«Այդքան քննարկվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: 9-րդ կետը միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հայտարարության 9-րդ կետին՝ Փաշինյանն ասաց. «Գրված է, որ անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան՝ որտեղ է դա գրված, ավելին՝ երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում և կազմակերպում է, այստեղ չկա որևէ բան գրված, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղից պետք է գա երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի, ամեն ինչն անում է ՀՀ-ն: Ադրբեջանն ասում է՝ անվտանգությունը դու չպետք է ապահովես, ո՞նց չապահովենք, որ իրենք էլ, մենք էլ ստորագրել ենք, որ ՀՀ-ն պետք է ապահովի»:
Փաշինյանը հավելեց, որ որոշ երկրների պաշտոնյաներ անում են հայտարարություն, որից գոնե ակնհայտ է դառնում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության թուղթը կա՛մ չեն կարդացել, կա՛մ վաղուց չեն կարդացել: