Զբոսաշրջության ոլորտի վերջին ցուցանիշները. ի՞նչ նոր ուղղություններ են բացվել, ո՞ր երկրներից են ավելի շատ եկել ՀՀ և ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկա ամիսների համար Zarkerak - Զբոսաշրջության ոլորտի վերջին ցուցանիշները. ի՞նչ նոր ուղղություններ են բացվել, ո՞ր երկրներից են ավելի շատ եկել ՀՀ և ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկա ամիսների համար
Zarkerak Zarkerak - Զբոսաշրջության ոլորտի վերջին ցուցանիշները. ի՞նչ նոր ուղղություններ են բացվել, ո՞ր երկրներից են ավելի շատ եկել ՀՀ և ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկա ամիսների համար
Զբոսաշրջության ոլորտի վերջին ցուցանիշները. ի՞նչ նոր ուղղություններ են բացվել, ո՞ր երկրներից են ավելի շատ եկել ՀՀ և ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկա ամիսների համար

Զբոսաշրջության ոլորտի վերջին ցուցանիշները. ի՞նչ նոր ուղղություններ են բացվել, ո՞ր երկրներից են ավելի շատ եկել ՀՀ և ի՞նչ կանխատեսումներ կան առաջիկա ամիսների համար

2024 թ-ի հունիսին Հայաստան է այցելել՝ 180,718 զբոսաշրջիկ, նախորդ տարի հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է ավելին՝ 199,159։ 2024 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%): Այս մասին տեղեկացնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

Հիշեցնենք, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ, ինչը 14 206 այցելուով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների գրեթե կեսը՝ 42%-ը, եղել են Ռուսաստանից։

Զբոսաշրջիկների թվի նվազման, դրանց վրա ազդող գործոնների և արվող աշխատանքների մասին Zarkerak.am-ը զրուցեց Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ. «Այո, 2024 թվականի առաջին եռամսյակում նվազումը եղել է մոտ 3%, իսկ արդեն կիսամյակի տվյալներով ավելի քան 5% է նվազել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Դրա վրա ազդող համալիր գործոններ կան՝ և՛ աշխարհաքաղաքական իրողությունները, և՛ անվտանգային խնդիրը, և՛ նաև ՀՀ-ում գների բարձրացումը: Հայաստանը շատ երկրների արտգործնախարարությունների կայքերում ցավոք, դեռևս ներկայացված  է կարմիր եզրագծերով, այն է՝ ոչ այնքան անվտանգ երկիր, ինչը, հատկապես՝ բացասական է անդրադառնում դեպի Հայաստան կազմակերպված զբոսաշրջության վրա:

Բացի այս գործոնը, զբոսաշրջիկների թվի նվազմանը նպաստել է նաև մեզ մոտ գների զգալի աճը: 2022-23 թվականներին սկսվեց ընդհանուր գնաճ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մոտ 10% գնաճ եղավ, բայց դրանից հետո կամաց-կամաց նաև սկսվեց մի գործընթաց, որ մասնավոր հատվածը որոշ ուղղություններով գներ բարձրացրեց, ավելի շատ անհարկի՝ դա ավելի զգացվեց հանրային սննդի ոլորտում, նաև տրանսպորտային ծառայությունների գներն են բարձրացել, ճոպանուղու դեպքում էլ ամեն պահի որոշում և գները բարձրացնում են: Արդյունքում ստացվում է, որ մեր հայկական զբոսաշրջային արդյունքի գինն առնվազն 50%-ով բարձրացել է և սա չէր կարող իր ազդեցությունը չունենալ զբոսաշրջիկների թվի վրա»:

Մեխակ Ապրեսյան

Անդրադառնալով անվտանգային խնդրին՝ Ապրեսյանն ասաց. «Մի կողմից շատ հեղինակավոր պարբերականներ, լրատվամիջոցներ Հայաստանը վերջին տարիներին ներկայացնում են ամենագրավիչ, ապահով, անվտանգ երկրների առաջին տասնյակում, մյուս կողմից այլ երկրների իրավասու մարմինների կայքերում  հակառակն է ներկայացվում, սա էլ, ինչ խոսք՝ իր բացասական ազդեցությունն ունենում է: Այս բոլոր ուղղություններով համալիր միջոցառումներ իրականացնելու կարիք կա: Նման միջոցառումներ իհարկե, իրականացվում են, մենք էլ առաջարկություններ ենք ներկայացրել Կառավարություն, դրանց մի մասը պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացվում են, բայց դրանք պետք է ավելի ակտիվացնենք: Պետք է նաև օրենսդրորեն որոշ խնդիրներ լուծենք, մի առաջարկ արդեն մենք ներկայացրել ենք, հիմա այն շրջանառության մեջ  է և հուսով ենք կընդունվի, դա հարկային օերնսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ է, որով նախատեսվում է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում, դա բացի մի շարք կարևոր խնդիրներ լուծելուց նաև ինչ-որ չափով կմեղմի այս անհարկի գների բարձրացումը»:

