ՀՀ ԱԺ «Քաղացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ըստ արցախցիների՝ Հայաստանի Հանրապետությունը ռազմական գործողությունների ժամանակ Արցախին միայնակ է թողել ու օգնության չի հասել, պատասխանել է․
«Դուք ուսումնասիրեք, թե 2020 թվականի զոհերից ինչքանն է Հայաստանի Հանրապետության տարածքից եղել, ինչքան են ՀՀ-ից գնացել էնտեղ գրանցված եղել և ինչքանն են Արցախից եղել ․․․Շատ կզարմանաք, թե 2020 թվականի պատերազմին ինչքանն են Հայաստանի Հանրապետությունից մեր եղբայրները զոհվել, մեր երեխաները զոհվել, ինչքան են Ղարաբաղում գրանցվածները զոհվել, և ինչքան են Ղարաբաղի գրանցում ունեցողները զոհվել»։
«Փաստերի ստուգման հարթակը» իր հերթին անդրադարձել է այդ հարցազրույցին և որոշել է, որ Խաչատուր Սուքիասյանը մանիպուլյատիվ հայտարարություն է արել։ Նախ սկսենք նրանից, որ պետք է պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում «Փաստերի ստուգման հարթակը», որն իրեն իրավունք է վերապահում որակավորումներ տալ պատգամավորի տեսակետներին։ Ով է որոշել, որ այս հարթակը մասնագիտական առումով ունի այդ մակարդակը, որպեսզի որակումներ տա այս կամ այն գործչի հայտարարություններին։
«Փաստերի ստուգման հարթակը» վերցրել է զոհերի վերաբերյալ պաշտոնական տվյալները և նշել, որ 44 օրյա պատերազմի զոհերի մեծ մասն ունեցել են Արցախի գրանցում։ Եվ այստեղ թերևս ակնհայտ է դառնում, որ մանիպուլյատիվ հայտարարություն անում է հենց «Փաստերի ստուգման հարթակը»։ Այս կազմակերպությունը, որն իրեն իրավունք է վերապահում քաղաքական և հանրային գործիչների կարծիքները ճիշտ ու սխալ գնահատել, վերցրել է զոհերի տվյալներն ըստ ՀՀ մարզերի առանձին բնակավայրերի և դրանք համեմատել է Արցախի գրանցում ունեցող զոհված քաղաքացիների թվի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ ՔՊ պատգամավորը անդրադառնալով լրագրողի դիտարկմանը համեմատել է Հայաստանն ու Արցախը որպես առանձին կայացած պետություններ։
Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալի՝ 44 օրյա պատերազմի զոհերի թիվը 3749 է, որից, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տրամադրած տեղեկության՝ 835 անձ Արցախի գրանցում է ունեցել։ Համայնքների համեմատությամբ գուցե տոկոսային պատկերն այլ է, սակայն Խաչատուր Սուքիասյանը խոսել է ոչ թե ըստ համայնքների, այլ պետությունների մասին, տվյալ դեպքում Արցախի և Հայաստանի։ Ավելին, եթե «Փաստերի ստուգման հարթակը» մի քիչ ավելի խորանար թեմայի մեջ, ապա թերևս կպարզեր, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ պայմանագրայիններ և սպաներ են զոհվել որոնք եղել են Հայաստանից, սակայն ծառայության բերումով ունեցել են Արցախի գրանցում։
Ընդհանրապես այս թեմային թերևս չարժեր անդրադանռնալ, սակայն նշենք, որ թեման այսպես ասած տաքացրել են լրատվամիջոցները, իսկ կրակի վրա յուղ լցրել է «Փաստերի ստուգման հարթակը», իր սուբյեկտիվ և անհիմն պարզաբանումներով։
Կան թեմաներ, որոնց մասին ամպագոռգոռ հայտարարություններ և տվյալներ հրապարկելուց առաջ արժի լավ ծանր ու թեթև անել։ «Փաստերի ստուգման հարթակը» ճիշտ կանի ավելի թեթև և ոչ զգայուն թեմաների վերաբերյալ կարծիքներ հայտնի, հատկապես, որ տվյալների ուսումնասիրման և համեմատության առումով այս հարթակը այդքան էլ չի փայլում։
Մկրտիչ Իսրայելյան