Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի թերևս հաջորդ ուշագրավ ձեռքբերումնեից մեկը ՌԴ նախագահ Պուտինի հետ ձեռք բերված համաձայնություն էր, ըստ որի 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
Փաստացի ռուսական ուժերից այսպես ասած ազատագրվում է նաև Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետը, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հարավային դարպասը։
Հշեցնեմ, որ այս տարվա օգոստոսին ռուսական սահմանապահները հեռացել էին «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ ավելի քան 30 տարի իրականացնում էին ուղևորների անձնագրային ստուգում։ Հայաստանի օդային սահմանը թերևս միակ հուսալի կապն է աշխարհի հետ։
Ինչով է կարևոր մոսկովյան այս համաձայնությունը։ Նախևառաջ կարևոր է նրանով, որ սա նշանակալից քայլ է անկախ պետականության կայացման գործում։ ՀՀ պետական սահմանների հսկողությունը թեպետ դանդաղ, բայց ազատվում է օտար երկրի հսկողությունից։
Ավելին, Իրանը մեր տարածաշրջանի այն երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը չի ունեցել և չունի քաղաքական, անվտանգային որևէ խնդիր, ավելին Իրանը համարվում է բարեկամ երկրներից մեկը և բարեկամ Իրանի հետ սահմանին ռուսական ներկայությունն առհասարակ որևէ տրամաբանություն չուներ։
Մոսկովյան այս համաձայնությամբ Հայստանի հյուսիս-հարավ աշխարհագրական կարևոր հանգույցը դուրս է գալիս օտար երկրի վերահսկողությունից։ Սա կարևոր արձանագրում է և խոսում է այն մասին, որ Հայաստանը ևս մեկ կարևոր քայլ է կատարում դեպի ինքնիշխանություն։ Բնականաբար հեշտ չի լինելու ինքնուրույն և սեփական ռեսուրսներով սահմանային հսկողություն իրականացնելը, սակայն կարևորը կամքն է և աշխատանքը՝ երկրի սահմանների անվտանգ պաշտպանությունը սեփական ներուժով իրականացնելու համար, առանց օտար աչքի և օտարի միջամտության։
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։