Լիբանանում իրավիճակը գերլարված է․ ի՞նչ է կատարվում հայ համայնքում, կա՞  զանգվածային արտահոսք․ Մանրամասներ Լիբանանից Zarkerak - Լիբանանում իրավիճակը գերլարված է․ ի՞նչ է կատարվում հայ համայնքում, կա՞ զանգվածային արտահոսք․ Մանրամասներ Լիբանանից
Zarkerak Zarkerak - Լիբանանում իրավիճակը գերլարված է․ ի՞նչ է կատարվում հայ համայնքում, կա՞ զանգվածային արտահոսք․ Մանրամասներ Լիբանանից
Լիբանանում իրավիճակը գերլարված է․ ի՞նչ է կատարվում հայ համայնքում, կա՞  զանգվածային արտահոսք․ Մանրամասներ Լիբանանից

Լիբանանում իրավիճակը գերլարված է․ ի՞նչ է կատարվում հայ համայնքում, կա՞ զանգվածային արտահոսք․ Մանրամասներ Լիբանանից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրավիճակը գերլարված է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի գխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի հարվածների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ՝ սեպտեմբերի 23-ին, Իսրայելի բանակի գլխավոր շտաբը Լիբանանում հարձակողական գործողություն է սկսել՝ տալով դրան «Հյուսիսի նետեր» անվանումը: Իսրայելի օդուժը Լիբանանի տարբեր շրջաններում զանգվածային հարվածներ է իրականացնում «Հզբոլլահի» օբյեկտների ուղղությամբ: Արձանագրվել են նաև մայրաքաղաք Բեյրութի ուղղությամբ մի քանի թիրախային ավիահարվածներ, դրանց հետևանքով ոչնչացվել են «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարները, ինչպես նաև շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալան:

Լիբանանի իշխանությունները սեպտեմբերի 23-ին Իսրայելի կողմից երկրի հարավին հասցված հարվածներն ամենամահաբեր օրն են համարել, իսկ հարձակումն ամենազանգվածայինը` 2023 թվականի հոկտեմբերից ի վեր։

Գանտահարյանը նախևառաջ ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է հայկական համայնքում․«Հայահոծ թաղամասերը հեռու են ռազմական գոտիներից։ Զոհերի, տուժածների ցուցակներում, հիվանդանոցների ցուցակներում հայեր չկան»։  

«Հայ քաղաքական կուսակցությունները խորհրդակցական նիստեր են անցկացրել՝ նախապատրաստվելով հնարավոր սցենարների։  Հայ բարեսիրական միությունների ներկայացուցիչները  համախմբվել են փախստականների հնարավոր հոսքի դեպքում համապատասխան ծառայությունների աշխատանքները համակարգելու համար։ Դեսպանի և դեսպանության անձնակազմի հետ էլ խորհրդակցություններ անցկացվում են՝ քննարկումներ, մտքերի փոխանակումներ են ընթանում համակարգված աշխատանքի մասով»,- նշեց մեր զրուցակիցը։

Գանտահարյանի խոսքով՝ ներկա պահին երկրից բնակչության, այդ թվում հայերի՝ արտագաղթի միտում չկա․«Հիմա Լիբանանից ընդհանրապես զանգվածային արտահոսք չկա։  Ընդ որում, օդանավակայանը աշխատում է, գրեթե  բոլոր ավիաընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները բացի լիբանանյան ավիաընկերությունից։ Լիբանանյան ավիաընկերությունը շարունակում է իրականացնել  դեպի Երևան  թռիչքներ՝ ի թիվ այլ ուղղությունների»։ 

