Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախորդ դատական նիստին պատասխանող կողմից միջնորդություն է ներկայացվել գործի քննությունը կասեցնելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել էր։ Այս դատական նիստին շարունակվեցին հետազոտվել ապացույցները, որոնցում առկա էին ձայնային կրիչներ, դատական ծանուցումներ, հետադարձ ծանուցումներ, փոստային անդորրագրեր, դատարանի որոշումներ։
Այս փուլում հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները, դատարանն անցել է էլեկտրոնային կրիչներով ներկայացված ապացույցների հետազոտմանը։
Հետազոտվել է Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի կողմից 2014 թվականին ներկայացված հայտարագիրը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները հայտարարագրած գույքերի ու եկամուտների վերաբերյալ հարցեր ուղղեցին հայցվոր կողմին։
Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը սյունակում նշվել է 9 միլիոն 25 հազար դրամը, պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հարցրեց՝ արդյո՞ք դա նախորդ տարվա ավանդից ստացված գումարի տոկոսի հետ համեմատվել է, թե ոչ, Կարապետյանը պատասխանեց՝ 2010 կամ 2011 թթ․ Ռիտա Սարգսյանն ավանդ չի ունեցել, և հետևաբար հայտնի չէ՝ ինչ տոկոսներ են նշված։
Վահագն Գրիգորյանը նշեց, որ Սաթենիկ Սարգսյանի կողմից Ռիտա Սարգսյանը տվյալ տարվա ընթացքում ստացել է 8 միլիոն 500 հազար դրամ՝ նվիրատվության ձևով, հարցրեց՝ դա իրավասու մարմնի կողմից ևս այդպե՞ս է մեկնաբանվում, Տիգրան Ենոքյանն ասաց՝ հայցվոր կողմը դա արժանահավատ տվյալ չի համարել, քանի որ Սաթենիկ Սարգսյանը որևէ հայտնի եկամտի աղբյուր չի ունեցել, որպեսզի 8 միլիոն 500 հազար նվիրաբերի Ռիտա Սարգսյանին․ «Ես բազմիցս նշել եմ իմ խոսքում, որ 2011-2014 թվականների ընթացքում անձինք քրեական պատասխանատվության ենթակա չեն եղել, եթե նույնիսկ ոչ դիտավորյալ են ներկայացրել այդ տվյալները, որևէ պատասխանատվություն Քրեական օրենսգիրքը չէր նախատեսել, դրանով պայմանավորված՝ հայտարարագրի շատ տվյալներ մեր կողմից չեն ներառվել հաշվարկներում, վերջին տվյալը՝ նույնպես»։
Հաջորդ հարցին, թե այն տարիներին, երբ անձինք քրեական պատասխանատվության ենթակա են եղել, այդ ժամանակահատվածում հայտարարագրած տվյալները հաշվի առնվել են, թե ոչ, Ենոքյանը պատասխանեց՝ դրանց արժանահավատությունը չի վիճարկվել, այլ հարց է, որ դրանք կարող ենք հաշվարկվել որպես ոչ օրինական եկամուտներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։