Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամբողջ օրը հիվանդանոցում էի, ճիշտ է, ամենուր ճամպրուկային տրամադրություն էր, բայց անգամ այդ պահին վստահ չէի, որ պետք է լքենք Արցախը, չէի հավատում, չէի պատկերացնում, հակասական զգացողություններ ունեի․․․
Մեկ ժամով գնացի տուն, որ տեսնեմ կինս, երեք երեխաներս ոնց են, ինչի կարիք կա, հետո էլի պետք է հիվանդանոց գնայի, պատերազմի հետևանքով հիվանդանոցում բազմաթիվ վիրավորներ կային, գիշերը հերթապահության էի։ Տանը նստած ինտերնետում հանդիպեցի, որ մեր կողմերում ինչ-որ պայթյուն է եղել, կինս պատուհանին մոտեցավ, հեռվում տեսավ, որ սև, թանձր ծուխ է բարձրանում․․․ տնից դուրս եկա, անձրև էր ու ոտքով ուղղակի վազեցի հիվանդանոց․․․»։
Zarkerak.am-ի հետ զրույցում Արցախից ստեփանակերտցի բժիշկ՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արտաշես Սայիյանը սեպտեմբերի 25-ի՝ մասնագիտական ամենածանր օրերից մեկի քրոնիկոնն է վերապրում։
Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից «Հայկազով» տեղանքում գտնվող զորամասի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվեց 219 մարդ, վիրավորվեց 290-ը, 22-ն անհետ կորած են։
Անձրևի ու կայծակի տակ հարազատ ուղղությամբ, անորոշ ու տագնապալի զգացումներով վազելիս ինքն իրեն «սիրտ էր տալիս» բժիշկ Սայիյանը, որ, գուցե, արցախցուն պատուհասած հերթական աղետը մի քիչ «խղճով լինի»՝ գոնե 10-20 վիրավոր լինի, գոնե զոհ չլինի։ 45-ամյա Արտաշես Սայիյանին, որ շուրջ 10-ը տարի Ստեփանակերտի հանրապետական ԲԿ-ում էր աշխատում, նաև ՆԳՆ թերապևտն էր, մինչև այդ էլ, ծառայության մեջ լինելով, օգնության էր հասել շարքայինին, բարձրաստիճան զինվորականին, հասարակ քաղաքացուն, էլ ի՞նչը պիտի զարմացներ։ Շատ բան էր տեսել՝ 1990-ականներին պատանեկությունը ռմբակոծության տակ էր անցել, հետո 2016-ի Քառօրյա պատերազմը, ապա 2020-ի՝ 44-օրյան, ամիսներ ձգվող ու մաշող բլոկադան, սեպտեմբերի 19-ի հարձակումը, հայրենազրկումից էլ հինգ էր պակաս․ էլ ի՞նչ ահավոր բան պիտի լիներ, սխալվեց․ աղետի մասշտաբն անպատմելի էր։
Արտաշես Սայիյան
«Ճանապարհին տարբեր մեքենաներ՝ սեփական, պետական, շտապօգնության ուղղվում էին հիվանդանոց՝ թե մանկական, թե հանրապետական։ Այրված մարդիկ էին վազում, հիվանդանոցի դիմաց ահռելի քանակությամբ մարդիկ էին հավաքված, ու րոպե առ րոպե շատանում էին․ ահավոր պատկեր էր։ Հիվանդանոցի բոլոր հարկերում այրված մարդիկ էին, այրված մաշկի կտորներ, արյուն, աղաղակ ու աղերսներ, քայլել հնարավոր չէր, ազատ պալատ չէր մնացել։ Արցախում մնացած բժշկական ամբողջ անձնակազմը հավաքվեց, զգացողությունները բառերով ձևակերպել դժվար է, բայց մի բան էր պարզ՝ բոլորին հասնել է պետք»,- պատմում է բժիշկը։
Պայթյունից մեկ տարի անց բժշկի հիշողությունները փորփրելը, գուցե, մի քիչ էլ անազնիվ է, որովհետև ստիպում ես վերապրել այն, ինչը չի էլ մոռացել․«Այդ հիշողությունները և էմոցիաները հավերժ են, շատ ծանր, ողբերգական զգացողություն էր, բայց բժիշկը թուլանալու իրավունք չունի, որովհետև պետք է բառի ամենաուղիղ իմաստով մարտական խնդիր կատարի՝ փրկի հնարավորինս շատ մարդու։ Այդ ընթացքում դու պետք է քո էմոցիաները կառավարես, մեզ մոտ, որքան էլ դժվար է, դա ստացվել է՝ փորձել ենք և ստեղծված քաոսային իրավիճակը տիրապետել, և եղած սահմանափակ ռեսուրսներով հնարավորինս շատ տուժածների օգնություն ցուցաբերել։ Անում էինք ամեն հնարավորը՝ մարդկանց վրա ջուր էինք լցնում, որ այրվածքի ցավը թեթևանա, հակաայրվածքային դեղերն արագ հասցնում, կազմակերպում արագ Երևան տեղափոխելը», - պատմում է բժիշկ Սայիյանը։
Ցավով է նշում՝ մահեր էլ շատ են տեսել․«Մահեր, տառապանք տեսնելն, իհարկե դժվար էր, ու հետո դժվար էր հավաքվել ու մոտենալ մյուս տուժածներին, անգամ եթե ուզեմ էլ, չեմ կարող հիշել, թե քանիսին եմ օգնության հասել»։
2014-ից՝ բացումից ի վեր Ստեփանակերտի հանրապետական ԲԿ-ում աշխատող Սայիյանի համար մի տեսակ բախտի խաղ էր, որ գերժամանակակից սարքերով լցված հիվանդանոցում գերմարդկային ջանքեր էին պետք ունեցած ռեսուրսը բոլորին հասցնելու համար․ «Մեկը տասի էինք բաժանում, աշխատում զուսպ ու կոնկրետ գործողություններով բոլորին հասնել. բլոկադան, պատերազմը, առանց այդ էլ քամել էին ունեցած ռեսուրսը»։
Վիրահատական սրահներն են, վերակենդանացման բաժանմունքն է, մեր աշխատասենյակն է՝ վերակենդանացման բաժանմունքում (լուսանկարները և դրանց նկարագրությունը՝ Արտաշես Սայիյանի)
«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պացիենտին օգնություն էինք ցույց տալիս և ուղղակի չէինք ճանաչում, որովհետև այրված էին, դեֆորմացված, իրենք էին մեզ ճանաչում՝ մեկը բարեկամ էր, մեկը՝ ընկեր ու ծանոթ, իրենք էին մեզ «տեղը բերում»՝ հիշեցնում՝ որտեղ ու երբ ենք հանդիպել։ Լինում էր մենք էլ էինք մարդկանց ճանաչում, եթե շատ դեֆորմացված չէին լինում»,- հիշում է նա։
Բժիշկ Սայիյանի ինքնապահպանման բնազդն էլ էր տեսածից ու ապրածից «դեֆորմացվել», կրակին կուլ գնացածների հառաչանքն ու տառապանքը խլացնում էին անձնական հարցերի մասին մտահոգությունները՝ չէ՞ որ շատերին արդեն բռնել էին Հայաստանի ճամփան, իսկ իր ընտանիքը կհասցնե՞ր ապահով ու անվտանգ դուրս գալ․«Անձնական հարցերի ժամանակ չկար, հակասական զգացողություններ էին, դու արդեն քո դաշտում դարձել ես ռազմիկ, անում ես քո գործը։ «Հիպոկրատի երդում» տալը հանգիստ ու խաղաղ պայմաններում հեշտ է, բայց երբ բանը հասնում է գործին՝ աղետին, պատերազմին, երբ մեջքիդ հետևում ունես ընտանիք, շոշափելի է դառնում՝ դու պատրա՞ստ ես գնալ քո երդման հետևից։ Այդ օրերին մարդկային ու մասնագիտական չափորոշիչներն ուրիշ էին՝ ճիշտ էին, սուրբ էին»։
Սա արտագաղթի պատկերն է․ Շուշիի ճանապարհը՝ մեր աշխատասենյակից․ անվերջ ավտոշարասյուն,որի սկիզբը Ստեփանակերտի կենտրոնից է (լուսանկարը և նկարագրությունը՝ Արտաշես Սայիյանի)
