«Քննարկվող փաստաթուղթն ամրագրում է միջազգայնորեն ճանաչված այն սկզբունքները, որոնք կարևոր և առանցքային են երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյունից: Չեմ շտապի նշել, որ այս կանոնակարգի ստորագրումն առաջընթաց է: Իհարկե, առաջընթաց է, բայց լիարժեք առաջընթաց չէ այն առումով, որ մենք դեռևս պետք է տևական ժամանակահատված ականատես լինենք վավերացման գործընթացին, վավերացումից հետո գործարկման գործընթացին, որովհետև արդեն իսկ ադրբեջանական կողմից լսում ենք որոշ նոր նախապայմաններ, օրինակ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության դադարեցման պահանջը: Այո, սա չնչին քայլ կարելի է համարել, բայց բովանդակային մեծ հաջողություն պետք չէ որակել»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրելու հարցին՝ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Նշենք, որ կանոնակարգն արդեն հասանելի է և վավերացման մասին նախագիծն ընդգրկվել է Կառավարության սեպտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգում:
Խոսելով այն մասին, որ կանոնակարգում պահպանվել է Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու կետը՝ Պետրոսյանը նշեց. «Պետք է ֆիքսել, որ Ալմա-Աթայի հռչակագիրն էական է եղել ՀՀ-ի համար, որպեսզի սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթանա խորհրդային ժամանակահատվածում եղած վարչական սահմանների հիման վրա, սա շատ կարևոր սկզբունք է, բայց տեքստում նշվում է, որ հնարավոր է խաղաղության համաձայնագրում փոխվի այդ սկզբունքը, եթե կողմերը սահմանազատման գործընթանցն իրականացնելիս գան այդ պայմանավորվածությանը: Երկրորդը՝ 2021 թվականից Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հետ կապված ադրբեջանական կողմն ունի որոշակի վերապահումներ և իմ գնահատմամբ՝ նրանք փաստաթղթային և իրավական տեսանկյունից նախապատրաստվում են դրա հետ կապված ինչ-որ մտացածին փաստաթղթեր օրակարգ բերել: Ինչու եմ այսպես ասում, որովհետև այնուամենայնիվ ադրբեջանական կողմի քայլերը հաշվի առնելով, այն է՝ զբաղեցրած տարածքներում ամրաշինական աշխատանքներ, կահավորման աշխատանքներ իրականացնելը և շարունակական պնդումները, որ դրանք համարվում են Ադրբեջանի տարածքները, խոսում են այն մասին, որ ադրբեջանական կողմն այդքան հեշտ չի զիջելու այդ տարածքները:
Կանոնակարգում կա 4-րդ կետը, որը ճկունություն է հաղորդում հանձնաժողովներին, այսինքն՝ ըստ տարբեր անհրաժեշտությունների գնալ պայմանավորվածությունների: Սահմանազատումը շատ բարդ պրոցես է և պետք չէ մտածել, որ անգամ կանոնակարգի ստորագրումից հետո շատ հեշտ և արագ գործընթաց է սպասվելու: Հայկական կողմը պայքարելու է իր շահերն առաջ մղելու համար»:
Փաստը կարելի է դրական համարել, եթե վավերացումն ավարտվի և դրա հիման վրա գործընթաց տեղի ունենա՝ նշեց արևելագետը՝ հավելելով. «Մենք այս պահին խոսում ենք փոխհամաձայնեցված փաստաթղթի մասին: Ակնհայտ է, որ այս փաստաթղթի համաձայնեցումը և ստորագրումը բավականին բարդ և աշխատատար գործընթաց է եղել և վավերացումը ևս բարդ է լինելու, բայց կա որոշակի դրական տեղաշարժ: Պետք է լինի վավերացում, որն ամենակարևորն է, այս փաստաթղթով պետք է իրականանա սահմանազատում, որովհետև կանոնակարգը կարող է վավերացվել, բայց գործընթացն առաջ չգնա՝ կողմերի կամքի բացակայության պատճառով, իսկ դա նկատվում է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը որևէ փոխզիջման պատրաստ չէ, Ադրբեջանը ցանկանում է առավելապաշտական դիրքերից հանդես գալով՝ Հայաստանից ստանալ առավելագույնը:
Անգամ սահմանի նվազագույն հատվածի սահմանազատումն ադրբեջանական կողմը փորձելու է օգտագործել Հայաստանի դեմ՝ կողմնակի առավելություններ ստանալու կամ Հայաստանից կողմնակի զիջումներ կորզելու նպատակով: Չի բացառվում, որ ինչ-որ իքս փուլում ադրբեջանական կողմն ընդհանրապես նախապայման դնի՝ սահմանազատման գործընթացի հետագա ընթացքի հետ կապված, օրինակ, եթե ՀՀ-ում շարունակի գործել ԵՄ դիտորդական առաքելությունը, ինչպես օրինակ ներկայումս խաղաղության համաձայնագրի ստորագրման համար նախապայման է դնում Սահմանադրության փոփոխությունն ու Մինսկի խմբի լուծարումը: Մենք գործ ունենք մի դերակատարի հետ, որը կառուցողական չէ, որը չի ցանկանում խաղաղություն: Սրան գումարած ադրբեջանական կողմը պարբերաբար առաջ է քաշում թեզեր, որոնք ունեն նաև կողմնակի աջակիցներ: Օրինակ՝ ԵՄ դիտորդական առաքելության դադարեցման հարցում բնականաբար և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի, և՛ Իրանի աջակցությունը կա, այստեղ Ադրբեջանի պահանջները ստանալու են նաև կողմնակի աջակցություն»:
Խոսելով նաև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ կողմերի հերթական առաջարկները միմյանց փոխանցելու մասին՝ Արմեն Պետրոսյանն ասաց. «2021 թվականից հետո, երբ ակտիվորեն խոսվում էր խաղաղության պայմանագրի մասին և արդեն 2022 թվականից ակտիվացած բանակցությունների արդյունքում ականատես ենք լինում, թե ինչպես խաղաղության համաձայնագրի տեքստից պարբերաբար դուրս են հանվում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների միջև առկա առավել խնդրահարույց հարցերը՝ սա և՛ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն է, և՛ Արցախի հիմնախնդիրն է, որը 2023 թվականի սեպտեմբերից հետո փոխել է իր բովանդակությունը, ընդամենը շաբաթներ առաջ այդ նույն բովանդակությունից դուրս բերվեց տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը, այսինքն՝ սրանք այն ֆունդամենտալ կարևոր խնդիրներն են, որոնք եղել և մնում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Միանշանակ է, որ այս պահին չկա համաձայնագիրը ստորագրելու հնարավորություն, այսինքն՝ հնարավորություն կա, բայց դա չի ստորագրվում ադրբեջանական կողմի վարքագծի և մոտեցումների պատճառով: Հայաստանի հետ տարվող ողջ գործընթացն ադրբեջանական կողմն օգտագործում է մի նպատակով՝ առավելագույն օգուտներ քաղելու համար:
Այդ համաձայնագիրն ի վերջո կստորագրվի, եթե Ադրբեջանը հասկանա, որ այլևս այլ կողմակի եղանակներով հնարավոր չէ Հայաստանից ինչ-որ բան ստանալ: Առայժմ այդ փուլին չեն հասել, որովհետև ամեն հոդվածի նախահամաձայնեցումն անգամ ադրբեջանական կողմն օգտագործում է Հայաստանի դեմ ահռելի ծավալի մեղադրանք հնչեցնելուն զուգահեռ: Հոդվածների հետ կապված կա շատ դանդաղ ընթացող փոխհամաձայնություն, բայց միջազգային պրակտիկայում կա այսպիսի մի սկզբունք՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամբողջը համաձայնեցված չէ: Բարդ պրոցես է սպասվում, եթե Ադրբեջանը հասկանա, որ այս պահին իրեն պետք է այդ համաձայնագիրը, նրանք արագ կերպով կգնան դրա ստորագրմանը, բայց առայժմ այդ որոշմանը չեն հանգել»:
Աննա Բզնունի