Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երբ մենք որևիցե փաստաթուղթ քննարկում ենք կամ բարձրաձայն դրա մասին կարծիք ենք հայտնում, դա մենք նախապես նայում ենք՝ արդյոք մեր Սահմանադրության հետ որևիցե խնդիր կարող է առաջացնել, թե՝ ոչ, հետագայում արդեն ՍԴ-ն իր որոշումն է կայացնում: Որևիցե ձևով կասկածի տակ դնել անաչառությունը տեղին չէ, որովհետև բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ իշխանության կարծիքը և քաղաքական մթնոլորտը, և ՍԴ-ի որոշումը հակառակ պատկերն են ունեցել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ՀՀ սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին՝ Սիմոնյանը նշեց, որ խաղաղության համաձայնագրի մեջ նշված է, որ այն ավելի վեր է լինելու, քան մնացած բոլոր իրավական փաստաթղթերը. «Ադրբեջանի սահմանադրության մեջ կա նման դրույթ, որը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ, բայց մենք այն բանի բերումով, որ մենք պայմանագրի մեջ նշում ենք, որ այդ օրենքները վեր են ներպետական օրենքներից, մենք նման հարց չենք բարձրացնում, ինչպես նաև դա մեր քաղաքական կամքն է՝ խաղաղության պայմանագիր կնքել: Օրեր անց, երբ կփարատվի այդ խոսակցությունը, որն ըստ իս միջազգային կառույցներում արդեն մարդիկ հասկացել են և կարծում եմ Ադրբեջանը պետք է, որ այդ մեսիջները ստացած լինի, որ այդ Սահմանադրության վերաբերյալ պնդումը շատ անհիմն է, չեմ բացառում, որ վաղը մյուս օրը մի նոր պատճառ կգտնեն: Այդուհանդերձ սա աշխատանք է, որը մենք առաջ ենք տանելու և հետաքրքրված ենք խաղաղության պամանագրի կնքմամբ ու աշխատելու ենք, որ այն իրականություն դառնա»: