Մաշկային ու սնկային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ և այլ «անակնկալներ»․ ի՞նչ ռիսկեր են պարունակում զովացնող լողավազանները և ինչպե՞ս պաշտպանվել  դրանցից Zarkerak - Մաշկային ու սնկային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ և այլ «անակնկալներ»․ ի՞նչ ռիսկեր են պարունակում զովացնող լողավազանները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից
Zarkerak Zarkerak - Մաշկային ու սնկային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ և այլ «անակնկալներ»․ ի՞նչ ռիսկեր են պարունակում զովացնող լողավազանները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից
Մաշկային ու սնկային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ և այլ «անակնկալներ»․ ի՞նչ ռիսկեր են պարունակում զովացնող լողավազանները և ինչպե՞ս պաշտպանվել  դրանցից

Մաշկային ու սնկային հիվանդություններ, ալերգիկ ռեակցիաներ և այլ «անակնկալներ»․ ի՞նչ ռիսկեր են պարունակում զովացնող լողավազանները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից

Ամառվա շոգի «չեզոքացման» հարցում շատերի համար լավագույն լուծումը լողավազաններ են։ Բայց, գաղտնիք չէ, որ ամառվա տապի ժամանակ հովացնելիս՝ լողավազանները տհաճ «անակնկալներ» կարող են մատուցել՝ առաջ բերելով առողջության համար տարբեր ռիսկեր։

Zarkerak.am-ը  լողավազաններից օգտվելիս առաջ եկող հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին զրուցել է ՀՎԿԱԿ Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի հետ։ Մեզ հետ զրույցում Գրիգորյանը նախ հորդորում է օգտվել միայն այն լողավազաններից, որոնք ունեն շահագործողներ և դրանց վիճակի համար պատասխանատուներ։ Մասնագետը հորդորում է մի լավ մտածել  ամեն պատահած լողավազան ցատկելուց առաջ։

«Երևան քաղաքում կան որոշակի շատրվաններ, որտեղ երեխաներ են լողանում, բայց դրանք լողավազան չեն և վտանգավոր են այնքանով, որ դրանց սպասարկմամբ զբաղվողներ չկան։ Իսկ անգամ շենքերի բակերում գտնվող լողավազանների համար պետք է լինեն պատասխանատուներ, որոնք ըստ հավանակության համատիրություններն են, կամ շենքերի շահագործման պատասխանատուները․ իրավական տեսանկյունից այս մարմինները պետք է վերահսկեն լողավազանները, զբաղվեն դրանց պահպանմամբ, մաքրմամբ»,- ասում է մեր զրուցակիցը։

Ռուբեն Գրիգորյանը հորդորում է` օրինակ` երևանյան բակերում գտնվող լողավազաններից օգտվելիս ավելի քան ուշադիր լինել, ստուգել՝ արդյոք ջուրն ընդհանրապես ենթարկվում է քլորացման, վարակազերծման, թե՞ ջուրն օրերով մնում է բաց երկնքի տակ՝ կլանելով կեղտ, փոշի, տարատեսակ վարակների հարուցիչներ։  

