Ինչպես պետությունը պետք է պաշտպանի իր անչափահաս քաղաքացուն, երբ ծնողը չի բողոքում, բռնություն գործադրողն էլ զղջացել է․ փորձագետը՝  մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց վերջին դեպքի մասին Zarkerak - Ինչպես պետությունը պետք է պաշտպանի իր անչափահաս քաղաքացուն, երբ ծնողը չի բողոքում, բռնություն գործադրողն էլ զղջացել է․ փորձագետը՝ մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց վերջին դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Ինչպես պետությունը պետք է պաշտպանի իր անչափահաս քաղաքացուն, երբ ծնողը չի բողոքում, բռնություն գործադրողն էլ զղջացել է․ փորձագետը՝ մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց վերջին դեպքի մասին
Ինչպես պետությունը պետք է պաշտպանի իր անչափահաս քաղաքացուն, երբ ծնողը չի բողոքում, բռնություն գործադրողն էլ զղջացել է․ փորձագետը՝  մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց վերջին դեպքի մասին

Ինչպես պետությունը պետք է պաշտպանի իր անչափահաս քաղաքացուն, երբ ծնողը չի բողոքում, բռնություն գործադրողն էլ զղջացել է․ փորձագետը՝ մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց վերջին դեպքի մասին

Փոքր Վեդիի «Զարթոնք» մանկապարտեզում մայիսին դաստիարակի կողմից երեխային ծեծի ենթարկելու տեսանյութն օրեր առաջ միայն հայտնվեց համացանցում ու «կայծակի արագությամբ» տարածվեց սոցիալական ցանցերում՝ մեծավ մասամբ հետևյալ վերտառությամբ՝«թույլ նյարդեր ունեցողներին խնդրում ենք չնայել»։

Բռնության դեպքի հանրայնացումից հետո երեխային ծեծի ենթարկած դաստիարակը քննիչի որոշմամբ 72 ժամով ձերբակալվեց, այդ ընթացքում պարզ դարձավ, որ ծնողը որոշել է բողոք չներկայացնել, դաստիարակն էլ զղջացել է, 72 ժամ անց դաստիարակն ազատ արձակվեց։ Սոցիալական ցանցերում էլ մտահոգությունները շատ էին, թե արդյո՞ք ծնողի չբողոքելու պարագայում բռնություն գործադրած դաստիարակը պետք է ազատության մեջ մնա։ Արձագանքելով սրան՝ ՔԿ  խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ  թեպետ անձն ազատության մեջ է, բայց նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառելը։  

Ինչպե՞ս պետությունը պետք է պաշտպանի իր անչափահաս քաղաքացուն, արդյո՞ք ծնողի բողոքելը կամ չբողոքելը, իրավագիտակցությունը բռնության նմանատիպ գործերի ընթացքի մասով կարող է էական դերակատարում ունենալ և վերահսկողական ի՞նչ գործիքներ կան կամ պետք է գործադրվեն, որ երեխան չդառնա բռնության զոհ՝ ոչ տանը, ոչ մանկապարտեզում և ոչ էլ այլուր։

Zarkerak.am-ի հետ զրույցում «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը շեշտում է՝ երեխան գտնվում է պետության անմիջական պաշտպանության ներքո․ «Մեր օրենքը պաշտպանում է երեխային, և ծնողի կարծիքը ոչ մի կերպ ո՛չ ուղղորդող է, ո՛չ օգնող է, ո՛չ խանգարող։ Ես չգիտեմ, թե քննիչն ինչն է հաշվի առել 72 ժամ հետ ազատ արձակելու համար և անհայտ է, թե ինչու է ծնողը հետ վերցրել իր դիմումը, և ով է ծնողին ասել, որ դա դիմումի վրա հարուցվող քրեական գործ է։  Սա այն դեպքն է, որ երեխայի իրավունքների տեսակետից  ծնողի կարծիքը որևէ կերպ  չի կարող դերակատարություն ունենալ, չի կարող ծնողի չբողոքելու պատճառով բռնության գործն ընթացք չունենալ»։

