«Ականջներիս մեջ են վիրավորների ձայները, որոնք կանչում էին՝ բժիշկ հասիր, օգնիր մեզ»․ բժիշկ Հովհաննեսը կռվում էր, որ վիրավոր զինվորն ապրի․ այսօր բուժծառայողի մասնագիտական օրն է

Նոյեմբերի 17-ին ՀՀ զինված ուժերում նշվում է բուժծառայողի մասնագիտական օրը։ Զինվորականի և բժշկի երդմանը հավատարիմ մնալով՝  բուժծառայողները ստանձնում են մեր երկրի պաշտպանների բուժման և կյանքերի փրկության պատասխանատու գործը։

«Լինել սպա, ծառայել հայրենիքին  ու լինել բժիշկ, օգնել զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր երկիրը։Հենց սա ստիպեց ինձ դառնալ ռազմական բժիշկ»,- Zarkerak-ի հետ զրույցում պատմում է բուժծառայող Հովհաննես Ավետիսյանը և հավելում․

«Զինվորի կյանք փրկելն այլ բան է»։

Հովհաննես Ավետիսյանը 2010 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ։ Հետո տեղափոխվել ռազմական ֆակուլտետ։ Իմանալով, որ դեռ 1990-ականներին ինչ հերոսական դրվագներ են ունեցել  ռազմական բժիշկները՝ ոգևորվել է և որոշել ընտրել հենց այս մասնագիտությունը։

 

«Բժշկական համալսարանը ավարտելուց հետո  ինքնակամ՝ համաձայն իմ զեկուցագրի, մեկնել եմ Արցախ՝ Եղնիկներ։ Մինչ այդ լսել էի այդ վայրի մասին, գիտեի, որ բարդ տեղանք է։ Սկզբում եղել եմ բժիշկ, հետո բուժկետի պետ, ապա նաև բուժծառայության պետ։ Հասկանում էի, որ բարդ է լինելու։ Երբեք չեմ պատկերացրել, որ կսկսվի պատերազմ, որին ես կմասնակցեմ ու․․․ »։

Հովհաննեսը պատմում է՝ երբ սկսվեց պատերազմը, ծառայում էր Արցախում և մինչև դրա ավարտը եղել է այնտեղ։ Հոգեբանորեն շատ ծանր օրեր է ունեցել։ Արդեն մեկ տարի է անցել, բայց դեռևս ուղեղի մեջ թարմ են այդ օրերին ապրածները։

«Իմ հոգեբանական ապրումները սկսվեցին այն պահին,երբ ունեցանք    առաջին վիրավորը։ Մենք բուժկետում էինք։ Հրետակոծում էին անդադար։ Կրակոցներ էին, հրետանին էր աշխատում։ Քաղաքացիական մեքենայից իջեցրին վիրավորին։ Նա անընդհատ կանչում էր մորը։  Շտապօգնության մեքենայով տեղափոխեցինք նրան հոսպիտալ։  Ու հետագայում, երբ ճշտեցինք, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, այլ ուրախություն ապրեցինք»,- հիշում է Հովհաննեսը։

Վախը, ըստ Հովհաննեսի, անհետացել էր այդ օրերին։ Միայն մտածում էին, թե ոնց շուտ հասնեն,որ ավելի շուտ փրկեն ինչ-որ մեկին ու այդ տարածքներից ավելի շուտ դուրս հանեն։

«Ես մտածում էի միայն այն մասին, որ օգնեմ զինվորներին, ամեն բան անեմ, որ  նրանց կյանքը փրկեմ»,- ընդգծում է բժիշկը։

Հովհաննեսն ասում է՝ մի բան է մարդկանց օգնել խորհրդով, սննդով, հագուստով, մեկ այլ բան՝ օգնել մարդուն, որ նա ապրի։ Հովհաննեսը Արցախի նախագահի հրամանով պարգևատրվել է «Մարտական խաչ»  2-րդ աստիճանի շքանշանով։ Ասում է, որ մեդալները այնքան չեն ոգևորում իրեն, ինչքան այն փաստը, որ փրկել է զինվորների կյանքեր։

