«Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության կետերից որևէ մեկն այս պահին իրականացված չէ մյուս կողմերի կողմից, հետևաբար ես կարծում եմ, որ քննարկելի չէ այլևս նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետի կատարումը և առհասարակ քննարկելի չէ այն նարատիվը, որ ՀՀ-ն որևէ կետ չի կատարում»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով չի անցնելու արտատարածքային որևէ ճանապարհ, ՀՀ-ում եղած ճանապարհների վրա վերահսկողությունը ով կիրականացնի՝ որոշելու է ՀՀ կառավարությունը, որևէ այլ երկրի վերահսկողություն չի կարող լինել ճանապարհի վրա։ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որով ՌԴ-ն պետք է գա և վերահսկողություն իրականացնի, այդպես մեկնաբանում է ռուսական կողմը, ինչին ի պատասխան մենք բազմիցս արձագանքել ենք, որ այդ մեկնաբանությունը տեղին չէ»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ իրավիճակը ցույց է տվել, որ ըստ էության, նոյեմբերի 9-ի հայտարարություն այլևս գոյություն չունի։
Հարցին, այդ դեպքում ինչու՞ ՀՀ-ն հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից, նա պատասխանեց․«Ստորագրությունը հետ կանչելը, կարծում եմ, սին օրակարգ է, որովհետև քաղաքական առումով իմաստ չեմ տեսնում հետ կանչել ստորագրությունը հրադադարի մասին հայտարարության տեքստի տակից, ոչ մի օգուտ չտվող գործողություն է»։