Շարքում կանգնած անհանգիստ դեմքեր, տեղ-տեղ հուզված հայացքներ, մայրիկ-հայրիկին փնտրող աչքեր, չզսպված արցունքներ․ առաջին անգամ դպրոց գնացող փոքրիկների այս էմոցիաներին գուցե դուք էլ ականատես եղած լինեք կամ ինքներդ ունեցել եք։
Ի՞նչ անել, որ սեպտեմբերի 1-ը և դպրոց հաճախելը չդառնա սթրես երեխայի համար, ի՞նչ դեր ունեն այս հարցում ծնողները, ինչպես են մայրիկները նախապատրաստում երեխային կյանքի այս նոր փուլին և ի՞նչ խորհուրդներ է այս հարցում տալիս ոլորտի մասնագետը: Zarkerak.am-ը փորձել է հասկանալ, թե ինչ անել, որ սեպտեմբերի 1-ին «արցունքներ չթափվեն»։
Անահիտն իր ավագ որդուն այս տարի առաջին դասարան է ճանապարհում, ուրախությամբ է նշում, որ մանկապարտեզում, նախակրթարանում երեխային բավականաչափ պատրաստել են դպրոց գնալուն․ «Իհարկե, ես նույնպես նախապատրաստում եմ, քանի որ մանկապարտեզից դպրոց անցումը շատ փոփոխություններ է ենթադրում։ Պահանջում է էլ ավելի ինքնուրույնություն՝ տարրական բաներից՝ հագնվելուց, կոճակ կոճկելուց, կոշիկները ճիշտ հագնելուց սկսած, մինչև դասավորված լինելը՝ օրինակ պայուսակի մեջ ամեն ինչն իր ճիշտ տեղում դնելը։ Սակայն կարծում եմ, որ առաջնայինը հոգեբանորեն նախապատրաստելն է»,-նկատում է նա։
Ինքն էլ ուսուցիչ լինելով, ասում է՝ լավ է հասկանում, որ ծնողը դպրոցը պետք է հնարավորինս հետաքրքիր ներկայացնի երեխային՝ ճիշտ շեշտադրումներով․ «Նախ ասել եմ, որ գնաս դպրոց, կդառնաս ավելի խելացի, կունենաս նոր ընկերներ, քո օրը կանցնի ավելի ուրախ, ավելի հաճելի, քո ուսուցիչները լինելու են շատ լավը»,-նշում է նա և հավելում․«Չնայած ինքս էլ որպես ծնող շատ վախեր ունեմ, բայց իրեն միշտ ասում եմ՝ քեզ սպասում է շատ հետաքրքիր, նոր միջավայր»։
Անահիտն ուրախությամբ է նշում, որ որդուց չի ստանում հարցեր, թե արդյոք ինքն այնտեղ մենակ է լինելու, մայրիկն իր կողքին չի՞ լինելու․ «Փոխարենը հարցնում է, թե արդյոք մանկապարտեզից էլի երեխաներ կլինեն, կտեսնի՞ ծանոթ մարդկանց։ Իսկ, ընդհանուր առմամբ, ինքն արդեն նախապատրաստվել է՝ ինչպես պետք է գնա դպրոց, իրեն ինչպես պետք է պահի, ինչպես պետք է նստել դպրոցական նստարանին, ինչպես ձեռք բարձրացնել»։
Անահիտի խոսքով՝ որդին կոլեկտիվի երեխա է, ու կարծում է՝ կհետևի ընդհանուր կարգ ու կանոնին, օրինակ կդիմանա և մի ամբողջ դասաժամ նստած կանցկացնի․ «Երբ տեսնի, որ մյուս երեխաներն էլ լսում են ուսուցչին, նստում են, ինքն ընդհանուրի հետևից կգնա։ Դեռ մանկապարտեզում եմ նկատել, որ իր դաստիարակի, իրենից մեծի ասածն օրենք է»։
Ըստ մեր զրուցակցի՝ իր համար հատկապես մտահոգիչ թեմա է բուլինգը, որից, ցավոք, դպրոցական միջավայրն անմասն չի մնում․ «Մանկապարտեզի խմբում եղել են օրինակ՝ ակնոց կրող երեխաներ, ու բացատրել եմ իրեն, որ հանկարծ ցույց չտա, որ ինչ-որ բան այն չէ, եղել է փողոցով քայլել ենք չափից դուրս գեր մարդու է տեսել, ասել եմ՝ մատով ցույց տալ չի կարելի, բարձր քննարկել չի կարելի, նորմալ է, ամեն մարդ մի ձևի է, չի կարելի ուրիշներին նեղացնել, թույլին պետք է օգնել ու պաշտպանել։ Ես սա իրեն պարբերաբար ասում եմ, ինչքան հնարավոր է փորձում եմ հանդուրժող դարձնել, իրականում՝ անհանգստացնող է բուլինգ կոչվածը, շատ կուզեմ, որ ոչ միայն իր հանդեպ չլինի, այլ այն դասարանում ու դպրոցում, որտեղ ինքը սովորելու է»։
Տաթևն էլ երկրորդ որդուն է այս տարի առաջին դասարան ուղարկելու, փոքրիշատե փորձառու է, թե 6-ամյա որդուն ինչպես պետք է նախապատրաստի դպրոցին, ինչպես պետք է մեծական ու կարևոր թեմաներց այնպես խոսի, որ երեխայի մոտ բացեր չմնան։ Ինքն էլ, ինչպես Անահիտը, փաստում է, որ մանկապարտեզի հատկապես ավագ խմբում երեխան որոշ չափով պատրաստվել է դպրոցական կյանքին․«Արդեն գիտի, թե իրեն ինչ է սպասվում դպրոցում, գիտի որ գնում է գրել-կարդալ սովորելու։ Կարծում եմ՝ իր համար այնքանով է հեշտ, որ եղբայրն արդեն գնում է դպրոց, իր առաջ օրինակ ունի, տեղյակ է եղբոր դպրոցական միջավայրից, գիտի, որ դպրոցից գալիս է, դասերը սովորում»։
Իհարկե, Տաթևի տղան իրեն հետարքրքող հարցեր էլ է տալիս, կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ որդու համար դպրոցի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ այնտեղ չի քնելու․«Վերջին օրերին նաև հարցնում է, թե այնտեղ հաց ուտու՞մ են, կամ մանկապարտեզի իր խմբի ընկերները լինելու՞ են կամ խաղալու՞ են, թե՞ ուղղակի նստելու։ Մանկապարտեզում նաև սովորել են լուռ նստել և հեքիաթներ լսել՝ 20-25 րոպեի չափով, նաև ձեռք են բարձրացրել, տեղից պատասխանել են, հետո հետ են նստել, այդ փոքրիկ կանոնները գիտի»։
Տաթևը նկատում է, որ ինքն էլ փորձում է մոտիվացիա տալ, օրինակ՝ պարբերաբար ասում է, որ նոր ընկերներ է ունենալու, շատ գիտելիքներ է ստանալու, որ լավ մասնագետ դառնա․«Նաև ասում եմ, որ քո մանկապարտեզի ընկերներին էլ անպայման տեսնելու ես»։
Ունենալով ավագ որդու օրինակը՝ Տաթևն ընդգծում է, որ տղաներին հորդորում է դպրոցական միջավայրում հանդուրժող լինել, որ վիճելը, հարվածելը խնդրի լուծում չէ․«Նկատել եմ, որ հատկապես տարրական դասարաններում երեխաներն իրար նկատմամբ անհանդուրժող են։ Ինքս իմ տղաներին հորդորում եմ կոնֆլիկտային դեպքերում ոչ թե սրել, այլ մեղմացնել իրավիճակը, ասում եմ՝ դու մի հարվածիր, գնա ուսուցչին տեղեկացրու, կամ արի հայրիկի հետ խոսիր։ Հարցնում եմ, եթե քեզ են հարվածել գուցե միտումնավոր չի՞ եղել ու պետք չէ՞ փոխադարձ պատասխանել։ Միաժամանակ չեմ էլ ուզում, որ իրենց թույլ զգան, խեղճանան, դժվար է բալանսը պահելը, բայց միանշանակ կոնֆլիկտային լինելը հարցի լուծում չէ»։
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Մուրադյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշում է, որ դպրոցում երեխայի հեշտ ինտեգրման հարցում, պետք չէ թերագնահատել մանկապարտեզների, նախակրթարանների դերը․«Շատ հաճախ ծնողների մոտ հարց է առաջանում՝ արդյոք կա՞ տարբերություն՝ իրենց երեխան մինչ դպրոց գնալը հաճախել է մանկապարտեզ, նախադպրոցական ուսումնական հաստատություն, կամ քոլեջ, թե՞ չի հաճախել։ Կփաստեմ, որ տարբերություն կա, և դա անխտիր բոլորը կարող են նկատել։ Այն երեխաները, ովքեր հաճախել են նախակրթարան, բնականաբար, ավելի պատրաստված են լինում և շատ ավելի դյուրին է ստացվում անցումը նախադպրոցական ուսումնական հաստատությունից դեպի դպրոց, որն, իհարկե, որպես շարունակություն է դիտվում, բայց, միևնույն ժամանակ, այլ սոցիում է ենթադրում։ Այս հարցում պահանջվում է ճիշտ նախապատրաստվածություն, այլապես երեխայի մոտ կարող են առաջանալ շատ խոցելի և կնճռոտ անկյուններ», - նկատում է նա։
Սվետլանա Մուրադյան
Ըստ մասնագետի՝ շատ կարևոր է, որ առաջին դասարան հաճախող երեխայի ծնողը չսպասի, որ միայն նախակրթական հաստատությունը պետք է երեխային պատրաստի դպրոցին, այլ ինքն էլ ցանկալի է լծվի երեխային այս կարևոր փուլին պատրաստելու գործընթացին։ Ասում է՝ հաճախ ծնողները դպրոցի հետ առաջին ասոցիատիվ կապերի հիմքում դնում են, որ դպրոցը միայն սովորելու, կրթություն ստանալու վայր է, բայց սա առաջին դասարան գնացող երեխային գուցե ոչինչ էլ չասի, ավելին՝ ձևավորված նախնական պատկերացումները շատ մշուշոտ լինեն այդ լուրջ աշխարհի մասին․«Ամենակարևոր խորհուրդը, որ կուզեմ տալ ծնողներին, հետևյալն է ՝ շատ բաց և ազատ զրուցել երեխաների հետ, նրանց մոտ ձևավորել այն պատկերացումը, որ դպրոցը նոր ընկերներ, հարաբերություններ, շփումներ ձևավորելու միջավայր է», -ասում է մասնագետը։