«Երկու տարի այդտեղ ծառայել էի, և բոլորն ինձ գիտեին։ Նույնիսկ ձայնից գիտեին, որ ես եմ մոտենում։ Ականջներիս մեջ են վիրավորների ձայները, որոնք կանչում էին՝ բժիշկ հասիր,օգնիր մեզ։ Հովհաննեսն ասում է՝  բուժկետ չեն ունեցել, եղել են մի փոքր եկեղեցում՝ մարտական դիրքերին մոտ․

«Երբ ես ռադիոկապով կապ հաստատեցի հրամանատարի հետ, հարցրեցի՝ որտեղ ծավալենք  բուժկետ,  պատասխան եղավ՝ եկեղեցու ներսում, թող Աստված ձեզ պահապան լինի»։

Եկեղեցու կողքին հրետանի է աշխատել, մեծ փոսեր են առաջացել։ Անընդհատ ուզել են հարվածել եկեղեցուն,բայց նրա զորությունը այնքան ուժեղ է եղել, որ մնացել է կանգուն։

«Եկեղեցում շատ կյանքեր փրկվեցին։Պահեր էին լինում, երբ հանգիստ էր լինում, նայում էի եկեղեցու ներսում  դրված խաչերին, իմ ընկեր բժիշկներին ասում էի, որ եթե ողջ մնամ, եկեղեցին ամբողջովին կարգի եմ բերելու ու մաքրելու։ Ընկերներս ծիծաղում էին ու ասում․ «Չէ հա, դու գիտես, որ զոհվելու ես, դրա համար էլ այդպես ես ասում»։ Չզոհվեցի  ու կատարեցի խոստումս․ միայնակ մաքրեցի  եկեղեցին ու կարգի բերեցի»,- պատմում է նա։

Հովհաննեսը նշում է ՝ էմոցիոնալ պահեր շատ են եղել ու մինչև վերջ չի քարացել․«Մարդիկ կան, որ կարծում են՝ այդ ամենը տեսնելուց հետո քարանում ես, սովորական է դառնում, բայց ինձ համար ցանկացած զինվորի կյանք փրկելը կամ նրան ծանր վիճակում տեսնելը սովորական չի դառնում, ես նույն անհանգստությունն եմ ունեցել ցանկացած դեպքի ժամանակ»։

Պատերազմը Հովհաննեսին սովորեցրել է հաղթահարել կյանքի ամենածանր դժվարությունը, որը չկա քաղաքացիական կյանքում։ Չունենալով այն սարքավորումները, որոնք առկա են հիվանդանոցներում՝ նա և իր բժիշկ ընկերները  փորձել են կողմնորոշվելու բարձր ունակությամբ փրկել զինվորների կյանքը։

Այժմ Հովհաննեսը սովորում է արդինատուրայում՝ բուժհաստատությունում աշխատում է ռեանիմատոլոգիա-անեսթեզիոլոգիա մասնագիտությամբ, միաժամանակ  Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում է աշխատում։ Ուսումն ավարտելուց հետո նորից ուզում է վերադառնալ ռազմական բժշկի մասնագիտությանը։

«Կուզեմ՝  Արցախը կրկին կայունանա,  նորից մեկնեմ այնտեղ՝ զինվորական հոսպիտալում աշխատելու։ Երեք ամիս է՝ ինչ եկել եմ այստեղ,  բայց կարոտը խեղդում է։ Երբ խոսում են զինվորների ու Արցախի մասին, զգում եմ  անսահման կարոտ»,- ասում է Հովհաննեսը։

 

Վարսիկ Սիմոնյան

17 Նոյեմբեր, 2021 17:01
Վեր