Դայակը և բուժքույրն աշխատանքային պարտականությունները կատարելիս, օգտվելով այն հանգամանքից, որ երեխաներն իրենց անօգնական վիճակով, այն է՝ հիվանդության, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված չեն կարող պաշտպանել իրենց, հերթափոխի ընթացքում՝ 2024 թվականի մարտի 7-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում, բուժքույրը՝ նաև օգոստոսի 11-ին, 7-10 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր ունեն «Ռուբենշտեյն Թեյբի համախտանիշ» և «Դաունի համախտանիշ», դրսևորել են հանցավոր վարքագիծ. խմբի երեխաների ներկայությամբ կոպիտ վերաբերմունք են դրսևորել երեխաների նկատմամբ, ձեռքերով, նաև ոտքով հարվածել են նրանց, հրել, զգեստի ետնամասից բռնած մի քանի անգամ թափահարել, քաշքշել, կոպիտ կերպով գցել են խաղահրապարակի՝ մանեժի մեջ՝ սահմանափակելով նրանց տեղաշարժը՝ այդ կերպ երեխաներից մի քանիսին պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Այս իրավիճակի նկարագրությունը վերցված է ՔԿ՝ օրերս տարածած հաղորդագրությունից, այլ ոչ թե երեխաների նկատմամբ բռնության դաժան կադրեր պարունակող որևէ ֆիլմից։ Խոսքը Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում մանկահասակ երեխաների նկատմամբ հաստատության դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու մասին է։ Գործով այժմ ընթանում է նախաքննություն, վատ վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումն էլ իրավապահ մարմինները ստացել են նույն հաստատության տնօրենի կողմից։
Անսովո՞ր է երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ հերթական հաղորդագրությունը կարդալ, կարծում ենք՝ ոչ։ Համացանցում բավարար է որոնել մանկատներում, խնամքի հաստատություններում բռնության դեպքերի մասին և տարատեսակ նյութեր կհայտնվեն։
Մշտապես խոսվում է երեխաների իրավունքների պաշտպանության մասին, բայց ինչու՞ ենք դեռ ականատես լինում բռնությունների, ի վերջո կա՞ն գործուն մեխանիզմներ բռնություն գործադրողների ձեռքից բռնելու։ Այս հարցերի շուրջ Zarkerak.am-ը զրուցել է Երեխաների պաշտպանության ցանցի գործադիր տնօրեն Էլեն Հարությունյանի հետ։
Բռնության դեպքերին վերջ չկա՞․ որտե՞ղ փնտրել պատճառները
«Մինչ կդիտարկենք բռնությունը շուրջօրյա հաստատությունների համատեքստում, կարևոր է ընդունել, որ, ցավոք, առհասարակ բռնությունը, միշտ գոյություն է ունեցել, գոյություն ունի և կունենա»,- արձանագրում է Էլեն Հարությունյանը և շարունակում․«Վերջերս Երեխաների պաշտպանության ցանցը հրավեր է ստացել մասնակցելու մի մեծ համաշխարհային կոնֆերանսի, որտեղ աշխարհի տարբեր երկրներ հավաքվում են Global Ministerial Conference-ի շուրջ՝ քննարկելու երեխաների դեմ բռնությունների հարցը։ Հարցն այն է, որ ըստ օրակարգ 2030-ի, որով Հայաստանը ևս ստանձնել է կայուն զարգացման նպատակներին առնչվող հանձնառությունների կատարմանը՝ տեղ է գտել նաև երեխաների հանդեպ բռնությունների հարցը։ Մինչդեռ լուրջ ջանքեր պետք է շարունակվեն ներդրվել, որովհետև ամբողջ աշխարհում երեխաների շուրջ 50%-ը դեռևս տարբեր տեսակի բռնությունների է ենթարկվում։ Հայաստանը, ցավոք, բացառություն չէ»։
Էլեն Հարությունյան
