Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հետ կապված գործընթացները նորմալ ընթացքի մեջ են։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին նիստը տեղի էր ունեցել մոտ երեք շաբաթ առաջ։ Վաղը տեղի է ունենալու այսպես ասած նոր սեզոնի մեկնարկը, որտեղ քննարկելու ենք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոննիսյանի առաջարկած հարցը. կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումների վերանայման հարց է առաջ քաշվում։ Կքննարկենք և կտեսնենք, թե որ ուղղությամբ ենք առաջ գնալու»,- նշեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ նախնական ընկալում կա, որ սահմանադրական հանրաքվեն տեղի է ունենալու 2027 թվականին։«Մինչև այդ ունենք բավականին երկար ժամանակ, որպեսզի հանրային քննարկումներով, մասնագիտական համայնքի, խորհրդի հետ աշխատելով՝ մանրամասն կարողանանք վերլուծել։ Ունենք հարցեր, որոնք արդեն քննարկել և քվեարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու։ Կարելի է ասել՝ վաղը տրվում է նոր մեկնարկ»,- եզրափակեց Մինասյանը։
Հայաստանի գործող Սահմանադրությամբ կա պահանջ՝ ընտրություններից հետո խորհրդարանում ձևավորել կայուն մեծամասնություն։ Ընտրական օրենսգրքում էլ ֆիքսված է, որ կայուն մեծամասնություն չձևավորելու պարագայում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն առաջարկում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը և ներդնել սովորական համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։