Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց իր մրցելույթներն ՈւԵՖԱ Ազգերի լիգայում: Երկրպագուները միանշանակ հավատում էին մեր տղաների հաղթանակին, դա էին փաստում ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում սեպտեմբերի 7-ին կայացած Հայաստան-Լատվիա հանդիպման ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները: Մեր ընտրանին, փայլուն խաղ ցուցադրելով, սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին՝ արդարացնելով մարզչի և երկրպագուների հույսերը:
Երեք օր անց, թիմը Սկոպյեում հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Թվում էր՝ Լատվիայի դեմ տարած հաղթանակի շարունակությանը պետք է ականատես լինեինք, սակայն ինչպես գիտենք՝ ֆուտբոլում ամեն ինչ որոշվում է մարզադաշտում և հանիպման ելքն էլ կախված է տվյալ թիմի դեմ ցուցադրած խաղից: Մեր տղաները Հյուսիսային Մակեդոնիային զիջեցին՝ 2-0 հաշվով, իսկ պարտության մեղավորությունն իր վրա վերցրեց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների, գրանցած հաջողության և ցավալի պարտության մասին Zarkerak.am-ը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Նոա»-ի նախկին մարզական տնօրեն Արթուր Ոսկանյանի հետ:
Արթուր Ոսկանյան
Ֆանտաստիկ էմոցիաներ, սպասված հաղթանակ
«Լատվիայի դեմ խաղում մենք ռևանշ արեցինք, քանի որ մեր թիմը վերջին խաղում պարտվել էր Լատվիայի ընտրանուն: Տղաները լավ պատրաստվել էին խաղին, երևաց, որ տակտիկապես էլ թիմը պատրաստ էր, որովհետև բոլոր առումներով առավելությունը մեր կողմն էր: Շատ լավ երևաց մեր թիմի խաղային ձեռագիրը, ճիշտ է, Լատվիան այս պահին այդքան էլ ուժեղ չէր, բայց ամեն դեպքում մեր տղաները շատ լավ խաղ ցուցադրեցին, երևում էր, որ դա թիմային աշխատանքի արդյունք էր»,-ասաց Արթուր Ոսկանյանը:
Խաղադաշտում երևաց մարզչի և թիմի համատեղ աշխատանքը՝ նշեց Ոսկանյանը՝ միաժամանակ հավելելով. «Այս խաղին շատ վառ երևաց մեր թիմի գնդակը կորցնելուց հետո «պրեսսինգի» դիմելը, ու ընդհանրապես, առանց գնդակ «պրեսսինգը» շատ լավ կատարեցին, երկրորդ գոլի արդյունքը հենց դա էր: Ընդհանրապես, ամբողջ խաղի ընթացքում առաջին անգամ երևաց, որ մենք գնդակը կորցնելուց հետո միանգամից անցնում ենք «պրեսսինգի» ու դա լավ աշխատում էր: Լավ էր, որ գոլ բաց թողնելուց հետո մեր տղաները ոչ թե հուսահատվեցին, այլ մտան խաղի մեջ ու փորձեցին շարունակել նույն տեմպով ու արդյունքը հենց այն էր, որ մենք խոշոր հաշվով հաղթեցինք: Շատ ճիշտ կազմ էր ընտրված, որը և աշխատեց»:
Ոսկանյանը որևէ ֆուտբոլիստի չառանձնացրեց. «Սա այն խաղերից էր, երբ բոլոր ֆուտբոլիստները լավ խաղացին, ամեն մեկն իր դիրքում ամենալավն էր, անգամ փոխարինողներն էլ շատ լավ մտան խաղի մեջ, նոր ուժ ու թարմություն բերեցին խաղին ու մեր գրոհներն ավելի սրվեցին»:
Մեր զրուցակիցը կարևոր փաստ համարեց այն, որ հայ երիտասարդ ֆուտբոլիստները քիչ-քիչ ներգրավվում են հավաքականի կազմի մեջ և հենց մեկնարկային րոպեներից դուրս են գալիս խաղադաշտ, նման օրինակ էր 21-ամյա Արթուր Սերոբյանը. «Արթուրն «Արարատ-Արմենիա»-ում իր խաղով ապացուցեց, որ արժանի է հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ լինել, այս խաղում էլ ինքն իր աշխատանքով, իր խաղային որակներով դա ապացուցեց: Սա կարող է օրինակ լինել բոլոր այն ֆուտբոլիստների համար, ովքեր ազգային հավաքականում հանդես գալու երազանք ունեն, նրանք պետք է աշխատեն իրենց վրա, եթե դա անեն, կարող են հավաքականում իրենց տեղն ունենալ: Նույնը կարող ենք ասել Գոռ Մանվելյանի մասին, Գոռը «Նոա»-ում սկսեց խաղալ անցյալ տարի և շատ շուտ հրավիրվեց երիտասարդական հավաքական, հիմա ազգային հավաքական է հրավիրվել, վերջին խաղում արդեն փոխարինման դուրս եկավ, նա էլ մեծ հնարավորություն ունի իրեն լավ դրսևորելու դեպքում լինել հիմնական կազմում: Այսօր երիտասարդական հավաքականում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց խաղով կարող են հավաքականին օգուտ տալ: Պետրակովն անընդհատ շատ հայ երիտասարդ ֆուտբոլիստների փորձում է, հրավիրում է ու հնարավորություն է տալիս»:
Մեր ընտրանին՝ ըստ Ոսկանյանի, խաղամակարդակով բարձր էր մրցակցից. «Մեր հավաքականը որակապես ավելի լավն է, ֆուտբոլիստների խաղամակարդակն էլ՝ ավելի բարձր: Պետք է նշեմ, որ ինչքան էլ որակ ունենանք, ինչքան էլ ուժեղ լինենք, եթե չեղավ նվիրում և ցանկություն, հաղթանակը չի լինի: Հավաքականում միշտ պետք է լինի նվիրում, դա է հաղթանակի հասնելու գլխավոր ճանապարհը»:
Արթուր Ոսկանյանը չմոռացավ նշել նաև գրանցած հաջողության մեջ երկրպագուների դերի կարևորության մասին. «Երբ տեսնում ես դիմացդ լեփ-լեցուն տրիբունա է, պատասխանատվությունը կրկնապատկվում է, դա ամենակարևոր հարցերից մեկն է: Երկրպագուն ստիպում է ֆուտբոլիստին ավելի պատրաստակամ լինել: Մեր երկրպագուները հավատում էին, որ մենք Լատվիային տանը հաղթելու ենք ու դրա համար բոլորը եկել էին մարզադաշտ, մեր թիմի կողքին էին ու մեր թիմն էլ արժանի հաղթանակ տարավ»:
Հյուսիսային Մակեդոնիայից կրած ցավալի պարտությունը, դրա պատճառները
«Եթե ընդհանուր խաղի մասին խոսենք, առաջին խաղակեսը նորմալ էր, անձրևոտ եղանակ էր, դժվար խաղադաշտ, առաջին կեսում հավասար խաղ էր ընթանում: Հակառակորդի ստացած կարմիր քարտը փոխեց խաղը, իմ կարծիքով մեզ համար ավելի լավ կլիներ, եթե կարմիր քարտը չլիներ, քանի որ կարմիր քարտից հետո ինչ-որ տեղ հանգստություն եկավ մեր ֆուտբոլիստների վրա և կրկնակի զգոնացան Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլիստները: Ֆուտբոլում մանրուքներ չկան, ամեն դրվագ կարևոր է: Մենք երկրորդ խաղակեսում ոչ թե ավելի հանգիստ պետք է մտնեինք դաշտ, այլ ավելի զգոն, ուշադիր լինեինք: Երբ առաջին գոլը բաց թողեցինք, արդեն դժվար էր, Մակեդոնիան արդեն շատ լավ պաշտպանվում էր ու դժվար էր ինչ-որ բան անել, քանի որ ամեն դեպքում հոգնածություն էլ կար երկու թիմերի մեջ: Երկրորդ խաղակեսի երկրորդ կեսում երևաց, որ մենք շատ դժվար ենք գրոհներ կազմակերպում, իսկ Մակեդոնիան շատ հեշտ պաշտպանվում է ու հակագրոհներ կազմակերպում: Հենց այս գործոններն ազդեցին խաղի արդյունքի վրա»:
