Խոսելով կարևորի մասին՝ համատարած աղմուկի մեջ․ բլոգեր Աշոտը սոցցանցերում պատմում է պայքարելու, կյանքի որակի լավացման ու ի հեճուկս առողջական խնդրի՝ երջանիկ լինելու մասին Zarkerak - Խոսելով կարևորի մասին՝ համատարած աղմուկի մեջ․ բլոգեր Աշոտը սոցցանցերում պատմում է պայքարելու, կյանքի որակի լավացման ու ի հեճուկս առողջական խնդրի՝ երջանիկ լինելու մասին
Zarkerak Zarkerak - Խոսելով կարևորի մասին՝ համատարած աղմուկի մեջ․ բլոգեր Աշոտը սոցցանցերում պատմում է պայքարելու, կյանքի որակի լավացման ու ի հեճուկս առողջական խնդրի՝ երջանիկ լինելու մասին
Խոսելով կարևորի մասին՝ համատարած աղմուկի մեջ․ բլոգեր Աշոտը սոցցանցերում պատմում է պայքարելու, կյանքի որակի լավացման ու ի հեճուկս առողջական խնդրի՝ երջանիկ լինելու մասին

Խոսելով կարևորի մասին՝ համատարած աղմուկի մեջ․ բլոգեր Աշոտը սոցցանցերում պատմում է պայքարելու, կյանքի որակի լավացման ու ի հեճուկս առողջական խնդրի՝ երջանիկ լինելու մասին

Այս տարի արված երկու հետազոտությունների համաձայն օգտատերերը ՏիկՏոկի յուրաքանչյուր տեսանյութ դիտում են միջինում 3․33 վայրկյան, Ինստագրամում՝ պյուս-մինուս 20 վայրկյան։ Փաստորեն, բառի ամենաուղիղ իմաստով հաշված վայրկյաններ կան դիտողին գրավելու, ասելիքդ  հայտնելու ու չձանձրացնելու համար։

Երևանում ապրող 17-ամյա բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը որոշել է մարտահրավեր նետել սոցցանցային հեշտմարսելի ու զվարճալի բովանդակությանը՝ սոցհարթակներում վարելով բլոգ, ինչպես ինքն է ասում, պայքարելու, կյանքի որակի լավացման ու քո խնդրով երջանիկ լինելու մասին։ Աշոտը որոշել է խոսել իր հաշմանդամության տեսակի՝ հենաշարժողական ֆունկցիայի խանգարման մասին։  Նա մեզ իր հետ «տանում է» քաղաքում հանդիպումների՝ միասին ստուգելու նաև քաղաքային միջավայրի հարմարավետությունը,  ցույց է տալիս իր առօրյան, խոսում հաշմանդամությունը լիարժեք կյանքի հետ համադրելու, տարածված կարծրատիպերի ու դրանք կոտրելու իր տարբերակների մասին։ Zarkerak.am-ն Աշոտի հետ զրուցել է բլոգ վարելու որոշման, յուրաքանչյուր տեսանյութի վրա մտովի չարչարվելու և իր կողմից տարածվող ուղերձների ու դրանց հասցեատերերի մասին։ 


Իսկ ամեն ինչ սկսվեց պատահական․․․

«2023-ի հոկտեմբերն էր, սկզբում պատահաբար վիդեո եմ տեղադրել Ինստագրամում, թե ինչպես եմ մետրո նստում, ցույց տալով, թե որքանով է մետրոն հաշմանդամություն ունեցող  անձանց համար մատչելի։ Հենց այդ օրվա ընթացքում էլ հոլովակն արդեն բավական դիտումներ հավաքեց  ու այդ օրվանից,  այսպես ասած, սկսվեց իմ կարիերան բլոգինգում»,- պատմում է Աշոտը։ Անկեղծանում է՝ ավելի վաղ տարիքից էլ հետաքրքրված է եղել թե՛ բլոգինգով, թե՛ հեռուստատեսությամբ։  

