Առանց ձեռքերի էլ՝ ամուր գրկելով քո սիրուց ծնված երջանկությունը․ պատերազմից 4 տարի անց Վարազդատը պատմում է կյանքից կառչելու սեփական բանաձևերի մասին Zarkerak - Առանց ձեռքերի էլ՝ ամուր գրկելով քո սիրուց ծնված երջանկությունը․ պատերազմից 4 տարի անց Վարազդատը պատմում է կյանքից կառչելու սեփական բանաձևերի մասին
Zarkerak Zarkerak - Առանց ձեռքերի էլ՝ ամուր գրկելով քո սիրուց ծնված երջանկությունը․ պատերազմից 4 տարի անց Վարազդատը պատմում է կյանքից կառչելու սեփական բանաձևերի մասին
Առանց ձեռքերի էլ՝ ամուր գրկելով քո սիրուց ծնված երջանկությունը․ պատերազմից 4 տարի անց Վարազդատը պատմում է կյանքից կառչելու սեփական բանաձևերի մասին

Առանց ձեռքերի էլ՝ ամուր գրկելով քո սիրուց ծնված երջանկությունը․ պատերազմից 4 տարի անց Վարազդատը պատմում է կյանքից կառչելու սեփական բանաձևերի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մարմնի մաս պակասելն ընդամենը չնչին բան է, հոգին է կարևոր։ Ես հոգով այսօր շատ հարուստ եմ, կամքի ուժս շատ մեծ է,դա էլ Աստծու կողմից տրված պարգև է։  Իմ օրինակով ցույց եմ տալիս, որ կյանքը շարունակվում է ու պետք չէ հուսահատվել։ Եթե ամեն ինչից հետո ասենք՝ վա՜յ էս ինչ եղավ, էդպես էլ չի լինի, ի՞նչ պիտի հետ բերենք․․․»

Վարազդատ Սանեյան

Չորս տարի առաջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը՝ շատերի, չենք սխալվի ասել բոլորիս կյանքը բաժանեց «առաջ»-ի ու «հետո»-յի՝ ինչ-որ բան՝ թանկ ու հոգուն մոտիկ (գուցե ամեն բան) խլեց, փախցրեց, տարավ։  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրից 29-ամյա Վարազդատ Սանեյանի թևերը պատերազմը՝ Ճարտարում ավիառումբի հարվածը, բառի ամենաուղիղ իմաստով կտրեց։ Կմտածե՞ր Արցախում պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրած, հետո եղբոր՝ Վարդանի հետ Խաղաղապահ զորքերում Աֆղանստանում, Կոսովոյում, Գերմանիայում ծառայությունն անցկացրած Վարազդատը, որ մի օր պետք է օրինակ դառնա, թե ինչպես առանց ձեռքերի ամուր գրկել կյանքը՝ անկախ ամեն ինչից։

Պատերազմի մեկնարկից չորս տարի անց Zarkerak.am-ի զրույցը Վարազդատի հետ ոչ թե «ինչու՞ այսպես եղավ»-ի, այլ «ինչպես ապրել ու կյանքից առավելագույնն ստանալու»  մասին է։  Մեր դիմաց կյանքից, հայրենիքից ու Աստծուց չնեղացած, սիրտը լայն բացած մարդ է, որն  իր պլաններն ունի, դրանք իրագործելով առաջ է գնում է․ ամուսնացել է, որդի ունեցել, զբաղվում է հասարակական գործունեությամբ, մի խոսքով՝ ապրում է այնպես, կարծես պատերազմն իրեն չի էլ փորձել ծնկի բերել։

Վարազադատը և եղբայրը՝ Վարդանը

Երկրորդ անգամ՝ նույն կրակի մեջ

Ասում են՝ վերքը փորփրել պետք չէ, դրա համար Վարազդատին չենք խեղդում ծանր ու ցավոտ հարցերով, թե ինչ էր զգում, երբ ավիառումբի հարվածից, թե՛ ինքը վիրավորվեց, թե՛ եղբայրը, թե ինչի միջով անցավ, երբ տեսավ զրկվել է թևերից,  մահվան ու կյանքի հենց սահմանագծին ինչ էր մտածում, ինչի համար ափսոսում ու հպարտանում։

