Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները շտապ մոտեցել են նշված վայր ու նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։
Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի, սակայն պարեկները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրանց։ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողնում է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս է գալիս մեքենայից ու փախնում, իսկ «յաշիկ»-ին պարեկները հետապնդում են ու Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողանում են վնասազերծել «Mercedes G 55»-ը։
Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Կիրակոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թադևոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերում են կրակված 1 պարկուճ ու մինչ դեպքի վայրում հետախուզական աշխատանքներ էին կատարում ոստիկաններն ու պարեկները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, ով անմիջական առնչություն է ունեցել «յաշիկի» և «Toyota Camry»-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և հենց այդտեղ էլ վնասվածքներ է ստացել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։