Հայն արդեն ոչ թե արարում, այլ ավերում է ինքն իրեն Zarkerak - Հայն արդեն ոչ թե արարում, այլ ավերում է ինքն իրեն
Zarkerak Zarkerak - Հայն արդեն ոչ թե արարում, այլ ավերում է ինքն իրեն
Հայն արդեն ոչ թե արարում, այլ ավերում է ինքն իրեն

Հայն արդեն ոչ թե արարում, այլ ավերում է ինքն իրեն

Մեր գենետիկ կոդը հավանաբար փոխվել է, փոխվել է վատ իմաստով: Մենք հազարամյակներ առաջ ապրող հայից վերածվել ենք այլ մշակույթ կրող հայի: Սեփական աստվածներն ունեցող, սեփական կրոնը, գիրը ստեղծող, մշակույթն ու պատմությունը կերտող հայից վերածվել ենք նյութապաշտ հայի, փողը, հարստությունը պաշտող, միմյանց ատող հայի։ Սա այսօր չենք դարձել, այսօրվա հայի տեսակը տասնամյակների ընթացքում մեր ազգային ինքնության փոփոխության հետևանքն է։

Եկեղեցում դրամապանակ օրհնող, հերոսների պանթեոնը պղծող և այդ պանթեոնը՝ անձնական ատելութունը այլոց վրա թափելու շոուներ անող հայի ենք վերածվել։ 

Հայի տեսակը արարող է, ոգեղեն է, ստեղծարար է, մինչդեռ վերջին տասնամյակներում արարող ժողովրդի ձեռքից խլել են արարման գործիքները և իրական հայի տեսակն այսօր մահանում է, եթե իհարկե արդեն չի մահացել։

Մենք ստեղծագործ, արարող ժողովուրդ ենք եղել, մենք ավերող ժողովուրդ չենք եղել, այդպես է ստեղծել մեզ բնությունը, կամ Աստված, լավ է, թե վատ՝ դա հարցի մյուս կողմն է, սակայն այսօրվա հայն արդեն ոչ թե արարում, այլ ավերում է ինքն իրեն։

Թերևս պատահական չէ այս օրերին մեր Դիցուհու ներկայությունը Հայաստանում։ Անահիտ Աստվածուհու նույնիսկ միայն բրոնզե սառը կիսանդրին արտահայտում է նախկին և ներկա հայի տեսակի ընդգծված տարբերությունը, ցույց է տալիս հայի, հայ կնոջ առաքինությունը, հոգու գեղեցկությունն ու վեհությունը։ Նույնիսկ առանց մարմնի այդ հայացքն արտահայտում է, թե որքան բարձր ենք եղել և որքան ցածր ենք մենք իջել այսօր։ Իջել ենք դարերով, իջել ենք խելահեղ արագությամբ, իջել ենք ու հասել մարդկային տեսակի, մեր տեսակի ոչնչացման եզրին։

Նարեկացի, Մաշտոց, Կոմիտաս, Թումանյան ծնող ժողովուրդը վերածվել է հացի, աթոռի, փողի կռիվ տվող ժողովրդի։ Հայի տեսակը վերածվել է «գյադայության»։

Հայը տեսակ է, որը կարողացել է շփվել, լեզու գտնել, ապրել ու արարել բոլոր ժողովուրդների, տարբեր քաղաքակրթությունների հետ, սակայն այսօր հայը չի կարողանում լեզու գտնել և ապրել ինքն իր հետ։

Գուցե դեռ ուշ չէ, գուցե կարող ենք վերափոխվել, կարող ենք մենք մեր մեջ գտնել մեր տեսակը, կարող ենք վերականգնել մեր կորսված ազգային կոդը։ Այսօրվա բացասականի կողքին կա փայլուն երիտասարդություն, գուցե քիչ, բայց կա։ Կա ներկան ու անցյալը միավորելու, մերօրյա գիտությունը, կրթությունն ու պատմությունը վերամիավորելու և մեր ազգային «կոդը», մեր ինքնությունը գտնելու հնարավորություն։ Պետք է ուղղակի մի պահ սթափվել, կանգ առնել այս խելահեղ գահավիժումից ու հասկանալ՝ ինչ ենք ուզում աշխարհից, ինչ ենք ուզում ինքներս մեզանից։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

01 Հոկտեմբեր, 2024 14:01
Վեր