Գործընթաց՝ որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն Zarkerak - Գործընթաց՝ որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն
Zarkerak Zarkerak - Գործընթաց՝ որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն
Գործընթաց՝ որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն

Գործընթաց՝ որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն

Օրերս հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։ Կանոնակարգի հիմքում այս տարվա ապրիլի 19-ի հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն է։

Ի դեպ, կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Այս պայմանավորվածությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում և հիմք դարձավ ներքաղաքական խմորումների։ Ընդդիմությունը պնդում էր, որ Հայաստանը հերթական անգամ փորձում է տարածքներ զիջել Ադրբեջանին, մինչդեռ, երբ Տավուշի մարզի որոշ հատվածներում  սահմանազատման գործընթացն ավարտվեց՝ պարզ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանները հստակեցրել են խորհրդային ժամանակաշրջանի քարտեզով և այս առումով տարածքային փոփոխություններ եղել են և հետագայում էլ լինելու են ըստ խորհրդային ժամանակաշրջանի վերջին քարտեզի։ Սա նշանակում է, որ խոսքը ոչ թե միակողմանի զիջման, այլ փոխզիջման մասին է։ Ադրբեջանը նույնպես Տավուշում որոշակի տարածքներից հետ է քաշվել։ Այս մասին ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն բարձրաձայնում, սակայն փորձագետներն ու տեղացիները սրա մասին խոսել են և տեսել են։

Ընդհանրապես սահմանազատման գործընթացքում շատ հարցեր այս պահին կողմերը փորձում են չբարձրաձայնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախ պետք է հասարակություններին պատրաստել այդ փոփոխություններին։ Ի դեպ, խոսքը վերաբերում է երկու երկրների հասարակություններին, որովհետև Ադրբեջանի հասարակությունը նույնպես պետք է պատրաստ լինի լսելու և ընդունելու, որ որոշակի տարածքներ, որոնք կողմերը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ և վերջին երեք տարիների ընթացքում զավթել են՝ պետք է վերադարձվեն։

Հայաստանի իշխանությունները շատ հարցերի մասին չեն բարձրաձայնում և դա բացատրում են նրանով, որ այս պահին պետք չէ սրել հասարակական տրամադրությունները ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում։

Խաղաղության հաստատումը բավական բարդ գործընթաց է նաև հոգեբանական առումով։ Ամիսներ, երբեմն տարիներ են պետք, որպեսզի հակամարտող կողմերի հասարակությունները համակերպվեն իրականության հետ, այն իրականության, որը փոխվել է պատերազմի և փոխադարձ թշնամանքի պատճառով։

Առջևում դեռ հարյուրավոր կիլոմետրեր են սահմանազատվելու, այս գործընթացը ընդմիջումներով ու բավական բարդ է իրականացվելու, հաշվի առնելով հենց հարցի զգայունությունը։ Սա գործընթաց է, որտեղ հաղթողներ և պարտվողներ չպետք է լինեն։ Հենց այդ պատճառով է, որ կողմերը փորձում են շատ փակագծեր չբացել գործընթացը չտապալելու համար։ Այսօր արդեն ակնհայտ է, որ բանակցություններն ընթանում են, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ զիջումների մասին և դրա վառ օրինակը հենց Տավուշի որոշ հատվածների սահմանազատումն էր, որտեղ փոխանակվել են գրաված տարածքները։

Նույն մեխանիզմով սահմանազատման գործընթացը իրականացվելու է նաև հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածներում։ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հիմք են ընդունել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, ինչը նշանակում է, որ տարածքներ վերադարձնելու է նաև Ադրբեջանը, այդ թվում նաև այն տարածքները որոնք զավթել է 2020 թվականից հետո։  

Սակայն այստեղ չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ տարածքներ վերադարձնելը և ստանալը չպետք է ժամանակից շուտ ներկայացնել հաղթանակ կամ պարտություն։ Հատկապես, եթե հաշվի առնենք երկու երկրների հասարակությունների միմյանց նկատմամբ թշնամական տրամադրությունները։

Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որքան էլ որ այն քննադատվի, այդուամենայնիվ բավական ողջամիտ է։ Գործընթացը նուրբ և զգայուն է և պահանջում է, որպեսզի ձեռքբերումներն ու զիջումները հանրությանը ներկայացվեն տեղին, ժամանակին և ամենակարևորը առանց ավելորդ պաթոսի։  

Ցանկացած սահմանազատման գործընթաց հանրային սուր հակազդեցություն է ունենում նույնիսկ այն երկրներում, որոնք թշնամիներ չեն։ Առավել ևս հակամարտող պետությունների և հասարակությունների միջև այս գործընթացները չեն կարող զերծ մնալ ներքին ցնցումներից, որոնք իրենց հերթին կարող են տապալել նախապես ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու համաձայնությունները։ Հետևաբար, եթե պետությունները ցանկանում են հասնել երկարատև կայունության, ապա խաղաղության բանակցություններն ու սահմանազատման գործընթացը պետք է առաջ տարվի հնարավորին չափ առանց ցնցումների՝ առանց հաղթական պաթոսի, կամ պարտվողական տրամադրության, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ ցանկացած կայծից կարող է կրկին մեծ պայթյուն առաջանալ։

Մկրտիչ Իսրայելյան 

 

02 Սեպտեմբեր, 2024 14:25
Վեր