Ո՞ր  դեպքում կձգձվեն,  ո՞ր դեպքում հաճպեպ կանցկացվեն Բաքվում  պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների  գործերով դատաքննությունները․ փորձագետի դիտարկումները Zarkerak - Ո՞ր դեպքում կձգձվեն, ո՞ր դեպքում հաճպեպ կանցկացվեն Բաքվում պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների գործերով դատաքննությունները․ փորձագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - Ո՞ր դեպքում կձգձվեն, ո՞ր դեպքում հաճպեպ կանցկացվեն Բաքվում պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների գործերով դատաքննությունները․ փորձագետի դիտարկումները
Ո՞ր  դեպքում կձգձվեն,  ո՞ր դեպքում հաճպեպ կանցկացվեն Բաքվում  պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների  գործերով դատաքննությունները․ փորձագետի դիտարկումները

Ո՞ր դեպքում կձգձվեն, ո՞ր դեպքում հաճպեպ կանցկացվեն Բաքվում պահվող արցախցի բարձրաստիճան պաշտոնյաների գործերով դատաքննությունները․ փորձագետի դիտարկումները

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին այդ երկրի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հայտարարությունն այն մասին, որ  Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործի նախաքննությունն ավարտվել է,  նյութերը մոտ ժամանակներս կներկայացվեն դատարան։  

«Համանման հայտարարություն գլխավոր դատախազն արել էր հունիսի վերջին, ու մինչև հիմա որևէ նորություն չկա։  Նշվել էր, որ նախաքնությունն ավարտվել է, գործը փոխանցում են դատարան  ու մինչև օրս դատարանը վարույթ չի ընդունել, չի քննում, այսինքն՝ այդ հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ շուտով դատավարությունները կսկսվեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Նա նկատում է՝  փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները միանշանակ ընդունել պետք չէ։

Աննա Մելիքյան

Ըստ նրա, թեև հայտնի չէ, թե գործերը, երբ դատարան կմտնեն, բայց որոշ հավանական սցենարներ կարելի է կանխատեսել․«Համադրելով հայերի նկատմամբ նախկինում տեղի ունեցած դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի դեմ,  հնարավոր է, որ մի կողմից դատավարությունները փորձեն շատ արագ անել՝ հաճախակի նիստեր գումարելով։  Մյուս կողմից, հաշվի առնելով, որ արդեն մեկ տարի է՝ նախաքննություն է ընթանում, կարող է  ձգձգեն, որպեսզի առիթ լինի  այս անձանց երկար պահելու»,- բացատրում է իրավական հարցերով փորձագետը։

Նաև հիշեցնում է Քամրան Ալիևի հայտարարությունն այն մասին, թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործերով «շատ տուժողներ ու վկաներ կան»«Եթե բոլորին բերելու են դատարանում հարցաքննեն, բավականին երկար կտևի դատաքննությունը»։

Ըստ Մելիքյանի՝ այս փուլում առնվազն կարող ենք արձանագրել, որ թե՛ միջազգային  կոնվենցիաներով, թե՛ Եվրոպական կոնվենցիայի դրույթներով  սահմանված արդար դատաքննության իրավունքի երաշխիքներն Ադրբեջանում ընդհանուր առմամբ չեն պահպանվում, հայերի նկատմամբ նախկինում տեղի ունեցած դատավարությունների ընթացքում՝ առավել ևս։ Ուստի  միամտություն է կարծել, թե դրանք հաշվի կառնվեն Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ դատավարությունների ընթացքում․«Կարծում եմ՝ խոսք չի կարող լինել նաև արդյունավետ պաշտպանության մասին, ըստ էության, ակնհայտ է, որ  որևէ միջազգային կոնվենիցայով նախատեսված  երաշխիք չի պահպանվելու։ Հրապարակային ինֆորմացիա չկա, չգիտենք արդյոք իրենք կարողանում են  օգտվել պաշտպանի ծառայություններից, պատրաստվել իրենց պաշտպանությանը,  արդյոք հնարավորություն կունենան իրենց կողմից վկաներ ներգրավել։ Մինչ օրս Բաքվում պահվող բոլոր հայերի դատավարություններով այս ամենն իրագործել հնարավոր չի եղել»։

Բա՞ց, թե փա՞կ կլինեն Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարությանն առնչվող դատական նիստերը, Մելիքյանի  դիտարկմամբ՝ ավելի հավանական է բաց նիստերի տարբերակը՝ որպես շոուի ապահովման հրապարակային գործիք․«Մինչև օրս բոլորը եղել են դռնբաց՝  որոշակի ցուցադրական մեսիջներով,  տեղական ԶԼՄ-ների ներկայությամբ»։

