Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ի՞նչ է արտահանվել ՀՀ-ից, ի՞նչ ուղղությամբ և ի՞նչ ծավալով․ Zarkerak.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ստանալու համար տեղեկատվություն ընթացիկ տարվա ընթացքում պտուղ-բանջարեղենի՝ ՀՀ-ից արտահանման հիմնական ցուցանիշների մասին։
Նախարարությունից հայտնում են, որ համաձայն ՍԱՏՄ կողմից ներկայացված օպերատիվ տվյալների՝ 2024-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է շուրջ 33․518 տ ծիրան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,8%-ով, 2020-ի թվականի նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 30․780 տ։ Արտահանման հիմնական երկրներն են ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան,ԱՄԷ։
Սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ից ընթացիկ տարվա խաղողի բերքից արտահանվել է 4716 տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արտահանված քանակից ավել է շուրջ 70 տոննայով։ Արտահանման հիմնական երկրներն են՝ ՌԴ, Վրաստան, ԱՄԷ։
Նախարարությունից ընդգծեցին, որ 2024-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ մթերող կազմակերպություններից ստացված օպերատիվ տվյալների համաձայն մթերվել է շուրջ 81584,9 տոննա խաղող։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի խաղողի մթերման գործընթացում խնդիրներ և բողոքներ չեն առաջացել։
Ընդհանուր առմամբ, 2024-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է շուրջ 106342 տ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,4%-ով, 2023-ի նույն ժամանակահատվածում կազմել է՝ 101,803 տ։ ՀՀ-ից արտահանվել է պտուղ-բանջարեղենի շուրջ 50 տեսակ, որից համեմատաբար մեծ ծավալներ են կազմում խնձորը, խաղողը, դեղձը, սալորը, կեռասը, ելակը, լոլիկը, պղպեղը, կարտոֆիլը, վարունգը, սմբուկը, կանաչեղենը։ Հիմնական արտահանման երկրներն են ՌԴ, Վրաստան, ԱՄԷ, Բելառու, Ղազախստան, Ուկրաինա։
Ըստ գյուղատնտեսական հարցերով զբաղվող գերատեսչության, պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացում ՌԴ-ի կողմից երբեմն արձանագրվում են հայկական ծագման ապրանքներում կարանտին վնասատուների կամ պեստիցիդների և այլ մնացորդային նյութերի պարունակության սահմանված ցուցանիշներից շեղումներ, մասնավորպես՝ 2024-ի հունիս ամսին վերը նշված հիմքերով ՌԴ-ի կողմից հայկական 16 արտահանողների նկատմամբ կիրառվել են արտահանման սահմանափակումներ, որոնցից մեկի նկատմամբ սահմանափակումը վերացվել է։
Նախարարությունից պատասխան նամակում վստահեցրեցին, որ նշված խնդիրները բացառելու նպատակով կառավարության կողմից 2024-ի հուլիսին կայացրած որոշումներից մեկով հաստատվել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը։