Այս շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված տարբեր կողմերից մի շարք հայտարարություններ հնչեցին, որոնց Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադարձավ քաղաքագետ Բարդուղ Գալստյանը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը՝ Թուրքիա
«Ակնհայտ է, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները լարված են՝ ելնելով Ռուսաստանի ազդեցությունից, կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր տված պարտքը հետ պահանջել Ադրբեջանից, հետևաբար թուրք-ադրբեջանական հարաբերությունները շատ դրական տենդենց չունեն, սակայն ինչքան էլ ուզում է լարված լինեն, ինչքան էլ ուզում է հակասություններ լինեն, Թուրքիան փորձելու է հնարավորինս պաշտպանել Ադրբեջանի շահերը»:
Անդրադառնալով Բայրամովի այն հայտարարությանը, թե չնայած Հայաստանի հետ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, սակայն Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են՝ Բարդուղ Գալստյանն ասաց. «Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Ադրբեջանը փորձելու է Հայաստանին պահանջներ պարտադրել, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանության դիրքորոշումից և վարած քաղաքականությունից: Կարծում եմ՝ մեր Սահմանադրությունը փոփոխման կարիք ուներ դեռ վաղուց, սակայն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքով կամ պահանջով Սահմանադրություն կամ սահմանադրական կետերի փոփոխություն անելը չեմ կարծում, որ դրական արձագանք կգտնի մեր ժողովրդի կողմից և կունենա իր արդյունքները: Այս պահանջն ուղղակի պատճառ է՝ ձգձգելու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մոդելը և ժամանակ շահելու:
Առաջիկայում սպասվում են ԱՄՆ նախագահական ընտրություններ, որից բավականին մեծ բան է կախված, կարծում եմ՝ Թրամփի հաղթանակի հավանականությունը բավականին քիչ է, հետևաբար Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս է գալու: Ասեմ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում մեզ վաղուց փոխարինել է Ադրբեջանով, եթե 1990-ականներից մինչև 2005 թվականը Հայաստանն իր համար շատ թե քիչ դաշնակից էր համարվում, դրանից հետո ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն իր համար ավելի ցանկալի և վստահելի գործընկեր է: Ադրբեջանի հետ հարաբերությունները գնալով խորացան, որի հետևանքը մենք տեսանք և՛ 2020 թվականի պատերազմի ժամանակ, և՛ վերջապես 2023 թվականի սեպտեմբերին՝ արդեն Արցախի վերջնական հայաթափմամբ»:
ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջով հանդես եկավ նաև Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի կողմից նման պահանջներ Հայաստանը շատ է լսել. «Նման պահանջներ մենք լսել ենք, թե՛ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված, թե՛ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ի բնակչության իրենց բնակավայրեր հետ վերադարձի հետ կապված, այսինքն, եթե նույնիսկ Հայաստանը հետ քայլ կատարի, չեմ կարծում, որ խաղաղության պայմանագրի կնքումն անմիջապես տեղի կունենա: Նման շատ ու շատ խոչընդոտներ նորից կարող են առաջ բերել, որովհետև Ադրբեջանը հասկանում է, որ քանի դեռ Արևմուտքն այստեղ լիարժեք գործունեություն չի ծավալել, ինքը հնարավորություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի աջակցությամբ՝ փորձել ավելին պոկել Հայաստանից:
Մեր քաղաքականությունը պետք է միտված լինի ռուսական քաղաքականությունից հնարավորինս շուտ ձերբազատվելուն: Դրա լավագույն երաշխիքը Հայաստանում կա՛մ հանրաքվեի անցկացումն է, կա՛մ իշխանության որոշմամբ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հրաժարվելը և եվրաինտեգրման ճանապարհով գնալը: Հասկանալի է, որ եվրաինտեգրումը բավականին բարդ և մեծ խոչընդոտներով գործընթաց է, սակայն սա էլ պետք է արվի Արևմուտքին ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք ընդունել ԵՄ-ի արժեհամակարգը, և անվտանգային այն երաշխիքները, որոնք մեզ պատրաստ է տրամադրել Արևմուտքը»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները՝ կապված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
«Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս գալու շեմին է, նա բոլոր ճիգերն օգտագործելու է Հարավային Կովկասում իր ներկայությունը պահպանելու համար: Միակ կետը մնացել է «Զանգեզուրի միջանցք»-ը, որն ըստ իրենց՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետն է: Պետք է հասկանալ, որ մինչև 9-րդ կետը, կան այլ կետեր, որոնք այսօր գոյություն չունեն: Խոսել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի մասին՝ մեղմ ասած ծիծաղելի է ոչ միայն մեր, այլ աշխարհի համար: Այս հայտարարություններն ընդամենն ագրեսիվ հռետորաբանության դրսևորումներ են, որով կարող են հրահրել Ադրբեջանին, որպեսզի ռազմական ճանապարհով կարողանա տեր կանգնել այդ ճանապարհներին: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան ևս այս տարածաշրջանում ունի իր մեծ դերակատարումը և հաստատ Թուրքիային ցանկալի չէ, որ այս տարածաշրջանում վերահսկողություն իրականացնի Ռուսաստանը: Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը նաև այս ֆոնի վրա կարելի է դիտարկել»:
Զախարովան անդրադարձել էր նաև արցախահայերի իրենց հարենիք վերադառնալու հարցին, հարց ուղղելով՝ թե ինչպես է դա պատկերացնում Նիկոլ Փաշինյանը և ինչ ծրագիր ունի: Խոսելով այս հայտարարության մասին՝ Բարդուղ Գալստյանն ասաց. «Նոյեմբերի 9-ի պայմանագրի կողմերից մեկը Ռուսաստանն է, որը պետք է իրականացներ խաղաղապահ առաքելություն և ապահովեր հայ բնակչության անվտանգ կենսակերպն իրենց պատմական հայրենիքում: Այդ ֆունցիան չկատարելուց հետո հղում անել Փաշինյանին, թե ինչպես է նա պատկերացնում հայերի վերադարձը ԼՂ, կարծում եմ ևս ծիծաղելի է և անտրամաբանական: Զախարովան փորձում է ամեն ինչ բարդել Հայաստանի իշխանության և հայ ժողովրդի վրա, բայց կարծում եմ՝ աշխարհում բոլորը հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել 2020-23 թվականներին»:
Ադրբեջանի կողմից տարածված հերթական ապատեղեկատվությունը՝ կապված իրենց դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ի կողմից կրակ արձակելու հետ
Բարդուղ Գալստյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից անընդմեջ տարածվում է ապատեղեկատվություն, մինչդեռ սահմանին տիրող իրական իրավիճակը ֆիքսվում է ԵՄ դիտորդական առաքելության կողմից. «Ադրբեջանը կարող է գնալ ոչ մեծ մասշտաբի ռազմական էսկալացիայի, սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք. մենք ունենք ԵՄ դիտորդական առաքելություն, որի ներկայությունն իրական պատկերը վերլուծելու և ներկայացնելու լավագույն մեթոդն է: Եթե ժամանակին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունն արձագանք չէր գտնում շատերի կողմից, այսօր մենք քիչ թե շատ հնարավորություն ունենք այն հստակեցնելու և իրականությունը ներկայացնելու միջազգային հանրությանը»:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը
Գալստյանն անդրադառնալով նաև հանձնաժողովների կողմից ստորագրած կանոնակարգին՝ նշեց. «Գործընթացները նկատելի և շահեկան կլինեն այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքից և այդտեղ տեղի ունենան սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ»:
Աննա Բզնունի