Ընդգծում է, որ Հայաստանում  առաջինն ինքն է, որ հենց նման ֆորմատով է հանդես գալիս՝ մի կողմից ցույց տալով իր առօրյան, դրա լուսավոր ու բարդ կողմերը, մյուս կողմից անդրադառնալով հաշմանդամության վերաբերյալ հանրային հաճախ ոչ միանշանակ ընկալումներին․«Հասկացա, որ ոչ ոք չի խոսում այդ մասին, մտածեցի, իսկ ո՞վ պիտի խոսի, եթե ոչ ես, երբ ամենալավը գիտեմ խնդիրը և այս ամենի մեջ եմ։  Ինձնից առաջ մի շարք ՀԿ-ներ, անհատներ  խոսել են այս մասին, ուղղակի սոցցանցերում դեռ ոչ ոք այս տարբերակով չի փորձել հարցին մոտենալ։ Շուրջս նայելով հասկանում էի, որ հաշմանդամությանն առնչվող խնդիրները նոր մոտեցմամբ է պետք ներկայացնել, քանի որ երբեմն մարդիկ առհասարակ ծանոթ չեն, թե հաշմանդամության ինչ տեսակներ կան, ինչպես է պետք ճիշտ արտահայտվել հաշմանդամություն ունեցող անձանց մասին, գուցե նրանց պետք է ցույց տալ, որ կարծրատիպային են մտածում այս կամ այն հարցում»,- նկատում է նա։  

Աշոտ Հովհաննիսյան

Ինչո՞ւ վարել բլոգ համատարած աղմուկի մեջ

Աշոտն ընդգծում է, որ բլոգ վարելով մեկ հիմնական նպատակ ունի՝ կոտրել կարծրատիպը, թե հաշմանդամություն ունեցող անձինք անկարող և թույլ են․«Բացի դա, իմ ներկայացրած կոնտենտով հորդորում եմ, որ հաշմանդամություն ունեցող անձինք էլ իրենք իրենց ընդունեն, քանի որ միայն այդ դեպքում հասարակությունն էլ կընդունի։ Պետք է փաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք էլ  հաճախ չեն բարձրաձայնում խնդիրները», - նկատում է Աշոտը։

Ասում է՝ գուցե իր բլոգում հայտնվողը մտածի, թե միշտ է այսքան բաց ու անկաշկանդ եղել, բայց այդ փուլին հասնելու համար երկար ճանապարհ է անցել․«Ոչինչ միանգամից չի լինում։  Ես դպրոցական տարիներին ենթարկվել եմ  բուլինգի, խտրականության, ես մտածել եմ, որ չեմ ընդունվում իմ ընկերների կողմից, ես կոմպլեքսավորվել եմ իմ խնդրից, մտածել եմ՝ ինչու՞ եմ այսպես քայլում, այդ բոլոր փուլերով անցել եմ։ Բայց ուզում եմ ցույց տալ, որ  եթե այս պահին տեսնում եք որոշ չափով հղկված 17 տարեկան մարդու, դա հաղթահարված փորձությունների հաշվին է։  Անկախ ամեն ինչից՝ ես որոշել եմ, որ չպետք է կուլ գնամ դժվարություններին և հանգիստ «մարսեմ» դրանք։ Գիտեմ, որ այս փուլում էլ շատ հղկվելու տեղ ունեմ, բայց կարող եմ վստահ նշել, որ լրիվ հաշտ եմ իմ հաշմանդամության հետ»։

Խոսել այնպես, որ քեզ լսեն․․․

Սոցիալական մեդիայի մարքեթինգով զբաղվող Աշոտը լավ գիտի, որ առօրեական ու պարզ կոնտետին իբրև հակակշիռ լուրջ ու խորը խնդիրներ բարձրաձայնող հոլովակները լսարանին պետք է մատուցվեն հնարավորինս մատչելի ձևով․ «Շատ դժվար է այնպես անել, որ մարդուն քո ստեղծածը գրավի, նայի, չշտապի թերթել։ Օգտատերը մտնում է սոցցանցեր, որ իր ժամանցն անցկացնի, զավեշտալի ինչ-որ վիդեոներ նայի և շատ դժվար է կարևոր ասելիքդ հենց նման ֆորմատով ներկայացնելը։ Բայց մասնագիտությունս էլ թույլ է տալիս, որ կարողանամ մշակել հետաքրքիր բովանդակություն, արձագանքները դա են հուշում»։

Աշոտի  սոցիալական էջերում կա հումոր, լրջություն, թրենդներ, գերզգայուն թեմաներ, շատ տեղեկատվություն, բայց միևնույն ժամանակ թեթև ու ոչ ծանրամարս մատուցում։ Ասում է՝ իր յուրաքանչյուր հոլովակի բովանդակության շուրջ երկար է մտածում, ոչինչ չի անում հենց այնպես անելու համար․ «Լրջորեն եմ մտածում, թե ինչպես խոսքս ձևակերպեմ նուրբ թեմայի շուրջ, փորձում եմ նաև շրջապատի բանիմաց մարդկանցից հասկանալ՝ արդյոք իմ ընտրած բառը, բառակապակցությունը որքանով է ճիշտ, որքանով եմ ճիշտ ինֆորմացիա տրամադրում այս կամ այն ախտորոշման մասին։ Փորձում եմ և՛ ժամանցային կոնտենտ ապահովել, և՛ հումորով ցույց տալ շատ մտահոգիչ երևույթներ»։  