Բայց մի հարց պետք էր տալ՝ եթե իմանար, որ այսպես է լինելու, կգնա՞ր պատերազմ․«Խաղաղապահ ծառայության ընթացքում էլ դու ամեն վայրկյան հասկանում ես, որ ոչնչից չես կարող խուսափել։ Բացի այն,  որ դու որպես խաղաղապահ ֆիզիկական լավ պատրաստվածություն ես անցնում, հոգեպես էլ լավ պատրաստվում ես։ Սա ինչու եմ ասում, ես պատերազմ գնալուց վայրկյան անգամ չեմ կասկածել, Արցախում հատկապես պատրաստ էի ամեն ինչի, առաջին անգամ գնացել ենք Հադրութ, մի կերպ եկել ենք հետ, երկրորդ անգամ ասեցին՝ ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում գնալ, իմ պատասխանն էր՝ գնում եմ։  Ես Հադրութում դժոխքի միջով եմ անցել,  իմ ընկերներից շատերը հիմա չկան, եթե ես տեսել եմ այդ ցավն ու տառապանքը, կորուստը ու  նորից  հետ եմ գնացել, ուրեմն ամեն ինչի պատրաստ եմ եղել, որ ասեին այսպես լինի կգնա՞ս, էլի կգնայի, ես միշտ ասում եմ՝  հայրենասիրություն բառն ուղղակի  բառ չի»։

 

Որտեղի՞ց գտնել ուժեր՝ քեզ բաժին հասած ծանրությունը բարձրացնելու համար

«Նախանձելի կարգավիճակում չեմ, պարզ ասեմ։ Բայց ես այսքան ժամանակ չեմ տրտնջացել, չեմ ասել՝ վա՜յ ձեռքեր չունեմ։  Աշխատել եմ միշտ այնպես անել, որ քիչ ցույց տամ, որ չունեմ այդ ձեռքերը», - ասում է Վարազդատն ու անկեղծանում՝  կյանքի բոլոր փուլերում, երբ թվացել է, թե մի քայլ ու անդունդն է, հավատն է փրկել․

«Որ այս կարգավիճակում եմ, իմ Աստծուց էլի գոհ եմ։ Նաև ժամանակ առ ժամանակ շնորհակալ եմ, որ ինձ տվել է այս կարգավիճակը, որ մարդկանց սկսել եմ ավելի լավ ճանաչել, մեկից հիասթափվել եմ, մեկով՝ հիացել, մինչ այդ աչքերս փակ էին»։

Վարազդատի կողքին նստած է կինը Սոնան՝ իր հանդարտ ու աջակցող ներկայությամբ։ Մեկ տարի է՝ ամուսիններ են, բայց յոթ տարի արդեն կան մեկը մյուսի կյանքում։ 

«Վարոյի ապրելը վկայությունն է նրա, որ հրաշքները հենց այսպիսին են լինում։ Երբ հետ եմ նայում մեզ բաժին հասած փորձությանը, մեկ-մեկ թվում է, որ աղոթքներս տեղ են հասել, որ եկավ ինձ հասավ, ենթադրում եմ՝ Աստված գիտեր, որ այսպես է լինելու, Աստծո գործերն անքննելի են, եթե խաչը չկարողանաս տանել, չի տրվի։ Երևի Աստված  հասկանում էր, որ երկուսս էլ կարող ենք այս ամենի միջով անցնել, դրա համար հասանք իրար, շնորհակալ եմ, որ թեկուզ այս կարգավիճակում, իրեն ունեմ,  ինքն էլ՝ ինձ»,- ասում է Սոնան։  

«Պատերազմից հետո՝ այս չորս տարիների ընթացքում, ես իմ կամքի ուժով շատ բան եմ հաղթահարել։ Սոնայի ներդրումն էլ մեծ է եղել իմ վերականգնման ճանապարհին, ամեն մեկն էլ, ով ներդրում է ունեցել իմ հետվիրահատական շրջանից մինչև այսօր, իմ կյանքում իր տեղն ունի։ Կյանքի բարդ պահերին ամենակարևորը զգալն է, որ թիկունքդ ամուր է, հիմա աջ նայեմ, ձախ, առաջ, թե հետ, հարազատներս կողքիս են՝ Սոնան, Լեոն՝ մեր չորս ամսական տղան, ծնողներս, եղբորս, քույրերիս ընտանիքները։  Երբ արդեն թևերս ամպուտացրել էին, հիվանդանոցում մի պահ մտածել եմ՝ բա որ Սոնան էլ չուզի՞ իրար հետ լինենք, գիտեի, որ իրավունք էլ չունեմ մեղադրելու»,- անկեղծանում է Վարազդատը։  