Մեր այն հարցին, թե արդյոք թիմի հիմնական կազմի փոփոխությունն ու Պետրակովի ընտրած մարտավարությունը որոշ չափով ազդեցին խաղի ելքի վրա՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստն ասաց. «Մարզումների ընթացքում մարզիչը տեսնում է, թե որ ֆուտբոլիստն ինչ վիճակում է և դրանից ելնելով էլ որոշում է թիմի մեկնարկային կազմը: Մակեդոնիայի դեմ խաղում թիմի կազմը որոշ չափով փոխվել էր: Իմ կարծիքով առաջին գոլից հետո կարելի էր ավելի շատ հարձակողական ֆուտբոլիստներով խաղալ, այլ ոչ թե երեք կենտրոնականով: Սա իմ կարծիքն է, բայց մարզիչն ու օգնականներն են այնտեղ եղել, իրենք ավելի լավ գիտեն ֆուտբոլիստների վիճակը: Մեր ազգի մեջ այդ հոգեբանությունը կա, որ երբ թիմը հաղթում է, դա թիմի շնորհիվ է, երբ պարտվում է՝ մարզիչն է մեղավոր: Պետրակովը մեղքը չբարդեց ֆուտբոլիստների վրա, նա ասաց, եթե պարտվել ենք, ես եմ մեղավոր: Միշտ լինում է, որ լավ խաղից հետո մենք վատ ենք խաղում, կամ վատ խաղից հետո հակառակը՝ լավ ենք խաղում, այստեղ իմ կարծիքով ավելի հոգեբանական խնդիրներ են: Մեր երկրպագուների մեջ էլ դա կա, երբ մենք լավ ենք խաղում, ասում են աշխարհի ամենաուժեղ թիմն է, ամենաուժեղ ֆուտբոլիստներն են, բայց հետո հենց պարտվում ենք՝ լրիվ հակառակն են ասում»:
Ֆուտբոլիստներ, որոնք չհրավիրվեցին հավաքական
«Կարող է տարբեր տարիքային հավաքականներում լինեն ինչ-որ ֆուտբոլիստներ, երբ նրանց կարող են պատժել, բայց ազգային հավաքականում այդպիսի բաներ պետք է չլինեն, պետք է միշտ գտնենք լուծումներ, որպեսզի մեր բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները խաղան»,- նշեց Ոսկանյանը:
Երկրպագուների կոմից ամենաշատ շրջանառվող անունը Տիգրան Բարսեղյանն էր, ով հավաքականի կողմից հրավեր չստացավ: Ոսկանյանի խոսքով՝ մարզիչն իր ասուլիսում անդրադարձավ այս հարցին. «Մարզիչն է որոշում՝ որ ֆուտբոլիստներին հրավիրի հավաքական, քանի որ ինքն է պատասխան տալու արդյունքի համար: Մարզիչը Տիգրան Բարսեղյանի հավաքական չհրավիրվելու հարցին պատասխանեց՝ նշելով, որ մեր հավաքականը մի քանի ձախ կիսապաշտպան ունի՝ Վահան Բիչախչյան, Արթուր Սերոբյան, Էդգար Սևիկյան, բոլորը նույն դիրքի ֆուտբոլիստներ են, մարզիչը գտել էր, որ այս երեք ֆուտբոլիստները պետք է հրավիրվեն»:
Ոսկանյանն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ հավաքականում տարաձայնություններն անթույլատրելի են. «Իմ կարծիքով ցանկացած ֆուտբոլիստ ուզում է խաղալ իր հավաքականում, եթե խնդիր էլ լինում է, պետք է խոսել ու գալ ընդհանուր հայտարարի: Մեր նման հավաքականն իրավունք չունի՝ ունենալով Հենրիխ Մխիթարյանի և Տիգրան Բարսեղյանի նման ֆուտբոլիստներ, չհրավիրել, ժամանակին պետք է տարբերակներ գտնեինք Հենրիխի հետ կապված, գուցե մի օր էլ Տիգրան Բարսեղյանը հայտարարի, որ հավաքականում ավարտում է իր կարիերան, քանի չի հայտարարել, պետք է կարողանանք զրուցել, հասկանալ ու լուծել խնդիրները: Պետք է մարզիչը, ղեկավարությունը կարողանան բոլորի հետ համագործակցել, բոլորին հասկանալ, բոլորս պետք է հասկանանք, որ սա ազգի համար է արվում, սա ազգային հավաքական է և այստեղ անձնական խնդիրներ չպետք է լինեն: Պետք է ամեն ինչ անենք, որ այս հարցերը լուծվեն, որից էլ կշահի հայկական ֆուտբոլը»:
Ամփոփելով՝ Արթուր Ոսկանյանը վստահեցրեց, որ Ազգերի լիգայում մենք առաջին տեղի շանսեր ունենք. «Դեռ երկու խաղ ենք խաղացել ու իմ կարծիքով Մակեդոնիան խմբում մեզ համար ամենադժվար մրցակիցն էր, դրսում պարտվել ենք, տանը խաղ ունենք Մակեդոնիայի հետ, դրսում ունենք խաղ Լատվիայի հետ և երկու խաղ Ֆարերյան կղզիների թիմի դեմ: Մենք դեռ առաջին տեղը գրավելու մեծ շանսեր ունենք»:
Աննա Բզնունի