ԶԼՄ-ների ներկայությունն ապահովու՞մ է իրականության հրապարակայնացում․«Իրականում շատ դժվար է հասկանալ ինչ է կատարվում  նիստերի դահլիճում, որովհետև օտարերկրյա  մշտադիտարկողներ չեն  եղել,  բացի ադրբեջնական ԶԼՄ-ներից, դատավարություններն այլ ԶԼՄ-ներով չեն լուսաբանվել։  Նախկինում տեղի ունեցած դատավարությունների ընթացքում լուսաբանումը բավական ընտրովի է եղել, այս պահին դեռ պետք է հասկանանք՝ ինչ կլինի, առավել ևս որ վերջերս անգամ այն ԶԼՄ-ները, որոնք համարվում են համեմատաբար անկախ,  հետապնդվում են և իրենց նկատմամբ էլ են բավականին շատ  գործեր են հարուցել։  Չենք կարող ակնկալել , որ  անկախ լուսաբանում կամ դիտարկում կլինի, որպեսզի վստահ լինենք, որ խախտումները կարձանագրվեն»։

Այնուամենայնիվ, ըստ նրա, բաց նիստերի դեպքում անկախ մշտադիտարկման շանս կա, այլ հարց է, թե որքանով ադրբեջանական իշխանությունները թույլ կտան այն իրացնել․«Եթե նիստերը դռնբաց են, տեսականորեն ցանկացած մարդ կարող է  ներկա գտնվել։ Լավագույն սցենարը, ըստ էության կլինի, եթե Բաքվում ներկա գտնվող ՄԱԿ-ի գործակալության աշխատակիցները, ունենալով նման մանդատ, իրականացնեն մշտադիտարկում։ Այլ  հարց է՝ ադրբեջանական իշխանությունները կցանկանա՞ն,  թե՞ չեն ցանկանա  ու արդյոք, դա  տեղի կունենա՞, թե չէ՞»։

Մելիքյանը նաև նշում է, որ անկախ դատական համակարգ ունեցող երկրներում սովորաբար դիտարկումներն իրականացնում են նաև ՀԿ-ները․«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԿ-ներն Ադրբեջանում  բավականին ճնշված վիճակում են գտնվում, չեմ ակնկալում, որ  որևէ ՀԿ  օբյեկտիվ դիտարկում իրականացնի  և հրապարկի տեղեկություններ։ Միջազգային որևէ ՀԿ  տեսականորեն կարող է ներկա գտնվել ու մշտադիտարկում իրականացնել,  բայց այդ առումով ևս Ադրբեջանի  համաձայնությունը պետք է լինի։ Միջազգային ՀԿ-ներից  օրինակ Human Rights Watch-ը կարող է ներկա գտնվել, հրապարկել դիտարկումները,  շատ կարևոր կլիներ մեզ համար, որ որևէ օբյեկտիվ  դիտարկում իրականացվեր և խախտումները  ներկայացվեին»։

Փորձագետը հիշեցնում է, որ  Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ մի քանի մեղադրանքներ կան առաջադրված՝ այդ թվում ահաբեկչություն,  զենքի ապօրինի շրջանառություն, զինված  խմբերի ստեղծում։ Որոշ անձանց՝ օրինակ Արայիկ Հարությունյանի դեպքում, ագրեսիվ պատերազմ վարելու, ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանք։ Ըստ նրա՝  բացի Լևոն Մնացականյանից, մնացած բոլոր  բարձրաստիճան պաշտոնյաներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։ Լևոն Մնացականյանի դեպքում առաջադրված է խոշտանգման մեղադրանք, որի դեպքում ազատազրկումը մինչև 10 տարի է։

Առաջադրված մեղադրանքների  մասով, ըստ նրա, առկա է անորոշություն․«Առաջադրված մեղադրանքների վերաբերյալ միակ տեղեկությունը հրապարակվել է ձերբակալություններից հետո՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Դրանից հետո հայտնի չէ  մեղադրանքներում փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Հենց սրանով պայմանավորված էլ՝  մեր մտահոգություններն ավելանում են» , - նշում է մեր զրուցակիցը։

Աննա Մելիքյանը նաև հայտնում է, որ այժմ, ըստ հաստատված տեղեկությունների, Բաքվի բանտերում ապօրինի պահվում է  23 անձ։ Նրանցից 5-ն ազատությունից զրկվել և դատապարտվել են 2020-ի պատերազմից հետո, դատապարտվածների թվում են նաև 2023-ին ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը և Ռաշիդ Բեգլարյանը։ Մյուս անձանց մասով վճիռներ դեռ չկան։   

 

Մարիամ Մկրտչյան

 

13 Սեպտեմբեր, 2024 13:53
Վեր