Հարցը, թե ինչու են շարունակվում երեխաների հանդեպ բռնության դեպքերը և որտեղ փնտրել պատճառները, ըստ Հարությունյանի, միանշանակ պատասխան չունի․«Խնդիրը բազմաշերտ է. սկսած համապատասխան իրավական կարգավորումներից, վերջացրած մեր հասարակությանը բնորոշ արժեքներով։ Պետք է ընդունենք, որ, ցավոք, ՀՀ հասարակությունն էլ հաճախ անմասն չի մնում բռնությունը նորմալիզացնելուց։ Հաճախ ծնողներն ընտանիքներում բռնությունը համարում են որպես դաստիարակության ճիշտ և արդյունավետ գործող մեխանիզմ, և երբ մանկապարտեզներում, դպրոցներում և այլ վայրերում բռնության աղմկահարույց դեպքեր են լինում, թվում է, թե առաջինը հենց ծնողները պետք է արձագանքեն, դատապարտեն, բայց հաճախ արդարացնում են բռնություն գործադրող մասնագետներին, նշելով, որ երբեմն նույնիսկ իրենք իրենց տանը չեն կարողանում երեխայի դաստիարակության հարցերը ճիշտ կազմակերպել, էլ ուր մնաց մի «խեղճ» մասնագետը 20-30 երեխայի կարողանա միաժամանակ «կառավարել»։ Ուստի մտածում են, որ մասնագետը ստիպված է եղել բռնություն գործադրել, կամ դա միակ հնարավոր լուծումն է եղել»,- նշում է մեր զրուցակիցը։
Ասում է՝ ուստի երեխաների հանդեպ բռնության մասին խոսելիս պետք չէ անտեսել այն, որ խնդրի շերտերից մեկը հենց նորմերն ու արժեքներն են, որ մենք ունենք ու նաև բռնության վերաբերյալ ընկալումները հայկական իրականության մեջ։ Սա նշանակում է, որ ի լրումն տարբեր մակարդակներում տարվող աշխատանքների, պետք է նաև ավելորդ չհամարել նորից ու նորից իրազեկվածության բարձրացման կարևորությունն այս հարցի շուրջ, այն հիշեցումը, թե բռնությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխայի ողջ կյանքի վրա։
Անչափահասը գտնվում է պետության պաշտպանության ներքո, ի՞նչ դեր ունեն բռնությունների կանխարգելման հարցում օրենքն ու օրենսդրական կարգավորումները․ արդյոք չկա՞ն բացեր
Էլեն Հարութունյանի խոսքով՝ շուրջօրյա հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության պատճառների մասին խոսելիս, պետք է չանտեսել հարցը, թե կանխարգելման հարցում օրենսդրական և իրավական ինչ կարգավորումներ կան․«Միևնույն ժամանակ, իհարկե, հեշտ է ամբողջ «մեղքը գցել» օրենսդրական, իրավական կարգավորումների վրա, ասել, որ համապատասխան կարգավորումներ չունենք, կամ դրանք իրականում չեն աշխատում, բայց պատճառը միայն դա չէ, որ ունենք այս պատկերը»։
Ըստ մասնագետի՝ շատ կարևոր է, թե երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում ինչպես են արձագանքում ծառայությունները․«Կարևոր է, թե ինչպես են ծառայությունները կազմակերպում արձագանքը, երբ կա բռնության դեպք, ինչպես են կանխարգելում, միջամտում, ինչպես են փորձում խուսափել կրկնություններից։ Եթե գանք հաստատություններում ապրող երեխաներին, ապա բռնությունների կանխարգելան մասին խոսելիս կարևոր են ինչպես վերոնշյալ հարցերը, այնպես էլ երեխաների հետ աշխատող մասնագետների որակավորման հարցերը․ ինչպե՞ս են կառույցներն ընտրում ու պատրաստում այդ մասնագետներին, ինչպես են իրենց աշխատանքային միջավայրը կազմակերպում, մասնագիտական ինքնախնամքն ապահովում, արդյոք սուպերվիզիա անցնում են այդ մասնագետները, թե ոչ»,-նշում է փորձագետը։
«Խնդրի շերտերը տարբեր են և հետևաբար կատարվելիք աշխատանքն էլ պետք է լինի ոչ միայն համապատասխան օրենսդրական կարգավորումը, արժեքների և նորմերի շրջանում որոշակի փոփոխություն տեսնելու համար անընդհատ իրազեկվածության բարձրացումը, այլ նաև մասնագետների պաշտպանության, համապատասխան աշխատանքային միջավայրի ապահովումը, մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները»,- ընդգծում է Հարությունյանը։
