Հարավային Կերալա նահանգում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 358-ի, հայտնում է India Today-ը ՝ վկայակոչելով նահանգի կառավարության տվյալները։
Նախկինում տեղեկություն էր ստացվել 308 զոհվածի մասին։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ սա արդեն հինգերորդ օրն է։ Ավելի քան 200 մարդ համարվում է անհետ կորած։ Աղետի գոտուց ավելի քան 10 հազար մարդ տարհանվել է 93 ժամանակավոր ճամբար։
Հորդառատ անձրևներից հետո երեք սողանք է տեղի ունեցել Կերալայի Վայանադ շրջանի լեռնոտ հատվածներում հուլիսի 30-ի գիշերը չորս ժամվա ընթացքում: Աղետի հետեւանքով հարյուրավոր գյուղական տներ թաղվել են ժայռերի տակ, փլատակներում, ավերվել են ճանապարհներ, կամուրջ։ Փրկարարական գործողությանը մասնակցում են զինվորականները։ Նրանց աշխատանքը բարդանում է շարունակվող անձրևների պատճառով, որոնք, ըստ կանխատեսումների, կշարունակվեն մինչև օգոստոսի 6-ը։