«Սոնային լավ չի ճանաչել»,- արձագանքում է կինը։

Կա՝ Վարոն ա, չկա Վարոն ա

«Երբ լսեցի Վարոյի հետ ինչ է եղել,  գիտակցաբար մեծացա․ իմ մեջ հարց չառաջացավ՝ արդյոք  ես կարո՞ղ եմ անցնել սրա միջով, վստահ ասում էի՝ ես կարող եմ, ես պետք է սա էլ հաղթահարեմ։ Սկզբում ծնողներիս արձագանքն էլ միանշանակ չէր, բայց ես  ասել եմ՝ կա Վարոն ա, չկա Վարոն ա»,- պատմում է Սոնան։

Ծնողները հիմա վստահ են, որ աղջիկն իր որոշման մեջ հասուն գտնվեց։ Այդ նույն հասունությամբ խորանի առաջ կանգնեցին, ու ի՞նչ անենք, որ ամուսնական մատանիներն իրար նվիրելու պահը երազածի նման չստացվեց․«Մենք էլի իրար ձեռքերը բռնած մտել ենք եկեղեցի, ես այնպես եմ արել, որ դրանց բացակայությունը չզգա, անգամ՝ հետո ռեստորանում տանգոն պարելուց այնպես եմ արել, որ իմ ձեռքերի բացակայությունը տեսանելի չլինի, որքան էլ՝ տեսանելի է»,- ասում է Վարազդատը։

«Մեկ-մեկ անհասցե բողոք էլ լինում է, պահեր են գալիս, որ աշխարհից նեղացած եմ լինում, հարցեր եմ տալիս,  բայց գիտեմ,  որ այդ հարցի պատասխանը ոչ ոքից չեմ լսելու, որովհետև գիտեմ, որ պատերազմի ժամանակ փլավ չէին բաժանում»,- անկեղծանում է Սոնան։

Այս զույգին անհասցե ասված խոսակցություններ էլ են հասել՝  իրենց  միության ամրությանը կասկածողներ կային․«Սկզում շատ մարդիկ շատ բաներ էին խոսում, բայց հիմա, մեզ տեսնելով, այնքան բան են հասկանում։  Հենց մեկ շաբաթ  Սոնային մեր տուն չէինք բերում, ասում էին՝ նշանը հետ է տվել (ծիծաղում է)։ Մենք ընդամենը ցույց տվեցինք, որ եթե կա  իրական սեր, ամեն ինչ հաղթահարելի է, չպետք է նայես խոչընդոտներին»,- ասում է Վարազդատը։

Երազանքը՝ գրկել քո սիրուց ծնված երջանկությունը

«Չորս ամիս առաջ Աստված մեզ պարգևեց մի հիանալի տղա՝ Լեոյին։ Տանից դուրս գալուց չեմ համբերում, երբ եմ հետ գալու, էդ մի  «գըղ» -ն մի աշխարհ արժի, որ նայում, ժպտում է, անբացատրելի զգացողություն է։ Իմ տղային նայելով՝ ավելի եմ հասկանում, որ շնորհակալ եմ նորից գտած կյանքի համար, տեսնելով այդքան տղաների կորուստը, ես իրավունք  չունեմ տրտնջալու,  իմ ընտանիքն էլ։  Իմ այս կարգավիճակը շատ  ծնողների համար  երանելի է, հաճախ են որդի կորցրած ծնողներն ինձ հանդիպել, գրկել են ու իրանց երեխու կարոտն են առել, ասում էին՝ երանի տղաս էլ քո պես լիներ, թեկուզ ոտքեր էլ, ձեռքեր էլ չունենար, բաց կողքիս լիներ,  բա այդքանից հետ ես ո՞նց կարող եմ դժգոհել, հատկապես հիմա, որ ինձ տղաս է նայում» ։

«Իմ մեջ այդ հպարտության զգացումն էլ կա, որ Վարոյի սերունդը շարունակվում է։ Լեոն դեռ այդքան փոքր է, բայց ես արդեն իր հետ նստում մեծի պես խոսում եմ,  որ պապայի թիկունքը պետք է լինես, պապային պետք է ավելի շատ սիրես»,- ասում է Սոնան։  

Վարազդատն էլ ընդգծում է, որ թեև դեռ մի քանի տարի կա, բայց արդեն պատրաստ է որդուց լսել՝ «պապ, բա թևերդ ու՞ր են»  հարցը․«Ես քրոջ, եղբոր երեխաներ ունեմ, որ իրենք էլ նույն հարցը տվել են, ասել եմ՝ թուրքերն են արել, ես էլ գնացել էի հայրենիքը պաշտպանելու։ Պատմել եմ, բացատրել եմ, թե ոնց եղավ, ինչ եղավ, որ իրենց մոտ հարցեր չմնան»։   

