ի արդյունքների, թիմերի ցուցադրած խաղերի և առաջնության բացահայտումների մասին Zarkerak.am-ը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոայի» նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ:

Արթուր Ոսկանյան

«Եվրո-2024-ի հետ կապված աժիոտաժը շատ մեծ էր: Այս առաջնությունում շատ թիմեր էին մասնակցում, երկրպագուների թիվն ավելի էր մեծացել, Հայաստանում նույնպես շատ հետաքրքրված էին, առաջին անգամ եմ հիշում, որ այսպես կազմակերպված, տարբեր տեղերում մեծ էկրանների առջև ժողովուրդը հավաքվեր ու նայեր խաղերը, դա էլ էր ուրախալի, որ Հայաստանն էլ է ապրում այդ առաջնությունով: Ես մինչև առաջնության սկիզբն ասում էի, որ բոլոր հավաքականներն էլ հիմա ուժեղ են, թույլ հավաքականներ չկան, անգամ նրանց, որոնց համարում ենք թույլ, պայքար կտան անգամ թոփ հավաքականների հետ, այդպես էլ եղավ, անգամ Վրաստանի ընտրանին կարողացավ հաղթել Պորտուգալիային,  Սլովակիան, Սլովենիան կարողացան դիտարժան ֆուտբոլ ցույց տալ այնպիսի թիմերի դեմ խաղում, ինչպիսիք էին Անգլիան, Ֆրանսիան: Հիմա բոլոր հավաքականները պաշտպանությունը լավ կարողանում են տանել առաջ ու դժվար է լինում նման հավաքականներին գոլեր խփել, բայց, նաև նախքան առաջնության սկիզբը, ես շեշտում էի, որ այն թիմը, որն իր թոփ ֆուտբոլիստներով կարողանա թիմային ֆուտբոլ խաղալ՝ նա էլ կհաղթի»:

Եվրո-2024-ի եզրափակիչ կարողացան հասնել Իսպանիայի և Անգլիայի հավաքականները, երկու թիմերն էլ ֆուտբոլասերների մեծ բանակ ունեին և խաղադաշտում ու դրանից դուրս երկրպագության պակաս չեղավ: Չնայած Անգլիայի հավաքականում առանձին վերցրած թոփ ֆուտբոլիստների փայլուն խաղին, Իսպանիան կարողացավ բնավորություն ցույց տալ և թիմային խաղով 2-1 հաշվով հռչակվեց Եվրո-2024-ի հաղթող. «Ես առաջնությունից առաջ ասել էի, որ Իսպանիայի հավաքականն է թիմային ֆուտբոլ խաղում, նշում էի, որ Անգլիայի հավաքականն ունի շատ լավ ֆուտբոլիստներ բոլոր դիրքերում, բայց դեռ թիմային ֆուտբոլ չի կարողանում խաղալ ու իմ կարծիքով՝ այդպես էլ չկարողացավ, քանի որ առանձին ֆուտբոլիստներով Անգլիան ավելի ուժեղ էր, քան Իսպանիան, բայց որպես թիմ իր խաղաոճով՝ Իսպանիան ավելի հզոր էր ու դա ապացուցեց հենց եզրափակչում: Նույնը կարող եմ ասել Գերմանիայի, Ֆրանսիայի մասին, որոնք նույնպես ինձ համար ֆավորիտ էին, նրանք էլ չկարողացան թիմային ֆուտբոլով հասնել եզրափակիչ:

Իսպանիայի հավաքականը գեղեցիկ ֆուտբոլով ցույց տվեց, որ այս պահի դրությամբ ինքն ուժեղ է բոլորից: Ֆուտբոլը փոխվել է, հիմա անգամ թոփ թիմերը սկսել են զգույշ խաղալ, ավելի կարևոր է դարձել արդյունքը, քան դիտարժանությունը, տարիներ առաջ միշտ թոփ ակումբները, երբ գոլ էին խփում, նորից հարձակվում էին ու աշխատում էին երկրորդը, երրորդը խփել, իսկ հիմա մեկ գոլ են խփում ու սկսում են հանգիստ պաշտպանությունում սխալ թույլ չտալ: Իսպանիայի հավաքականը հենց դրանով էր տարբերվում, որ անգամ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելու դեպքում էլի գնդակը վերահսկում էր ու փորձում երկրորդ, երրորդ գոլը խփել»:

Ոսկանյանի խոսքով՝  Իսպանիան արժանի էր հաղթանակի. «Անգլիայի հավաքականն ավելի հեշտ ճանապարհ անցավ, քան Իսպանիան, ստացվեց այնպես, որ Իսպանիան խաղաց բոլոր ուժեղագույնների հետ, իսկ Անգլիայի դեպքում միայն Հոլանդիայի հետ խաղն էր բարդ, մնացածները դժվար հավաքականներ չէին: Իմ կարծիքով՝ Անգլիայի փոխարեն կարող էր Գերմանիան լինել, որովհետև ավելի ուժեղ էր: Պարզապես, այստեղ Անգլիայի հավաքականի անհատ ֆուտբոլիստներն ինչ-որ ժամանակի ընթացքում հարց լուծեցին, բայց Իսպանիան միանշանակ ինձ համար ֆավորիտ էր»:

Մեր այն հարցին, թե ով էր Եվրո-2024-ի բացահայտումը՝ որպես ֆուտբոլիստ և որպես թիմ՝ Արթուր Ոսկանյանն ասաց. «Երևի բոլորս էլ տեսանք իսպանացի 16-ամյա Լամին Յամալին, նա առաջնության ամենաերիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստն էր ու ամենօգտակարը եղավ իր թիմի համար: Թիմային խաղի շնորհիվ Յամալը չորս գոլային փոխանցման հեղինակ դարձավ, սա արդեն պատանի ֆուտբոլիստի համար մեծ ձեռքբերում էր: Թիմային խաղի շնորհիվ նրա որակներն ավելի լավ երևացին, թե՛ Գերմանիայի, թե՛ Անգլիայի հավաքականներում կային երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց նրանք այդպես չերևացին, ինչպես Յամալը: Ֆուտբոլում հիմա թիմերն ավելի հավասար են, եթե մենք տարիներ առաջ գիտեինք, որ ֆավորիտներ են՝ օրինակ՝ 5-6 հավաքականներ, որոնք ուժեղ են և սպասելի էր, որ նրանք խմբից հեշտ դուրս կգան, կհասնեն եզրափակիչ՝ հիմա շատ դժվար է, Իտալիան, Խորվաթիան շուտ դուրս մնացին, այս հավաքականներն արդեն ցույց են տալիս, որ ֆուտբոլը հավասարվել է ու ցանկացած թոփ ակումբի հետ կարելի է խաղալ, տրամադրվել այդ խաղին և հաղթել:

Շեշտեմ Վրաստանի օրինակը․ նրանք Պորտուգալիայի նման հավաքականին հաղթեցին: Եթե առաջնությունից առաջ ինչ-որ մեկին ասեին, որ Վրաստանը կարող է հաղթել թոփ հավաքականի, ոչ մեկը չէր հավատա, բայց տեսանք, որ դա եղավ ու նրանք արժանի հաղթանակ տարան: Վրաստանի դեպքում նվիրվածությունն էր, թիմային խաղն էր, նրանք ամեն ինչ դրեցին դաշտում, պայքարեցին, պաշտպանությունում լավ խաղացին, հիմնականում հակագրոհների վրա խաղացին, բայց դա էլ մի քայլ առաջ էր: Իրենք ունեին տաղանդավոր ֆուտբոլիստներ, բայց ամենակարևորը՝ իրենք խաղում էին թիմային ֆուտբոլ»:

Ոսկանյանի խոսքով՝ մեր հավաքականն էլ նույն մակարդակի հավաքական է, ինչպիսին Վրաստանինն է և մենք էլ, եթե դուրս գանք նման առաջնություն, կկարողանանք մեծ նվիրումով ֆուտբոլ ցույց տալ. «Իհարկե, Վրաստանի խաղը մեզ համար կարող է օրինակ ծառայել, ուղղակի այդ ճանապարհով գնալու համար պետք է կայունություն, պետք է հավատ ու դա շատ կարևոր է՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, կարևոր է մի ծրագրով առաջ գնալը, այլ ոչ թե անընդհատ ինչ-որ փորձարկումներ անել, մենք էլ ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք կարող են լավ խաղ ցուցադրել նման առաջնություններում ու համոզված եմ, որ մի օր էլ մենք ենք ունենալու առիթ՝ նման առաջնությունում մեր հավաքականին տեսնելու, ուղղակի համախմբվածություն է պետք, հավատ, ճանապարհից չշեղվել ու գնալ մինչև վերջ»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ ճանապարհին հայկական ֆուտբոլում պետք է շատ փոփոխություններ լինեն, իսկ թե որոնք են դրանք՝ Ոսկանյանն ասաց. «Մենք երկար տարիներ մանկապատանեկան ֆուտբոլից ենք խոսում, բայց իմ կարծիքով՝ դեռ մանկապատանեկան ֆուտբոլում ոչ մի առաջընթաց չենք տեսել, ամենաառաջինը դա է, որ մենք մանկապատանեկան ֆուտբոլում պետք է տեսնենք թիմեր, որոնց մեջ մրցակություն լինի՝ սկսած մարզերից մինչև Երևան: Ակադեմիաները պետք է ունենան ծրագիր, որ այդ ծրագրով աշխատեն, եթե հետևենք մեր այն ակումբներին, ովքեր ունեն ակադեմիա,  6 ամիսը մեկ, տարին մեկ՝ անընդհատ փոխում են իրենց ակադեմիայի ծրագրերն ու անընդհատ ծրագրից շեղվում են, այլ ծրագիր են անում, այսինքն՝ ոչ մի ակումբ մի ծրագրով առաջ չի գնում ու հավատում դրան մինչև վերջ, սա էլ խնդիր է: Սրանք բացթողումներ են, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձվի: Շատ կարևոր է, որ Հայաստանի առաջնությունում մեր հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղան, սա նույնպես ազդում է Հայաստանի հավաքականի վրա, այսինքն՝ այս հարցերը պետք է լուծվեն, նոր հասնենք ազգային հավաքականին: Հավաքականում ևս ունենք բացթողումներ, ինչու պետք է մեր հավաքականում չխաղային օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը, ամենակարևորն այն է, որ ազգային հավաքականը մեր ամբողջ ազգինն է ու մենք բոլորս ենք մեղավոր, որ այդ ֆուտբոլիստներն այսօր չեն խաղում»:

Մեր պատանի ֆուտբոլիստներն էլ շատ տաղանդավոր են՝ նշեց Ոսկանյանը՝ հավելելով. «Մենք էլ ունենք շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ հավաքականում: Շատ կարևոր է, թե ինչպես են աշխատում այդ ֆուտբոլիստների հետ, թե ինչպես  կդաստիարակեն այդ ֆուտբոլիստներին՝ թե՛ մտածելակերպով, թե՛ խաղային որակներով: Մեզ մոտ կան պատանի ֆուտբոլիստնեեր, մենք նրանց ասում ենք, որ շատ տաղանդավոր են, սկսում ենք նրանց շատ տեղ տալ, հետո, երբ ինչ-որ պահի նրանք սխալ են թույլ տալիս, նրանց այլևս խաղալու հնարավորություն չենք տալիս: Այդ ճանապարհին պետք է ճիշտ աշխատել, եթե սխալ է արել, պետք է պատժել, բայց նրան հասկացնելով, թե ինչպես պետք է աշխատել դրա վրա, որպեսզի հասնի արդյունքի: Պատանի ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տալ»:

Արթուր Ոսկանյանն ազգային հավաքականի պարագայում նաև շատ կարևորեց թիմային խաղը, հանդերձարանում տիրող մթնոլորտն ու մարզչի դերը. «Այսօրվա ֆուտբոլիստները պետք է լինեն թիմ, ընտանիք, շատ կարևոր է, որ այդ ընտանիքում չլինեն խնդիրներ, այսինքն՝ այդ թիմը մտածի ուղղակի ֆուտբոլ խաղալու մասին: Մեր հավաքականի դեպքում էլ այդպես է, որ խաղում ոչ մի խնդիր չի լինում, մեր տղաները խաղում են ամբողջ թիմով, նվիրվածությամբ՝ մենք շատ լավ արդյունք ենք ցույց տալիս, իսկ երբ սկսվում են ինչ-որ խնդիրներ ի հայտ գալ՝ այդ ժամանակ սկսվում են մեր սխալները: Շատ կարևոր է նաև մարզչի դերը․ նա պետք է ֆուտբոլիստներին բացատրի, որ բոլորն էլ թիմի համար կարևոր են, օրինակ՝ մի ֆուտբոլիստ կարող է խաղալ 90 րոպե, իսկ մյուսը 3 րոպե, բայց 3 րոպեում դու կարող ես գոլ խփել ու քո աշխատանքը հավասարեցնել այն ֆուտբոլիստին, ով խաղացել է 90 րոպե»:

 

Աննա Բզնունի

16 Հուլիս, 2024 16:23
Վեր