Արշակ Գասպարյան

Փորձագետի դիտարկմամբ՝ գուցե նաև հանրության շրջանում շփոթմունք է առաջացել, քանի որ երեխայի նկատմամբ բռնության պարագայում ծնողի կարծիքը հաշվի առնելու կարևորությունն ընդգծվում էր քրեական դատավարության նախկին օրենսգրքում․ «Հիմա նման բան գոյություն չունի, երեխայի լավագույն շահը ենթադրում է, որ երեխայի նկատմամբ բռնություն կատարած անձը կանգնի արդարադատության առաջ։ Այլ բան է այս պահին կալանավորեցին, թե չէ՝ սա ուրիշ հարց է, բացարձակ պարտադիր չէ կալանավորելը, բայց այո, ենթադրում եմ, որ գործն առաջ գնալու է, կրկնեմ՝ սա մասնավոր մեղադրանքի գործ չէ, խոսքը երեխայի լավագույն շահի մասին է, և այլ բան լինել չի կարող, գործ քննությունը պիտի շարունակվի»։ 

«Սա բռնության միակ դեպքը չէ»,- արձանագրում է Արշակ Գասպարյանը։ Շեշտում է, որ բռնել-պատժելու մեխանիզմին պետք է փոխարինի նման դեպքերը կանխելու մեխանիզմը, իսկ պետությունը լծակների պակաս չունի․ «Պետությունը բոլոր տեղերում ունի լծակներ, ի վերջո, օրինակ՝ մանկապարտեզը համայնքային ոչ առևտրային  կազմակեպություն է, գոյություն ունի  համայնքային իշխանության ներքո գտնվող խնամակալության հանձնաժողով, որն ամենամոտն է կանգնած երեխային։ Ազգային մակարդակում երեխան սոցիալական պաշտպանության մասով էլ՝ ի դեմս գերատեսչությունների, գտնվում է պետության պաշտպանության ներքո, էլ չեմ ասում արդեն ոստիկանություն և, առհասարակ արդարադատության մասին։ Այնպես, որ պաշտպանելու համար բոլոր լծակները կան, այլ բան, թե ով է պաշտպանողն անձնապես և, ի վերջո, երեխային պաշտպանու՞մ է, թե՞ ոչ»։ 

Ըստ Գասպարյանի, սակայն, մի այլ կարևոր հարց էլ  կա՝ երեխայի լավագույն շահի տեսակետից ինչ սկզբունքով են ընտրվում հենց մանկապարտեզների դայակներն ու դաստիարակները․ «Մենք՝ ընդհանրապես ինչպե՞ս ենք ընտրում այս մարդկանց, ինչպե՞ս ենք գտնում աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է մեր հանրությունը նայում ծեծի մեթոդին, «դաստիարակման» այս ձևին»,-նշում է Արշակ Գասպարյանը։ 

Ասում է, որ այս հարցերի պատասխանները շատ ավելի խորքային են, օրինակ, թե որքան է վճարվում մասնագետը, որքանով է գրավիչ մասնագիտությունը, ինչ չափանիշներ կան ընտրության հարցում և ովքեր են ներգրավվում աշխատանքում։ Նկատում է, որ պակաս կարևոր չէ, այս հաստատությունների թե՛ տնօրենների, թե՛ դաստիարակների ընտրության անցկացման կարգը, բայց քանի դեռ ունենք ոչ գրավիչ աշխատանք ու ոլորտ՝ մասնագիտական բարձր նշաձող դժվար է ակնկալել։

Արշակ Գասպարյանն ընդգծում է, որ պետական քաղաքականությունը պետք է կենտրոնացնել երկարաժամկետ լուծումների, որոնք կկանխեն նման դեպքերը։ Հետաքրքրվում ենք՝ արդյոք Երևանի քաղաքապետարանի որոշումը համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ այս լուծումներից մեկն է, և պե՞տք է այս մոդելը տարածել ամբողջ ՀՀ-ում․ «Տեսախցիկներ տեղադրելը շատ բան չի տալու։ Ասենք տեսախցիկներ դրեցին, երեխաների կրթությունը, համակարգը դրանից լավանալու՞ է։ Դրեք, բայց դա հարցի լուծում չէ, այո՛, ժամանակակից տեխնիկա է, բայց դրանով համակարգի որակը չես բարձրացնի, որովհետև, եթե էլի գնալու ենք՝ «բռնենք, պատժենք, քրեական գործ հարուցենք» մոդելին, առանց ինչ-որ բան փոխելու, միայն տեսախցիկները հարցի լուծում չեն հանդիսանա»։ 

 

Մարիամ Մկրտչյան

 

01 Օգոստոս, 2024 16:56
Վեր