Թևերի  երազանքով

Որքան էլ Վարազդատը փորձում է կյանքի բնականան հունով ապրել, մեկ է՝ երազանքները չեն հեռանում նորից  թևեր ունենալու մտքից, Լեոն այդ ցանկությունն ավելի է բորբոքել։ 2021-ին Վարազդատը պրոթեզներ ստացել, է բայց ոչ այն ֆունցիոնալության ու հարմարավետության, որքան անհրաժեշտ էր։ Հիմա օրակարգում կամ նոր՝  իրոք ֆունկցիոնալ պրոթեզներ ձեռք բերելն է կամ, որ ավելի երանելի է,  մեկ այլ տարբերակ․«Փոխպատվաստման տարբերակ կա, զրուցել ենք ֆրանսահայ բժշկի հետ՝  Լիոն քաղաքում է ապրում։ Մինչև նոր տարի գալու է Հայաստան, պետք է հանդիպենք, տեսնենք ինչ է ասում, տեսնենք ընթացքը ոնց կլինի, արդյոք կյանքիս վտանգ չի սպառնա այդ վիրահատությամբ։ Մի հարց էլ բաց է՝ եթե սա դառնա իրողություն, պետությունն ինչ-որ ձևով կաջակցի՞, թե ինքս ստիպված կլինեմ հոգալ բոլոր ծախսերը»։

Վարազդատի ընտանիքում տարվա վերջին հատուկ անհամբերությամբ են սպասում՝ մեծից փոքր։

Քեզ բաժին ճանապարհն անցնելիս չչարանալու բանաձևը

Վարազդատը գիտի, որ  պատերազմի մասնակից հարյուրավոր տղաների դեռ չի հաջողվել հաղթահարել պատերազմի հետևանքները ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես, դիմում է նրանց այնպես, ինչպես եղբորը կդիմեր․«Աստված  փորձություն է տալիս նրան, ով ուժ ունի հաղթահարելու։ Եթե մարդն Աստծուց կտրված է լինում, իր համար ամեն ինչը դժվարանում է, դրա համար պետք է հավատն ուժեղ պահել, հանուն նրա, որ ապրում եք։ Ինչ էլ կատարվի,  պետք է պատրաստ լինես, ոչ ոք ապահովագրված չի։ Ասենք աշխարհից խռովեցիր, ի՞նչ ես հետ բերելու, եթե ես իմ  մեջ փակ ապրեի, ես իմ թևերը կարո՞ղ էի հետ բերել»։

Վարազդատի կյանքում պատերազմը շատ բան փոխել ու չի փոխել, շարունակում է մեքենա վարել,  գործերով անգամ միայնակ Երևան հասնել, ընկերներին տեսնել, օգնություն խնդրողին «ձեռք մեկնել»։  Ու որ իր օգնությունն էլ  հասցեական լինի, վերջերս բարեգործական ՀԿ է հիմնադրել «Հայրենքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ»«ՀԿ-ի գաղափարն առաջացավ նրանից, որ այս 4 տարիների ընթացքում  ես անձամբ շատ բաների  միջով եմ անցել,  շատ մարդիկ են ինձ դիմել՝ հիմնականում պատերազմի մասնակիցներ, զոհվածների ընտանիքներ, և ես նրանց օգնել եմ՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով։ Եղել են դեպքեր, որ անձամբ ինձ համար պետք է օգտագործեի  ուղարկված գումարը, բայց այդ գումարի կարիքն ավելի շատ ունեցողին եմ տրամադրել», - պատմում է Վարազդատ Սանեյանը։

ՀԿ-ի հիմքում դրել է թե իր լսարանը, թե  հատկապես արտասահմանում բարերաներին համախմբելը՝ օգնելու համար և՛ պատերազմի մասնակիցներին, և՛ զոհվածների ընտանիքներին․«Այս ՀԿ-ի կապված մեծ երազանքներ ու հեռանկարներ ունեմ, նպատակս բոլորին համախմբելն է այս կարևոր գործի շուրջ՝ ոչ միայն Սևանի տարածաշրջանում, այլ ամբողջ ՀՀ-ում»։

«Որտեղ երեք հոգուց ավել մարդ է լինում, միշտ մի բան եմ ասում՝ մեկս մեկի դեմ չպայքարենք, թշնամու դեմ պայքարենք, մենք պետք է մի բռունցք լինենք, այլ տարբերակ չունենք։ Պատերազմով անցած մարդիկ միասնականության, հայրենիքի ու սահմանի գինը լավ գիտեն։

Վազգեն Սարգսյանն էր ասում՝  սրտի չափ մի երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է, որտեղից էլ վնասվի՝ մահացու է»» ։  

 

Մարիամ Մկրտչյան

27 Սեպտեմբեր, 2024 20:00
Վեր