«Թուրքական զենքն Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում է ռուս զինվորականներին և խաղաղ բնակիչներին սպանելու համար: Սա չի կարող տարակուսանք չառաջացնել միջնորդական ծառայություններ տրամադրելու պատրաստակամության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունների ֆոնին»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովի այս հայտարարությունն էլ բնականաբար չի կարող տարակուսանք չառաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի մոտ։ 2011 թվականից սկսած նույն Ռուսաստանը գերճշգրիտ, ծանր ու հեռահար զինատեսակներ էր վաճառում Ադրբեջանին։ 2011 թվականից մինչև 2020 թվականը Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է զրահափոխադրիչներ, ՀՕՊ համակարգեր, տրանսպորտային եւ հարվածային ուղղաթիռներ, հրետանի, ՀԿՌ համակարգեր, տանկեր, որոնք ամբողջությամբ օգտագործվել են Արցախի և Հայաստանի դեմ պատերազմում։ Ի դեպ, Ադրբեջանը 2020 թվականի պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի դեմ կիրառել է նաև ռուսական «Սմերչ» համակարգեր։
Ռուսական զենքը սպանել է Ռուսաստանի դաշնակիցը համարվող պետության՝ Հայաստանի զինվորներին և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը նույն Լավրովի համար այն ժամանակ տարակուսանք չէր առաջացնում, այլ հակառակը՝ նա այդ արյունոտ գործարքը դաշնակից պետության դեմ համարում էր ընդամենը բիզնես։ Ի դեպ, հիշեցնենք՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը բիզնես էր համարում նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ԱԳ նախարար աշխատած Էդվարդ Նալբանդյանը։
Ռուսաստանը Արցախի հարցի կարգավորման երեք միջնորդներից մեկն էր, սակայն դա չէր խանգարում, որպեսզի Մոսկվան միլարդավոր դոլարների սպառազինություն մատակարարեր Ադրբեջանին։ Հիշեցնեմ նաև, որ մյուս երկու միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ադրբեջանի հետ սպառազինության գործարքներ երբեք չեն կնքել։ Հենց Ռուսաստանն է նաև 2011 թվականից սկսած խախտել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բալանսը՝ ի օգուտ Բաքվի։
Ընդհանրապես ռուսական ռազմաքաղաքական վերնախավի մոտ բարեկամին դավաճանելը ավանդական երևույթ է։ Եթե նայենք Ռուսաստանի ոչ վաղ անցյալին, ապա կետսնենք, որ ռուսական ռազմաքաղաքական վերնախավը զենք էր վաճառում նույնիսկ չեչեններին, որոնք կռվում էին ռուսական զինվորների դեմ։
Ռուսաստանի դավաճանական պահվածքում այլևս զարմանալի ոչինչ չկա, հակտապես, երբ գիտես տվյալ պետության վերնախավի վերաբերմունքը դաշնակիցների հանդեպ։ Ռուսաստանը Հայաստանին և հայ ժողովրդին դավաճանել է թե՛ 100 տարի առաջ, թե՛ նաև այսօր։ Այս պարագայում զարմանալու է միայն, որ Լավրովն է զարմանում և տարակուսում, երբ իրենց «սիրեկան» Թուրքիայի զենքը կրակում է ռուս զինվորների ուղղությամբ։ Իսկ թուրքերը հաճախ են կրակել ռուսների ուղղությամբ և մնացել անպատիժ։ Օրինակները բազամաթիվ են․ Թուրքիայում ռուսական դեսպանի գնդակահարությունը, Սիրիայում ռուսական ռազմական օդանավի խոցումը, Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը և այլն։ Այս բոլորը մարսել են։ Լավրովը թերևս ճիշտ կանի պարզի, թե ինչպես է ստացվում, որ թուրքերը միշտ ռուսների «ատամները հաշվում են»։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։