«Լիբանանում այս պահին ճգնաժամերի կուտակում է, այս բոլորի հետևանքները, բնականաբար, ազդում են ժողովրդի վրա,  ընդ որում նաև լիբանանահայ համայնքի։ Ամբողջ երկիրն ազդվում է պատերազմական իրավիճակից։ Քաղաքական անորոշության կա, նախագահ չկա, խորհրդարանին չի հաջողվում միավորվել թեկնածուի շուրջ և ընտրել նախագահ, կառավարությունը՝ ի դեմս  վարչապետի հրաժարական է տվել և պարզապես վարում են ընթացիկ աշխատանքները՝ սահմանափակ իրավասություներով և լիազորություններով։ Կար տնտեսական ճգնաժամ, հիմա էլ՝ անվտանգային»,- ներկայացնում է մեր զրուցակիցը։ 

Գանտահարյանը հետագայի համար, սակայն, ոչ մի հնարավոր զարգացում չի բացառում․«Այժմ չկան օրինակ այլ երկրների կողմից երրորդ կարգի հորդորներ՝ Լիբանանը շտապ լքելու վերաբերյալ։ Բայց օրինակ ԱՄՆ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, որ դեսպանության իրենց անձնակազմին  տարհանելու են կամ Մեծ Բրիտանիան հայտնեց, որ  խումբ է ուղարկել, որ անվտանգային իրավիճակի էլ ավելի լարման և դեպքերի որոշակի զարգացման դեպքում իրենց քաղաքացիներին տարհանեն Կիպրոս։  Սակայն տարհանման այդ քայլերը դեռ չենք տեսնում»։

Ընդհանուր առմամբ ներկայացնելով երկրի ստեղծված իրավիճակը՝ ըստ վերջին օրերի իրադարձությունների, Գանտահարյանը նշեց․«Իսրայելի թիրախավորված հարձակումները շարունակվում են՝ հիմնական երկու ուղղությամբ՝ «Հզբոլլահի» ռազմական օբյեկտների և «Հզբոլլահի» պատասխանատուների։ Բավական մեծ թվով պատասխանատուներ արդեն  սպանվել են, բայց օդարշավը՝ օդային հարձակումները շարունակվում են»։

Ըստ նրա՝ կիրակի առավոտյան համեմատաբար ավելի հանգիստ էր, բայց  կեսօրին հարձակումները վերսկսվել են․«Հետո նաև հաղորդեցին, որ իսրայելական օդուժին հաջողվել է «Հզբոլլահի» պատասխանատուներից ևս մեկին  սպանել, բայց  անունը դեռևս պարզ չէ։ Ընդհանուր առմամբ «Հզբոլլահի»  զոհերի ամբողջական ցանկը դեռ պաշտոնապես չի հայտարարվել։ Հարձակումը, որի հետևանքով սպանվեց «Հզբոլլահի» գլխավոր քարտուղարը, կարելի է ասել գագաթնակետն էր՝   ուժգնությամբ, հրթիռակոծումով, կործանիչների  կիրառմամբ։ Դրա հետևանքով մի շարք շենքեր քանդվեցին և  փլուզումներ եղան»։ 

«Իսրայելի առաջադրանքը նաև  հարավային Լիբանանում՝ այսինքն՝ Իսրայել-Լիբանան սահմանին բուֆերային զոնայի ձևավորումն է, կան որոշ տվյալներ,  որ զորքի կուտակումներ են դեպի Լիբանանի հարավային սահմանը։  Անգամ նաև կային տեղեկություններ, որ նախապատրաստվում են և  առաջին քայլերը կլինեն, բայց դեռևս նման հաստատված տեղեկություն  չկա»,- նշեց նա։

Շահան Գանտահարյանի դիտարկմամբ՝ Իսրայելը խնդիր է դրել վերականգնել իր հյուսիսային  շրջանի խաղաղությունը,  ինչը ենթադրում է հյուսիսային Իսրայելից տեղահանվածների վերադարձ․«Այս գործողությունները՝ հատկապես հարավում իրականացված գործողությունները, տեղիք են տալիս հարավում  լիբանանցի բնակչության  տասնյակ հազարներով փախստականներ դառնալուն․ նրանք  ուղևորվում են դեպի համեմատաբար ավելի հանգիստ և ապահով շրջաններ»։ 

 

Մարիամ Մկրտչյան

 

30 Սեպտեմբեր, 2024 14:32
Վեր