Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այդ փաստաթղթի մեջ և ընդհանրապես սահմանի մասին խոսելիս կա շատ կարևոր արձանագրում, որը պետք է արվի: ՀՀ-ի և Ադրբեջանի քարտեզը մետր առ մետր իրավական փաստաթղթերով հիմնավորված գոյություն ունի, դա որևիցե մեկի կողմից բզկտելու կամ մեկի կողմից հնարելու հետևանք չի: Ալմա-Աթայի հռչակագիրը նշում է կոնկրետ, որ պետություններն անկախանում են իրենց Սովետական միության ադմինիստրատիվ քարտեզների հիման վրա, դա է հիմքը, Ալմա-Աթա ասելու նպատակը դա է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ Սիմոնյանն ասաց. «Ուզում եմ տիկին Մկրտչյանի ելույթին անդրադառնալ, երեք տարի անց վերջապես դեպի քաղաքական ելույթի նմանվող մի բան էր, որն ինձ շատ ուրախացրեց: Նախ մեզ անվանում է իշխանազավթ, չի ասում, որ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա այդ իշխանությունը մեզ տվեց, թե ինչու չի ասում՝ չգիտեմ, երևի ամաչում է: Կաշառքը տալիս էին, ընտրությունները կեղծում էին, երկրում ինչ ուզում անում էին, հետո ասում էին դե մեր դեմ խաղ չկա, կաշառքը կտանք, ընտրությունը կկեղծենք, ինչ ուզենք կանենք, ում կուզենք կծեծենք, ում կուզենք կսպանենք, ում կուզենք բանտ կնետենք, փողերը կաշխատենք: Զարմանալի է, որ այդ մարդիկ են գալիս այստեղ խոսում. և՛ «Պատիվ ունեմ»- խմբակցությանը, և՛ մասնավորապես Դաշնակցությանն առաջարկ ունեմ՝ փոխեք մարտավարությունը, չգիտեմ Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ինչ փուլ է գալու, բայց ես խորհուրդ եմ տալիս մարտավարությունը փոխեք: Դուք ՀՀ-ում ընդդիմադիր իշխանություն եք, դուք էլ իշխանություն ունեք, պրոցես է տեղի ունենում, որը պատմական է, որն անդառնալի է լինելու, եկեք միասին հասկանանք, ինչ-որ տեղ դուք էլ կարող մի բան ասեք, որը կարող է շատ օգտակար լինի ինչ-որ փուլում, եկեք փորձեք մեզ օգնել այս հարցը լուծենք»:
ԱԺ նախագահի խոսքով՝ այն ճանապարհով, որով գնում է ընդդիմությունը՝ ընտրությունները չեն անցնելու. «Այս ճանապարհով, որ դուք գնում եք, մեկ ու կես տարի հետո ընտրություններ են, դուք չեք անցնելու ԱԺ, գալու են նոր ուժեր, ձեր ասելիքը սպառված է և ուղղակի դերակատար փոխելով որևիցե բան չի փոխվելու: Եվ պարոն Դանիելյան, երբ գնում եք տարբեր հին, չպետքական մարդկանց մոտ հարցազրույցների, միգուցե իրենք կարող են թույլ տալ անձնական վիրավորանքներ հնչեցնել օրինակ՝ իմ հասցեին, բայց դուք այնտեղ, որ գլխով տմբտմբացնում եք և շարունակում եք այդ վիրավորանքը, հիշեք, որ մենք իրար հետ այստեղ աշխատում ենք և դա առնվազն պարկեշտ չի»: