Հոգեբանական բարդո՞ւյթ, թե՞ չուզողություն․ ինչո՞ւ են «հայրենասերները» անտեսում հայրենականը Zarkerak - Հոգեբանական բարդո՞ւյթ, թե՞ չուզողություն․ ինչո՞ւ են «հայրենասերները» անտեսում հայրենականը
Zarkerak Zarkerak - Հոգեբանական բարդո՞ւյթ, թե՞ չուզողություն․ ինչո՞ւ են «հայրենասերները» անտեսում հայրենականը
Հոգեբանական բարդո՞ւյթ, թե՞ չուզողություն․ ինչո՞ւ են «հայրենասերները» անտեսում հայրենականը

Հոգեբանական բարդո՞ւյթ, թե՞ չուզողություն․ ինչո՞ւ են «հայրենասերները» անտեսում հայրենականը

Ցանկացած պետության հզորության և զարգացման գլխավոր շարժիչը տնտեսությունն է, որքան հզոր է տնտեսությունը՝ հզոր է նաև տվյալ երկիրը։ Էներգետիկ բնական ռեսուրսներ չունեցող երկրների համար տնտեսության զարգացման գլխավոր լոկոմոտիվը համարվում է տեղական արտադրությունը։ Այդ առումով Հայաստանը թերևս բավական մեծ ներուժ ունի։

Հայաստանում բազմաթիվ խոշոր ու փոքր տեղական արտադրություններ կան, որոնք գործում են տարբեր ոլորտներում, սակայն տեղական արտադրության խնդիրը սպառումն է, կամ դրա ոչ բավարար իրականացումը։

Ունենալով տրանսպորտային կոմունիկացիաների խնդիր՝ տեղական արտադրողները շատ դեպքերում բախվում են արտահանման հետ կապված խոչընդոտների, որոնք հաղթահարվում են բավական բարդ ճանապարհով։ Հետևաբար տեղական արտադրության խթան կարող է հանդիսանալ ներքին սպառումը։ Սակայն այստեղ հայ արտադրողները բախվում են մեկ այլ խնդրի։

Մենք, հայերս, հաճախ գերադասում ենք արտերկրի արտադրանքը, և սա այն դեպքում, երբ նույն արտադրանքից կամ նույն ծառայություններից առաջարկում են նաև տեղական տնտեսվարողները։ Սակայն ինչպես ասում են, այստեղ շատ հայերի համար գործում է՝ «հարևանի հարսն ավելի սիրուն է» հայտնի խոսքը։

Ի դեպ, շատ դեպքերում տեղական արտադրանքից և ծառայություններից հրաժարվում են մարդիկ, որոնք հանրությանը հայրենասիրական դասեր են տալիս, կոչ են անում այլ երկրներ, մասնավորապես թշնամական երկրներ, չգնալ, այնտեղից ապրանք չներկրել, կամ այդ երկրներում չանցակցնել իրենց հանգիստը։ Սակայն սովորաբար ուրիշներին դավաճան համարող մարդիկ են հենց առաջինը անտեսում տեղական, հայրենական արտադրանքը և գերադասում են իրենց փողը ծախսել այլ երկրներում, ու շատ դեպքերում հենց Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներում։

Թուրքիայի հանգստյան գոտիներում կարելի է հանդիպել բազմաթիվ հայրենասիրական ճառեր կարդացող հայերի, նաև ազգային համարվող կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչների, որոնք Հայաստանում գրեթե բոլորին դավաճան են համարում, բայց իրենք հանգստանում են թշնամու «գրկում»։ 

Հայաստանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք իրենց արտադրության հումքը ներկրում են հենց Թուրքիայից, կամ այլ երկրներից, մինչդեռ այդ նույն հումքը հասանելի է նաև Հայաստանում։   

Նման մոտեցման պատաճառը թե՛ հոգեբանական է, թե՛ այսպես ասած սովորական «չուզողություն»։ Հայաստանում սպառողները գերադասում են գնել թուրքական կամ չինական արտադրանքը, որոնք հիմնականում կեղծ պիտակներով են եւ որակով զիջում են հայկական արտադրանքին, բայց սպառողների համար կարեւոր է, որ արտասահմանյան է։

Նույնը վերաբերում է նաև արտերկրում բնակվող հայերին։ Աշխարհի շատ երկրներում հայկական արտադրանքը հասանելի է, սակայն տեղի հայերը հաճախ անտեսում են հայրենական արտադրանքը, փոխարենը դասեր են տալիս թե ինչպես կառուցենք սեփական երկիրը և զարգացնենք տնտեսությունը։

Բնականաբար ցանկացած մարդ ինքն է որոշում թե ում և որ երկրի արտադրանքը սպառի, սակայն կարևոր է, որ հայերը, անկախ բնակության վայրից, գիտակցեն, որ յուրաքանչյուր եվրոն, դոլարը, ռուբլին կամ դրամը, որով գնվում է հայկական արտադրանքը, դա ուղղակի հատկացվում է նաև Հայաստան պետությանը։ Հենց այդ փոքր ներդրումն է դառնում մեծ ներդրում Հայաստանի տնտեսության համար։ Հենց այդ գնումն է թեկուզ ոչ ուղղակի ձևով վերածվում հարկի, բյուջետային եկամտի, նոր աշխատատեղի։

Տեղական արտադրանքի սպառումը զուտ հայրենասիրական քայլ կամ բիզնես մենեջմենթ չէ, սա նաև հայրենիքի հանդեպ վերաբերմունք է, վերաբերմունք, որն ավելի բարձր արժեք ունի, քան ուղղակի հայրենասիրական կոչերն ու դատարկ ճառերը։ Նրանք, ովքեր այսօր ափսոսում են իրենց փողը ծախսել ի նպաստ հայրենիքի՝ 30 տարի հայրենիքը սիրել են միայն բաժակաճառերով, իսկ փողն ուղղել են այլ երկրներ։

Մկրտիչ Իսրայելյան

30 Օգոստոս, 2024 12:26
Վեր