«Հայրենիք, տուն-տեղ, շրջապատ, ընկերներ, աշխատանք, տարիների չարչարանք, երազանքներ ու նպատակներ․ սեպտեմբերի 19-ը մեզնից խլեց ամեն ինչ», - Zarkerak.am-ի հետ զրույցում ստեփանակերտցի այժմ Երևանում բնակվող Կարինե Ծատրյանն է պատմում։
Կարինեի կյանքն էլ անցած տարի այս օրը տեղի ունեցած ռազմական գործողությունները ու դրանց հետևանքները առմիշտ փոխեցին։ Ասում է՝ սեպտեմբերի 19-ն ամեն օր է վերապրում, զգացածը հիշողություն չի դարձել, ուղղակի փորձում է ցավից ուժեղ լինել․«Մեկ տարի այստեղ ապրելով՝ դեռ մտքով Արցախում ենք։ Սեպտեմբերի 19-ի ապրումները բառերով նկարագրել չեմ կարող։ Այդ օրը երեխաս դասից տուն եկավ ոտքով, քանի որ մեքենա վարելու համար վառելիք այլևս չկար, հենց մտանք տուն, մինչև կպատրաստվեր, որ հաց ուտեր, առաջին պայթյունը լսվեց», -պատմում է Կարինեն։ Հուզված նկատում է, որ իրենց լուսավոր ու հարմարավետ խոհանոցում էլ ոչ մի անգամ ընտանիքով սեղան չնստեցին։
Կարինե Ծատրյան
«Այդ պահին վիճակս չեմ կարող նկարագրել, թվում էր՝ փրկության հնարավորություն չկա։ Եղբայրս էլ դիրքերում էր, չգիտեի ում մասին մտածեմ՝ եղբո՞րս, մորս ապրումների՞, երեխայի՞ս։ Անկեղծ ասած, թեև ամեն գիշեր է քնելը դժվար, բայց այս գիշեր ընդհանրապես չեմ քնել, հիշում էի մեկ տարի առաջվա վերջին համեմատաբար խաղաղ գիշերը, երբ հոգիդ հանգիստ էր այնքանով, որ քո տանն էիր»,- ասում է Կարինեն։
Իր ու ամուսնու տարիների չարչարանքից, իրենց մեծ սեփական տնից, խանութից, արցախյան բարվոք կյանքից Կարինեն շատ բան չհասցրեց վերցնել․«Իմ և որդուս լուսանկարն եմ բերել, Արցախը հիշեցնող փոքրիկ հուշանվերներ, «Ես սիրում եմ Արցախը» մագնիսներ, փոքրիկ բաներ են, բայց այնքան ջերմություն ու սեր կա։ Դրանք այդ պահին ավելի կարևոր էին ու մեծ հիշողությունների մասին էին»։
Հոգեկան ապրումները, քիչումիչ վերցրածը, կոկորդը սեղմող հուզմունքը հավաքած՝ Կարինեի ընտանիքը դուրս եկավ Ստեփանակերտից․«Հայաստան հասանք 48 ժամում, մինչև Հակարիի կամուրջ հասնելը ամենաշատը վախենում էի, թե արդյոք եղբորս ու ամուսնուս թույլ կտան դուրս գալ։ Արցախում արդեն ուտելիքը լրիվ սպառված էր, ճանապարհի համար միայն մի կտոր հաց վերցրեցի։ Ութ ժամ նույն տեղում կանգնած էինք, տեսնում էի՝ մեկը սուրճ է սարքում, մարդիկ կային հենց ճանապարհին հաց էին թխում, մեր ծանոթներից մեկն էլ հավ ուներ, խորոված սարքեց, իրար հետ կիսում էինք ամեն ինչ․ նայում ու շոկ էիր ապրում՝ մարդիկ այդքանից հետո ուժ էին գտնում, բայց ի՞նչ անեին․․․»։
Կարիենի ընտանիքը ի վերջո հասավ Երևան, ասում է՝ ութ տարեկան որդին այնքան էմոցիոնալ է, որ փորձում էր նրանից շատ բաներ թաքցնել, բայց գալու հաջորդ օրն Արցախի մասին մի երգն էլ բավարար էր, որ երեխան փլվեր, գուցե ճանապարհին լռել էր, բայց մանկական սրտում մեծական ապրումներ էին կուտակվել․«Սփոփանքն այն է, որ մեր ընտանիքում մարդկային կորուստ չունեինք, այո՛, ամեն ինչ կորցրել էինք, բայց իրար ունեինք՝ ողջ ու առողջ։ Նյութականը կարող ես ստեղծել, իսկ մարդկային կորուստն անվերադարձ է»։
Գեղեցկության ոլորտում աշխատող Կարինենի ընտանիքը թույլ չի տվել, որ կորստի ցավն իրեն ծնկի իջեցնի, հիմա Կարինեն հաճախորդներ է ընդունում տանը, եկող-գնացողների մեջ, թե՛ հայաստանցիներ կան, թե՛ արցախիցներ․«Սկսել եմ աշխատել տեղափոխվելուց կարճ ժամանակ անց, երեխան ուժ է տալիս, որ շարունակես ապրել, ստեղծել, աշխատել։ Շատ դժվար է, բայց փորձում ենք նորից ոտքի կանգնել՝ քայլ առ քայլ»։
«Այստեղ ապրելով հասկացա, որ բոլորս նույնն ենք ու հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումն ինձ համար կեղծ թեմա է, որքան տգետ պետք է լինես, որ տարբերություն դնես։ Այդքան տղաները, որ Հայաստանից եկել ծառայել են, զոհվել են Արցախի համար, մեզ թույլ չեն տալիս դնել այդ վտանգավոր տարբերությունը։ 2020-ին պատերազմից մազապուրծ եղած արցախցիներին Հայաստանում էին ձեռք մեկնում։ Ուրախ եմ, որ երեխաս իր դպրոցում էլ նման երևույթի չի առնչվում», -ասում է Կարինեն։
«Ուր էլ գնում ենք, միշտ համեմատում եմ Արցախի հետ, ամեն ինչը, ամեն տեղը, անգամ՝ ծառերը, անտառները, ինձ համար անտանելի ցավ է, որ հիմա Արցախը չկա, բայց պետք է ապրել, որովհետև կյանքն այլ տարբերակ չի թողել։ Որդիս էլ Արցախը մտքից չի հանում, ամեն անգամ հիշելիս ասում է՝ մամա նենց օրեր էին․․․․»,- անկեղծանում է Ստեփանակերտից Կարինե Ծատրյանը։
Մարիամ Մկրտչյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին https://t.me/+dooWrZDmxpViYTgy