Խոսելով նաև պետության կողմից իրականացվելիք քայլերի մասին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Դրանք բոլոր դիվանագիտական ուղիներով, միջազգային բոլոր մեզ հասանելի հարթակներով պետք է ուղղված լինեն այն կարծրատիպը փոխելուն, որ Հայաստանն անվտանգ երկիր չէ, Հայաստանը պետք է ներկայացվի այնպես, ինչպես կա այսօր, բավականին ապահով, գրավիչ զբոսաշրջային երկիր, սա շատ կարևոր գործընթաց է: Այս առումով շատ կարևոր են նաև հեղինակավոր և կայացած փառատոններին ավելի գործուն աջակցություն ցուցաբերելը և այդ փառատոնները պատշաճ կազմակերպելն ու լայնորեն լուսաբանելը, որովհետև դրանով է նաև աշխարհին ցույց տրվում, որ մեզ մոտ ինչպես հանրային, մասսայական միջոցառումներ են իրականացվում, այնպես էլ փառատոններ, որոնց մի շարք երկրներից բազմաթիվ զբոսաշրջիկներ են մասնակցում, նրանք ապահով են, երջանիկ և ոչ մի անվտանգային խնդիր էլ չկա»:

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Հայաստան ամենաշատ այցելել են Ռուսաստանից՝ ասաց Ապրեսյանը՝ հավելելով. «Ե՛վ նախորդ տարվա ցուցանիշով, և՛ այս տարվա առաջատարը Ռուսաստանն է, հետո արդեն Վրաստանը, Իրանը, եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, արաբական ծոցի երկրները: Եթե այս տարվա հունիսը համեմատենք նախորդ տարվա հունիսի հետ շուրջ 30%-ով նվազել  են Ռուսաստանից այցելությունների թիվը, դա էլ հիմնականում գնային գործոնով է պայմանավորված»:

Իսկ թե, որ վայրերն են ավելի նախընտրելի եղել՝ Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Հայաստանում բոլոր վայրերն էլ գրավիչ են՝ ամեն մեկն իր առանձնահատկություններով պայմանավորված, կախված, թե զբոսաշրջիկն ինչ հետաքրքրություններ, ինչ սպասումներ ունի:

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում ներկայումս իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ. «Եթե աշխատենք ու քայլեր անենք, անպայման զբոսաշրջիկների աճ կունենաք, եթե մենք անենք այն բոլոր միջոցառումները, որոնց մասին խոսեցինք, գոնե տարվա կտրվածքով կարողանանք պահպանել իրավիճակն ու թույլ չտանք, որ էլի նվազի, արդեն հաջորդ տարիներին աճ կունենաք, բայց դրա համար համակարգված, համատեղ ջանքեր են պահանջվում, որոնք պետք է անպայման իրականացվեն»:

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանն էլ մեզ հետ զրույցում զբոսաշրջիկների թվի պակասը կրկին կապեց անվտանգային խնդրիների և ծառայությունների գների բարձրացման գործոնների հետ. «Տարածաշրջանում կա ընդհանուր նվազում, նույն հարևան Վրաստանում էլ կա որոշակի նվազում, այսինքն՝ ընդհանուր տարածաշրջանում կա այդ խնդիրը: Կոնկրետ Հայաստանի դեպքում անվտանգային խնդիրն է, եվրոպական բազմաթիվ երկրների ԱԳՆ կայքերում, եթե Հայաստան բաժինն ուսումնասիրենք, գրեթե բոլորի մոտ կան ինչ-որ նշումներ, ցուցումներ, որ ՀՀ-ում կոնկրետ տարածքներ անվտանգ չեն, խուսափեք այցելել և այլն: Այսինքն՝ անվտանգային հարցը կա, որը, բնականաբար ազդում է զբոսաշրջիկների որոշումների վրա: Անվտանգային հարցը կարող է գնալ երկրորդ պլան, եթե ուղղությունն ավելի մատչելի է, իսկ, ցավոք, մեր ուղղությունը մատչելի չի, Եվրոպայից ավիաթռիչքները բավական թանկ են, մարդիկ նախընտրում են ավելի մատչելի ուղղություններով գնալ: Նաև ծառայություններն են որոշակի թանկ, մենք ինքներս որպես տեղացիներ տեսնում ենք, թե ինչ բարձր գներ են մեր ռեստորաններում, հյուրանոցներում, այս ամենը միանում են իրար և կոմպլեքս խնդրի են վերածվում»:

