«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է: ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ-ի տարածքում և մոնիթորինգ են իրականացնում սահմանում՝ հայաստանյան կողմից: Այստեղ Հայաստանը և ԵՄ-ն պետք է որոշեն՝ երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները: Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, երբ ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիթորինգի անհրաժեշտություն այևս չլինի, բայց այս պահին նման հարց բնականաբար չի քննարկվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության դուրս բերման մասին Բաքվի հայտարարությանը՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման և գործընթացում միջնորդների դերակատարման մասին՝ Խանդանյանն ասաց. «Հնարավոր է և երկկողմ ֆորմատով ստորագրվի, հնարավոր է որևէ երրորդ գործընկերոջ երկրում ստորագրվի, այսինքն՝ նման հարց այս պահին չի քննարկվում: Մեզ համար առաջնահերթ է, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի այն սկզբունքներով, որոնցով մենք կարծում ենք, որ կարևոր է ստորագրվի: Չեմ կարծում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը Հայաստանի աշխարհաքաղաքականությունն է որոշելու, դա իմ կարծիքով ընդամենը տեխնիկական հարց է: Մենք այն փուլին չենք հասել, որ արդեն պետք է քննարկենք, թե որտեղ ենք ստորագրում»: