Հայկական ֆուտբոլային թիմերը շարունակում են իրենց մրցելույթներով հաճելիորեն զարմացնել երկրպագուներին: Մեր ակումբներից երկուսը դիտարժան ու գեղեցիկ խաղով շարունակում են իրենց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում:
Հիշեցնենք, որ ԿԼ-ին հայկական թիմերից մասնակցում էին «Ուրարտու»-ն, «Արարատ-Արմենիա»-ն, «Նոա»-ն ու «Փյունիկ»-ը:
«Ուրարտու»-ն առաջինը դուրս մնաց պայքարից, թիմը չկարողացավ հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը և ավարտեց ելույթները եվրագավաթներում, ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվելով հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ին՝ վերջին վայրկյաններին հաղթանակը բաց թողեց և այդպիսով դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ ահա «Փյունիկ»-ն ու «Նոա»-ն կարողացան ԿԼ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթանակ տոնել, «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Ցելե»-ին, իսկ «Նոա»-ն 3-0 հաշվով՝ «Ռուժոմբերոկ»-ին:
Թիմերի գրանցած արդյունքները սպասելի էին՝ Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանը:
Արթուր Ոսկանյան
««Նոա»-ն, «Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը լավ, փորձառու ֆուտբոլիստներ ունեն, երեք թիմերն էլ իրենց խաղով ցույց տվեցին, որ արժանի էին հաղթանակի: Ես անգամ համոզված էի, որ «Արարատ-Արմենիա»-ն էլ պետք է հաղթեր վերջին խաղում, ուղղակի ինչ-որ սխալների պատճառով դուրս մնաց պայքարից, կարծում եմ՝ «Արարատ-Արմենիա»-ն իր ցուցադրած խաղով արժանի էր պայքարը շարունակելու: Ճիշտ է՝ «Ուրարտու»-ն ավելի շուտ լքեց ԿԼ-ն, բայց շատ ուրախալի էր, որ Կոնֆերենցիաների լիգայում հանդես եկավ շատ մեծ թվով հայ ֆուտբոլիստներով, խաղում էին հենց իրենց սաները, դա նույնպես ողջունելի էր: Ինչ վերաբերում է «Նոա»-ին ու «Փյունիկ»-ին, երկու թիմերն էլ լավ խաղ ցուցադրեցին, շատ կցանկանամ, որ դուրս գան խմբային փուլ»:
Ակումբների, մարզիչների և ֆուտբոլիստների կատարած աշխատանքը երևաց խաղադաշտում՝ նշեց Արթուր Ոսկանյանը՝ ընդգծելով. ««Այսօր «Նոա»-ն շատ լավ պայմաններ ունի, այս ակումբում ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլիստները կարողանան լիարժեք մարզվել, շատ մեծ ներդրում է արվում, որն իր արդյունքը տալիս է: Երբ ես տեղափոխվեցի «Նոա», թիմն առաջնությունում 5-6-րդ տեղերում էր, բայց շատ կարճ ժամանակում «Նոա»-ն արդեն չեմպիոնության համար էր պայքարում ու շատ քիչ էր մնացել, որ չեմպիոն դառնար: Հենց առաջնությունից երևաց, որ Հայաստանում ձևավորվում է թիմ, որն արդեն Հայաստանի լիդեր թիմերի մեջ է լինելու ու ամեն տարի պայքարելու է չեմպիոնության համար: Նոր ֆուտբոլիստներ, նոր, ավելի պրոֆեսիոնալ մարզիչ, ուժեղ կազմ. թիմն արդեն Կոնֆերենցիաների լիգայում իր խաղով ցույց տվեց, որ ավելի մեծ նվաճումների հետևից է գնում»:
Ոսկանյանը հատկապես առանձնացրեց «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի խաղը. «Չանչարևիչը շատ լավ ելույթ ունեցավ հենց ԱԵԿ-ի դեմ երկու խաղում էլ, իմ կարծիքով այդ երկու խաղերի հերոսը հենց Չանչարևիչն էր, ճիշտ է, թիմն էլ է խաղում, բայց այս դեպքում նման խաղերում շատ մեծ գործոն եղավ հենց Չանչարևիչի խաղը: Ստացվեց այնպես, որ նա առաջին խաղում գոլ և գոլային փոխանցում կատարեց, մյուս խաղում արդեն Հունաստանում շատ մեծ աշխատանք կատարեց ու շատ դրվագներում փրկեց թիմին: Նա ցույց տվեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է ու արժանի է, որ հավաքականի դարպասն էլ պաշտպանի»:
Արթուր Ոսկանյանի խոսքով՝ նման լիգաներում հանդես գալը հնարավորություն է տալիս, որ եվրոպական ակումբների ուշադրությունն ավելի սևեռվի հայկական ֆուտբոլի վրա.«Նմանատիպ խաղերը բարձրացնում են թիմերի խաղամակարդակը: Եվրոպական թիմերի հետ խաղալը մեծ փորձ է: ՈՒԵՖԱ-ն այս լիգան ստեղծել է հենց նրա համար, որ շատ թիմերի, որոնք մակարդակով ավելի ցածր են, հավելյալ հնարավորություն տրվի, որ խաղան եվրոպական թիմերի դեմ: Նման խաղերը մեծ աժիոտաժ են առաջացնում, բոլոր եվրոպական թիմերը սկսում են հետևել արդեն Հայաստանի թիմերին, հայ ֆուտբոլիստներին, այս առումով «Փյունիկ»-ի ու «Նոա»-ի նման խաղերը ևս մեկ անգամ հայկական թիմերով, հայ ֆուտբոլիստներով հետաքրքրվելու շարժառիթ են հանդիսանում: Հայկական ֆուտբոլի համար սա մեծ ներդրում է: Շատ կարևոր է, որ ակադեմիաներն արդեն սկսեն ճիշտ աշխատել: Շատ կարճ ժամանակում «Նոա»-ի, «Փյունիկ»-ի ելույթները կարող են ճանապարհ բացել մեր ֆուտբոլիստների համար, որ նրանք խաղան եվրոպական ֆուտբոլում»:
Գրանցած հաղթանակներին զուգահեռ՝ մեր զրուցակիցը խոսեց նաև կարևոր խնդրի մասին՝ նշված ակումբներում քիչ թվով հայ ֆուտբոլիստներ են հանդես գալիս.«Ես միշտ ասել եմ, որ շատ կուզեմ՝ մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղան, այսօր, այո, արդյունքները շատ լավ են, բայց ցավալին այն է, որ քիչ են հայ ֆուտբոլիստները, որոնք խաղում են: Երկու թիմերն էլ լավ ակադեմիաներ ունեն, դրա համար պետք է ակադեմիաների տնօրենները, մարզիչները ճիշտ աշխատանք տանեն, որ ժամանակի ընթացքում կարողանան հայ երիտասարդ ֆուտբոլիստները համալրել առաջին թիմի կազմը և արդեն այդտեղ արդյունքի հասնեն: Տեսանք, որ և՛ «Նոա»-ում, և՛ «Փյունիկ»-ում արդեն սկսել են Հայաստանի առաջնության խաղերում ավելի երիտասարդ ֆուտբոլիստների ներգրավել, եթե ճիշտ աշխատեն, ժամանակի ընթացքում կարող են շատ հայ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղալ բարձրագույն խմբում»:
Ֆուտբոլիստների և մարզչի համատեղ աշխատանքն է արդյունքի բերում՝ շեշտեց Արթուր Ոսկանյանը.«Կարող ես ունենալ լավ ֆուտբոլիստներ, բայց լավ ֆուտբոլ չխաղան, այստեղ շատ կարևոր է նաև մարզիչների դերը: Մեր չորս թիմերում էլ կարողացան մարզչական աշխատանքը ճիշտ կատարել, մասնավորապես՝ «Նոա»-ում ու «Փյունիկ»-ում շատ մեծ մարզչական աշխատանք է կատարվել ու դա երևում է արդեն թիմերի ցուցադրած խաղերից»:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարևորեց նաև մարզադաշտում երկրպագուների ներկայությունը. «Երբ ինձ հարցնում են՝ Հայաստանը ֆուտբոլային երկիր է, ես ասում եմ, եթե ուզում ես իմանալ ֆուտբոլային երկիր է, թե՝ ոչ, պետք է գնաս մարզադաշտ ու տեսնես՝ ինչքան երկրպագու է գալիս խաղերին: Այսօր կամաց-կամաց արդեն մեր թիմերի խաղերին մեծ թվով երկրպագուներ են հետևում, արդեն թիմերն էլ մեծ նշանակություն են տալիս դրան, շատ կարևոր է, երբ ակումբը սկսում է հաշվի առնել երկրպագուներին: Երկրպագուն գալիս է խաղին, երբ տեսնում է արդյունք, հաջորդ անգամ ավելի մեծ ոգևորությամբ է գալիս: Մենք գնալով ավելի ֆուտբոլային երկիր ենք դառնում»:
Խոսելով նաև «Փյունիկ»-ի ու «Նոա»-ի առաջիկա ելույթների մասին՝ Արթուր Ոսկանյանն ասաց.«Մեր թիմերը պատասխան խաղերում պետք է ավելի կարգապահ լինեն, եթե թիմն ավելի կարգապահ լինի, ավելի հանգիստ լինի, հավատա իր ուժերին՝ կհաղթի: Շատ կարևոր է նաև, թե հետագայում ովքեր կլինեն մեր մրցակիցները: Թիմերը, եթե կարողանան այս խաղը պահպանել ու նաև ավելացնել ճնշումը, ավելի բարձր տեղերի կարող են արժանանալ»:
Աննա Բզնունի