Մուրադյանի խոսքով՝ ուսումնական տարվա մեկնարկից 1-2 շաբաթ առաջ կարելի է երեխային արդեն իսկ նախատրամադրել դպրոց հաճախելուն․«Օրինակ՝ ռեժիմային պահեր ձևավորել․ շուտ արթնանալ, որ սթրեսի չվերածվի, ռեժիմով սնվել։ Մինչև սեպտեմբերի 1-ը կարելի է երեխայի հետ այցելել այն դպրոցը, որտեղ նա պետք է սովորի, ցույց տալ դասասենյակը, դասամիջոցների անցկացման վայրը, որպեսզի այդ պատերից ներս արդեն երեխայի համար ծանոթ միջավայր ձևավորվի։ Ծնողները կարող են պատմել իրենց դպրոցական տարիների մասին, դպրոցական զվարճալի դրվագների, ընկերների մասին, կարող են միասին դպրոցական լուսանկարներն աչքի անցկացնել»։
Սվետլանա Մուրադյանը ծնողներին կրկին հորդորում է երեխային դպրոցական կյանքին պատրաստելիս շեշտը չդնել միայն գնահատականի, ճիշտ, գեղեցիկ գրելու, գրիչը ճիշտ բռնելու վրա։ Նշում է, գուցե ծնողը չպատկերացնի էլ, բայց բացառապես նման կանոնների մեջ երեխային դնելը կարող է հանգեցնել տարատեսակ վախերի ու ֆոբիաների․«Երեխայի ֆոբիաները տարբեր ձևերով կարող են դրսևորվել՝ կարդալու, գրելու, տառերը ճանաչելու հանդեպ վախ և այլն։ Երեխան կարող է արհեստականորեն պաշտպանական միջավայր ստեղծել՝ կոտրելով իր իսկ իմունիտետը՝ օրինակ արթնանալ գլխացավով, փորացավով, ունենալ ջերմության բարձրացում, քաշի կտրուկ նվազում էլ կարող է դիտվել։ Այս ամենն օրգանիզմի կողմից պաշտպանական ռեակցիաներ են, որը երեխան ստեղծում է գուցե անգիտակցաբար, նաև՝ գիտակցաբար։ Այսպիսով՝ ինքն իրեն պաշտպանում է, որովհետև կարծում է, որ իրեն չեն հասկանում և ուղարկում են մի դաշտ, որն իրենից վտանգ է ներկայացնում»,-բացատրում է մեր զրուցակիցը և հավելում է, որ երեխան դպրոց չհաճախելու համար կարող է հանդես գալ կամակորության տարատեսակ դրսևորումներով։
Ըստ նրա՝ հենց այս պատճառով է, որ անհրաժեշտ է երեխայի համար ստեղծել անկաշկանդ միջավայր․«Երեխային պետք է ցույց տալ, որ ինքը պաշտպանված է, մենք իր հետ ենք, ցանկացած խնդիր հաղթահարելու ենք միասին, միայն այս պարագայում խնդիրներ չենք ունենա»։
Մեր զրուցակցի խոսքով՝ դպրոց հաճախելու համատեքստում ևս մի հարց արժե քննարկել, արդյոք երեխան մինչև դպրոց գնալն օրինակ՝ արդեն պետք է ճանաչի՞ տառերն ու թվերը․«Հարց կառաջանա, իսկ որն է ավելի լավ, որ մինչև դպրոց հաճախելը երեխան արդեն ունենա առաջին դասարանի գիտելիքների մակարդակ, թե՞ գնա դպրոց հետո սովորի։ Ծնողների մի մասը կարծում է, որ, այո, պիտի տիրապետի տարրական գիտելիքների, մյուս մասն ասում է՝ միևնույն է դպրոց է գնալու, կսովորի։ Իրականում պետք է առաջնորդվենք երեխայի անհատականությամբ և առանձնահատկությամբ։ Պետք է հետևել, որ նախապես արդեն շատ բաներ սովորելով երեխայի համար առաջին դասարանի ծրագիրն անհետաքրքիր չդառնա, մենք կարող ենք ինքներս հասցնել նրան, որ երեխան արդեն իսկ շատ բան իմանալով, առաջին դասարանում անելիք չունենա»։
Սվետլանա Մուրադյանը հորդորում է ծնողներին մեծացնել առողջ ինքնագնահատականով երեխաներ, քանի որ միայն առողջ ինքնագնահատական ունեցող անհատներով համալրված սոցիումում է հնարավոր բացառել բուլինգի դեպքերը և միջանձնային տարատեսակ խնդիրները։
Մարիամ Մկրտչյան