Ասում է՝ ինչ էլ անի հիմքում մի բան է դրված՝  իր օրինակով ապացուցել, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հետևել թրենդներին, կարող են ուրախանալ, պարել և պարտադիր չէ, որ ամբողջ կյանքում միայն բողոքեն, որ խնդիր ունեն․ «Մենք  ունենք հաշմանդամություն ունեցող անձանց խումբ, որը չի կոմպլեքսավորվում և հանգիստ ցույց է տալիս իր կյանքն ու առօրյան»։

Ի դեպ, Աշոտի ասելիքն այնքանով է տեղ հասել, որ նաև ստացել է համագործակցության առաջարկներ, դրանցից մեկն էլ ֆոտոմոդել դառնալն էր խնամքի միջոցներ արտադրող հայաստանյան ընկերության գովազդում։

 

Դառնալով օրինակ ու ոգեշնչող

«Ինքս միշտ իմ ընկներներին ասում եմ՝ ինչքան կարող եք խոսեք, բարձրաձայնեք, պատմեք ձեր մասին։ Մեծագույն հաճույք է, երբ տեսնում եմ, որ իմ ընկերները սկսել են խոսել իրենց խնդրից, ցույց տալ իրենց հենակները, իրենց սայլակը, քայլակը, տեսողության առանձնահատկություններից խոսել։ Շատ ուրախ եմ, որովհետև մի քանի հոգու գիտեմ, որ հենց իմ  օրինակին հետևելով սկսել են սոցցանցերում խոսել իրենց հաշմանդամության մասին և փորձում եմ ինչով կարող եմ իրենց կողքին լինել», -ուրախությամբ արձանագրում է Աշոտը։

Անկեղծանում է, որ  բլոգ վարելը մեծագույն հաճույք է, հատկապես, երբ դառնում ես ոգեշնչում հաշմանդամություն ունեցող շատ  պատանիների ու երիտասարդների համար․«Ծանոթ երեխեք կան, որ իրենց նախկինում փակ սոցցանցների էջերը բացել են, սա ևս հաջողություն է։ Երեխեք կան, որ մոտիկանում են, ասում՝ շատ լավ  բան ես անում, մենք  մեզ գտնում ենք քո բլոգում։ Չէի պատկերացնի, որ 17 տարեկանում կկարողանամ այնպես անել, որ այս երեխեքին ինչ-որ ձև ցույց տամ, որ մենք միասին ամեն բանի միջով կանցնենք։ Կարող եմ ասել, որ այս հարցում որոշ չափով հասել եմ իմ նպատակին»։

Ի՞նչ է հուշում  հասարակական արձագանքը

Աշոտի խոսքով՝ ինքն ուշադիր է, թե իր բլոգում ներկայացվող տեսանյութերն ինչ արձագանք են ստանում․«Մեկնաբանություններում հաճախ եմ կարդում, որ սա պետքական կոնտենտ է,  ստանում եմ քաջալերանքի, գովեստի խոսքեր։ Բայց եթե անկեղծ լինեմ, մեկնաբանություններ էլ կան, որ ուղղակի ապշեցնում են։ Հասկանում եմ, որ մի մարդը չի կարող բոլորի համար լավը լինել,  բայց կան մեկնաբանություններ, որ ոչ թե ինձ վիրավորում են, այլ ես խորը ցավ եմ ապրում, որ  մենք ապրում են հասարակության մեջ, երբ շարունակում են ինչ-որ մեկի աշխատանքի վրա ցեխ շպրտել, ոչ առողջ քննադատել, ատելություն տարածել։ Ես չեմ ուզում, որ ՀՀ-ում լինեն դժբախտ մարդիկ, որ ուզենան մտնել ինչ-որ մեկի մեկնաբանություններ  ու իրենց բարդույթները ցույց տալ այնտեղ»։

Աշոտն անիրական բաների մասին չի երազում, ուղղակի ուզում է, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լինեն լսված, հասկացված ու տեսանելի, դե ինքն էլ, ինչպես իր ինստագրամյան էջում է նշել՝ որպես քայլակով բլոգեր, պատրաստ է դառնալ կարևոր հարցեր բարձրացնելու հարցում առաջամարտիկ՝ ճանապարհի սկիզբը հաստատուն դրված է։

 

Մարիամ Մկրտչյան

 

 

04 Սեպտեմբեր, 2024 16:21
Վեր