Յաշա Սոլոմոնյան

Ըստ Սոլոմոնյանի՝ այս ցուցանիշների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև արցախահայերի տեղահանումը. «Մենք, դեռևս մինչև նախորդ տարվա սեպտեմբեր քիչ թե շատ ավելի ստաբիլ վիճակ ունեինք, չմոռնանաք, որ նախորդ տարվա սեպտեմբերից սկսվեց արցախահայության տեղահանումը, մեզ մոտ եկան 100 հազարի չափով փախստականներ և այս մասին շատ ակտիվ խոսվեց մեդիայում ու այս ամենը, բնականաբար, չէր կարող չունենալ իր ազդեցությունը: Հիշում եմ, նույն սեպտեմբերին,երբ արցախահայերը տեղահանվում էին,մենք այստեղ հյուրերի հետ ճանապարհներին էինք, մարդիկ վերապրում էին սարսափը, բնականաբար, պատմել են, կիսվել են իրենց տպավորություններով, այսինքն՝ ամեն դեպքում, իրենց որոշումներում ինչ-որ բան  փոխվել է»:

Պետությունը նախ և առաջ անվտանգային հարցերը պետք է լուծի՝ ասաց Յաշա Սոլոմոնյանը՝ միաժամանակ ընդգծելով. «Բնականաբար, մարքեթինգային բյուջեի վրա որոշակի ներդրում լինում է և երկրի իմիջը բարձրացնելն օտարերկրյա շուկաներում կունենա իր ազդեցությունը, բայց դա քիչ է: Անվտանգային խնդիրների լուծումն էլ արդեն կունենա երկարաժամկետ ազդեցություն նաև տարբեր ոլորտների՝ այդ թվում զբոսաշրջության զարգացման վրա: Իհարկե, զբոսաշրջության ոլորտին հատկացված բյուջեն համեմատած նախորդ տարիներին, մեծացել է, բայց միևնույն ժամանակ չպետք է մեծացվի հարկային բեռը, պետք է օրենսդրության մեջ փոփոխություններ լինեն, դա էլ իր հերթին կբերի ծառայությունների գների նվազման, որն էլ կբերի զբոսաշրջիկների թվի աճի»:

Սոլոմոնյանի կարծիքով՝ Հայաստանում համար մեկ այցելության զոնան Երևանն է. «Բացի Երևանից՝ այցելում են նաև Երևանին հարակից մարզեր, մարզերից՝ Վայոց ձոր: Անվտանգային խնդիրներից ելնելով հեռավոր մարզերում՝ Սյունիքում արդեն ունենք խնդիր, կոնկրետ Գորիսում հյուրանոցային ցանցը բավական պասիվ է, Տավուշը, Լոռին էլ են պասիվացել՝ վերջին ջրհեղեղի դեպքի հետ կապված»:

Անդրադառնալով նաև առաջիկա զարգացումներին՝ «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահն ասաց, որ, սովորաբար, մեր զբոսաշրջության պասիվ սեզոններից է օգոստոսը, այսինքն՝ հաշվի առնելով այս իրավիճակը՝ պարզ է, որ օգոստոսին պասիվ է լինելու, կակտիվանա արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին:

Սոլոմոնյանը շեշտեց, որ չնայած եղած խնդրիներին՝ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր շարունակում է գրավիչ մնալ. «Մեր պատմությունը, բնությունը, համեղ խոհանոցը և, իհարկե, հյուրընկալությունը՝ այն չորս հիմնական կոմպոնենտներն են, որոնք մարդկանց բերում են մեր երկիր»:

 

Աննա Բզնունի

19 Հուլիս, 2024 15:41
Վեր