Հարությունյանի ենթադրությամբ, թեև հետազոտությունների խիստ կարիք կա, բայց, կարծես թե աշխարհում երեխաների հանդեպ բռնությունների նվազման կանխատեսում կա․«Փորձը ցույց է տալիս, որ գնալով ավելի են շատանում թե՛ հասարակության շրջանում քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն այս թեմայով, թե՛ երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, և թե՛ հենց երեխաների շրջանում թեմայի շուրջ իրազեկվածության բարձրացումը։ Այս ամենը թույլ է տալիս կարծել, որ բռնության դեպքերը պետք է նվազեն։ Անշուշտ, սակայն, առանձին պետք է հետազոտվի հայաստանյան իրականության պարագան»։
Ինչպե՞ս ունենալ «ընտրյալ» անձնակազմ և ի՞նչ դեր ունեն շուրջօրյա հաստատությունների տնօրեններն առողջ կենսամիջավայրի ձևավորման հարցում
«Նախևառաջ պետք է շուրջօրյա հաստատությունների անձնակազմի համար ստեղծվի և ապահովվի աշխատանքային համապատասխան միջավայր՝ հստակ մշակված և կարևորը՝ գործող ներքին կանոնակարգերով և ընթացակարգերով։ Անձնակազմն անպայման պետք է մասնագիտացած լինի, պարբերաբար անցնի տարաբնույթ դասընթացներ, ժամանակ առ ժամանակ ունենա սուպերվիզիայի հնարավորություն, բարդ դեպքերի պարագայում հստակ իմանա, որ մենակ չէ այդ երեխայի հետ աշխատանքում», -նշում է Էլեն Հարությունյանը։
Ասում է, եթե անգամ հասարակության մեջ հարմարված ենք այն մտքին, որ բռնությունը դաստիարակության «նորմալ» ձև է, ապա երեխաների հետ աշխատող մասնագետները պետք է հեռու լինեն այս մտայնությունից․«Բայց հաճախ այդ նույն մասնագետը գալիս է բռնությունը նորմալիզացնող միջավայրից, շատ ժամանակ առանց փորձի, առանց վերապատրաստումներ անցնելու, երեխաների խնամքին և սոցիալականացմանը վերաբերվելով իրենց կանխակալ, ոչ մասնագիտական մոտեցումներով։ Սկզբում գուցե ոգևորված աշխատում է, իսկ հետո՝ 0 ռեսուրս, 0 ուժ, 0 ցանկություն, արդյունքում՝ մասնագիտական այրում»,-նկատում է մեր զրուցակիցը։
Ըստ Հարությունյանի՝ տնօրենների դերն էլ թե՛ մասնագետի կարողությունները, թե՛ պատրաստվածությունը գնահատելու հարցում կարևոր է, պակաս կարևոր չէ նաև այն, թե արդյոք մասնագետը «պարպված» և հյուծված չէ ու, իրականում, ունի հանգստի կարիք․«Ղեկավարը պետք է հասկանա, որ մասնագետին անպայման որոշ ժամանակ հանգիստ է պետք, մենք պետք է ընդունենք, որ սա իրականում հյուծող աշխատանք է և միայն պետք է աշխատեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են ունենալ այդ աշխատանքային մշակույթը, հասկանան, թե իրենք ինչ տեսակի երեխաների հետ են աշխատում և ղեկավարն էլ պետք է այնքան ճկուն լինի, որ մասնագետները մշտապես ունենան այդ ռեսուրսը երեխաների հետ աշխատելու համար»։
Ասում է՝ բնավ արդարացում չէ այն, որ գուցե մասնագետը հոգնած կամ հյուծված է աշխատանքից․«Բացարձակ չեմ ուզում արդարացնել, որ երևի հոգնած է մասնագետը, դրա համար է ձեռք բարձրացրել, եթե մասնագետն աշխատում է նման կառույցում, տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ, պետք է գիտակցի, թե երեխաների հետ աշխատելու ինչպիսի մոտեցումներ կան, ինքը պետք է հստակ հասկանա, որ բռնությունը երեխայի հետ աշխատանքում ԿԱՏԵԳՈՐԻԿ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է։ Իսկ եթե չի գիտակցում, եթե չունի այդ ռեսուրսը երեխաների հետ աշխատելու, ուրեմն ղեկավարը պետք է միանգամից որոշում կայացնի և հեռացնի նման աշխատողին, բայց սրան չհասնելու համար արդեն ասացի, թե ինչ աշխատանքային պայմաններ են հարկավոր»,- ընդգծում է Էլեն Հարությունյանը։
Մարիամ Մկրտչյան