Ու ամեն անգամ, երբ բժշկին թվում էր, որ հրաշքին հավատալու ուժն էլ է կորցրել, կյանքը հակառակն էր ապացուցում․«Պայթյունի հետևանքով եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որ, ըստ բժշկական ստատիստիկայի, պետք է մահանային․ շատ չէ, բայց եղել են դեպքեր, որ փրկվել են, ու դա, իրոք, հրաշք էր։ Երբ այդ պացիենտները տեղափոխվել են Երևան, ես պարբերաբար այցելում էի նրանց, թե մասնագիտության բերումով, թե պարզապես որպիսությունն իմանալու»։
Հիմա Արտաշես Սայիյանը Երևանում աշխատում է Էրեբունի ԲԿ-ում, նաև համատեղությամբ Աջափնյակ ԲԿ-ում և Արմենիա հանրապետական ԲԿ-ում, ասում է՝ կյանքը շարունակելու իր բանաձևում թավ տառերով գրված է՝ աշխատել ու հասնել օգնության կարիքդ ունեցողին՝ անկախ ամեն ինչից․«Միայն այդպես կարող ես պահել սեփական ինքնությունը՝ հայի, արցախցու։ Իսկ Արցախը Հայաստան է, մենք Արցախում Հայաստան ենք տեսել՝ դեռ օրորոցում։ Ես այս բարդ էտապը ժամանակավոր նահանջ եմ համարում․․․»։
2023-ի սեպտեմբերի 28-ին, երբ դատարկեց Ստեփանակերտի հանրապետական ԲԿ-ն, Արտաշես Սայիյանը մի քանի գործընկերների հետ վերջիններից էր, որ հեռացավ, ինչպես ինքն է ասում, երկրորդ տնից, հետ գալու՝ առ այսօր չխամրող հույսով․«Շատ ծանր էր թողնելը, ամեն ինչն եմ կարոտում, կարոտում եմ հիվանդանոցի ամեն մի անկյունը,ինչպես տունս եմ կարոտում։ Աշխատասենյակս եմ կարոտում, որ թողել էի այնպես, կարծես դեռ պետք է հետ գայի, անգամ ծաղիկներս են խնամված, ջրված․․․ գիտե՞ք, երբ դեռ 2020-ին պատերազմը սկսվեց, ինչ-որ չարագուշակ կանխատեսում կար․ Արցախում գտնվելով, Արցախը կարոտում էի, ուզում էի հասցնել ամեն տեղը մանրամասն ուսումնասիրել ու մանրամասն հիշել․․․»։
Ամենավերջին բուժաշխատողներով արված վերջին նկարն է ՝ հիվանդանոցից և Արցախից դուրս գալուց րոպեներ առաջ (լուսանկարը և նկարագրությունը՝ Արտաշես Սայիյանի)
Այդպես մանրամասն էլ բժիշկ Սայիյանը իր հարազատ հիվանդանոցի պատուհաններից բացվող տեսարաններ է հիշում՝ խտացված հայրենիքը, աշխարհի ոչ մի պատուհանից այդ տեսարանները չի գտնելու․«Պատուհանները նայում էին դեպի Շուշիի ճանապարհ, դեպի Շուշի, Շոշ գյուղ, մեր անտառապատ լեռներ, արցախյան գագաթներ, Շուշիի բերդը, Ստեփանակերտի 50-մետրանոց խաչը, եղբայրական գերեզման-պանթեոն․ ու էլի չեմ հավատում, որ կարելի է այդքանը թողնել ու դուրս գալ»․․․ ու ծորում են հիշողությունները՝ հասնում Արցախ։
Էս էլ մեր աշխատասենյակի կակտուսներն են, որոնք ծաղկեցին սեպտեմբերի 3-4 ին՝ մեզ ապագայի հույս ներշնչելով (լուսանկարը և նկարագրությունը՝ Արտաշես Սայիյանի)
Տեսարան դեպի քաղաք՝ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի տերասայից և տեսարան դեպի Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց-պանթեոն (լուսանկարները և նկարագրությունը՝ Արտաշես Սայիյանի)
Մարիամ Մկրտչյան