Ռուբեն Գրիգորյանը կարևորում է մի քանի պարզ կանոնների իմացությունը․

«Իհարկե, շատ կարևոր է տնտեսվարողի բարեխղճությունը, քանի որ լողավազաններից օգտվելը մի շարք ռիսկեր է պարունակում՝ մասնավորապես՝ որոշակի հիվանդություններով վարակվելու տեսանկյունից՝ օրինակ՝ կարող են առաջ գալ մաշկային, սնկային տարբեր հիվանդություններ։ Եթե լողավազանի ջուրը վարակված է որոշակի հարուցիչներով, վնասված մաշկով  լողալու ժամանակ այդ հարուցիչները կարող են ներթափանցել օրգանիզմ։ Կամ գաղտնիք չէ, որ լողալիս հնարավոր է պատահական ջուր կուլ տալ, որն էլ, ներթափանցելով մարսողական համակարգ, կարող է հանգեցնել աղիքային խնդիրների։  Հնարավոր է, որ  ի հայտ գան ալեգիկ ռեակցիաներ, այդ թվում՝ աչքերի եղջերաթաղանթի, շնչառական համակարգի, վերին շնչուղիների։ Իրականում, ռիսկերն ու վտանգները տարբեր են՝  կախված լողավազանի աղտոտվածության աստիճանից»,- նշում է մասնագետը։ Ըստ նրա, եթե լողավազան այցելելուց հետո առողջական նշված խնդիրներն ի հայտ են եկել՝ ինքնաբուժությունը լավագույն լուծումը չէ, ցանկալի է դիմել  մասնագետի։

Մեր զրուցակիցը պարզաբանում է, թե ինչպես պետք է պաշտպանվել վերոնշյալ ռիսկերից․ «Առաջին հերթին՝ մարդու գիտակցությունը պետք է հուշի, որ  վնասված մաշկով, որոշակի հիգիենիկ խնդիրներ ունենալու դեպքում լողավազան չմտնի։ Իսկ ջրից դուրս գալուց հետո էլ միանշանակ անհրաժեշտ է ընդունել լոգանք․ նախ  դա առաջին հերթին հիգիենա է և նաև հնարավոր աղտոտվածությունը մաշկից վերացնելու հնարավորություն»։

Մասնագետը նաև նշում է, որ հայաստանյան լողավազաններում չկա վերահսկողություն, թե անձն օրինակ՝ հիգիենիկ ինչ վիճակով է մտնում ջուրը, ուստի յուրաքանչյուր օգտվող ինքն է իր համար պատասխանատու։

Իսկ, ինչպես  է հնարավոր հասկանալ, արդյոք  լողավազանից  առհասարակ կարելի է օգտվել, թե ոչ։ Ըստ Ռուբեն Գրիգորյանի, նախ պետք է ընտրել այնպիսի վայրեր, որտեղ լողավազանը շահագործվում է սանիտարական նորմերին և կանոններին համապատասխան, ջուրը վարակազերծվում է, պարբերաբար մաքրվում է․ «Եթե այս բոլոր քայլերն արվում են, ռիսկերը մոտենում են զրոյի»։

Գրիգորյանի խոսքով,  անզեն աչքով հնարավոր չէ  լիարժեք հասկանալ, թե սանիտարահիգիենիկ ինչ վիճակում է գտնվում լողավազանը, բայց երեք ցուցիչներ կան, որոնց պետք է ուշադիր լինել՝  ջրի հոտ, համ և գույն․ «Լողավազանի վիճակը կարող ենք հասկանալ տեսնելով արդյոք ջուրը պղտոր է, թե ոչ և նաև՝ ըստ հոտի, որը հուշում է քլորի քանակության մասին։ Եթե քլորի սուր հոտ է գալիս, նշանակում է, որ առկա է գերքլորացում, սա մի կողմից խոսում է այն մասին, որ տնտեսվարողը լողավազանի ջուրը փորձել է հնարավորինս վարակազերծել։ Սակայն, գերքլորացումն էլ իր հերթին է վտանգավոր, քանի որ կարող են ի հայտ գալ աչքերի եջերաթաղանթի  կարմրություն, վերին շնչառական հատվածի խնդիրներ, ալերգիկ ռեակցիաներ»։

Ըստ նրա, թերքլորացումն էլ հաջորդ վտանգավոր ծայրահեղությունն է․ «Թերքլորացումն արդեն խոսում է այն մասին, որ ջրում որոշակի վտանգավոր մանրէների թվի աճի ռիսկ կա, դրանք էլ իրենց հերթին կարող են հանգեցնել տարբեր հիվանդությունների»։    

 

Մարիամ Մկրտչյան

 

 

16 Հուլիս, 2024 15:58
Վեր