«Չխնայելով» ո՛չ մեծերին, ո՛չ փոքրերին. տարեցտարի տարածվող ու երիտասարդացող շաքարային դիաբետի առաջացման պատճառներն ու կառավարման եղանակները. մեկնաբանում է բժիշկը Zarkerak - «Չխնայելով» ո՛չ մեծերին, ո՛չ փոքրերին. տարեցտարի տարածվող ու երիտասարդացող շաքարային դիաբետի առաջացման պատճառներն ու կառավարման եղանակները. մեկնաբանում է բժիշկը
Zarkerak Zarkerak - «Չխնայելով» ո՛չ մեծերին, ո՛չ փոքրերին. տարեցտարի տարածվող ու երիտասարդացող շաքարային դիաբետի առաջացման պատճառներն ու կառավարման եղանակները. մեկնաբանում է բժիշկը
«Չխնայելով» ո՛չ մեծերին, ո՛չ փոքրերին. տարեցտարի տարածվող ու երիտասարդացող շաքարային դիաբետի առաջացման պատճառներն ու կառավարման եղանակները. մեկնաբանում է բժիշկը

«Չխնայելով» ո՛չ մեծերին, ո՛չ փոքրերին. տարեցտարի տարածվող ու երիտասարդացող շաքարային դիաբետի առաջացման պատճառներն ու կառավարման եղանակները. մեկնաբանում է բժիշկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2023-ի տվյալներով՝ ՀՀ-ում  շաքարային դիաբետ է ախտորոշված 15 տարեկան և բարձր 112. 904 մարդու մոտ. անցած տարվա ընթացքում  12.835-ի մոտ առաջին անգամ արձանագրվել է շաքարային դիաբետ: Այսինքն՝ ՀՀ-ում 15 տարեկանից բարձր ամեն հարյուր հազար բնակչից միջինում  4708,3-ի մոտ արձանագրված է այս հիվանդությունը: Տվյալները ներկայացրել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը:

2023-ի ընթացքում 1-14 տարեկան 106 երեխաների մոտ առաջին անգամ ախտորոշվել է շաքարային դիաբետ, 2022-ին այս թիվը կազմել էր 133: 2023-ին ՀՀ-ում ամեն 100.000 երեխայի հաշվով շաքարային դիաբետ է ախտորոշվել 18.7-ի մոտ:  

Ի դեպ, ՀՀ-ում  բացարձակ արժեքով 15 տարեկանից բարձր 107540 անձ 2023-ին գտնվել է դիսպանսերային հսկողության ներքո, իսկ 0-14 տարեկան՝ 539 անձ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 1-ին կամ 2-րդ տիպի շաքարախտով տառապող մարդկանց թիվը 1990 թվականից ի վեր ավելի քան քառապատկվել է՝ 2022 թվականին գերազանցելով 800 միլիոնը:

Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է: 

«Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը միտում ունի տարածվելու և երիտասարդանալու, այդ թվում՝ Հայաստանում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում արձանագրում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան:

Ելենա Աղաջանովա

«Երիտասարդանում է նաև ՏԻՊ 2 շաքարային դիաբետը, որը համարվում է մեծահասակների դիաբետ: Այն արդեն 40, անգամ 30 տարեկանից ավելի ցածր տարիքում է  հանդիպում, և որ ամենավատն է՝ նաև դեռահասների մոտ»,- նշում է մասնագետը:  

Ըստ Ելենա Աղաջանովայի՝ մեծահասակներին բնորոշ ՏԻՊ 2 շաքարային դիաբետի՝ դեռահասների, երիտասարդների շրջանում ախտորոշվելը մի քանի գործոններ ունի.«Հիմնականում կապված է ճարպակալման հետ, դրան նպաստող բոլոր պայմանները բերում են  դիաբետի տարածվածության: Դեպքերի շատացմանը նպաստում են նաև սխալ սնունդը, նստակյաց կյանքը, սթրեսային իրավիճակները, և, իհարկե, ժառանգական նախատրամադրվածությունն ունի իր  նշանակությունը»:

«Այսինքն՝եթե երեխայի ծնողն ունի ՏԻՊ 2 դիաբետ, ապա կյանքի ընթացքում նրա մոտ այդ հիվանդությունն ախտորոշվելու մինչև 60 տոկոս  հավանականություն կա: Եթե երկու ծնողն էլ ունեն ՏԻՊ 2 դիաբետ,  ապա մինչև 90-100 տոկոս է հավանականությունը, որ երեխան  կունենա դիաբետ»:

Աղաջանովան բացատրում է, որ ավելանում է նաև այն երեխաների թիվը, որոնց մոտ ախտորոշվում է ՏԻՊ 1 դիաբետ, որը հիմնականում հանդիպում է հենց երեխաների մոտ.«Սա ինսուլին-կախյալ դիաբետն է, երբ երեխայի օրգանիզմում գնում է ինսուլին արտադրող բջիջների քայքայում և երեխաների միակ բուժումը ինսուլինով փոխարինող բուժումն է: Այսինքն՝  պետք է ամենասկզբից ստանան ինսուլին՝ մինչև կյանքի վերջ: Այս դեպքում էլ  գենետիկ նախատրամադրվածությունը միշտ նշանակություն ունի,  ուշադրություն ենք դարձնում նաև գենային մուտացիաներին, որոնք փոխանցվում են ծնողներից, բայց կարող են ձևավորվել նաև այլ գործոնների պատճառով»:  

«Տարբեր տարիների վերլուծություններով ՀՀ-ում  ամեն տարի ՏԻՊ 1 շաքարային դիաբետով հիվանդացության  9-10 տոկոս աճ կա,  սա բավականին մեծ թիվ է, ՏԻՊ 1-ն էլ իր հերթին է երիտասարդանում՝ հանդիպելով նաև 1-4 տարեկանների շրջանում»,- ներկայացնում է մասնագետը :

Մասնագետի խոսքով, կան մի շարք ախտանշաններ, որոնք ահազանգում են շաքարային դիաբետի հավանականութան մասին՝ թե երեխաների,թե մեծահասակների շրջանում, պարզապես երեխաների մոտ դրանք շատ ավելի սուր և միանգամից են արտահայտվում, մեծահասկաների մոտ ոչ այդքան վառ արտահայտված ու դանդաղ են.«Եթե երեխան սկսել է նիհարել, շատ ջուր խմել, շատ միզել, առկա է անմիզապահութուն, գիշերը միզելու ցանկություն, իրեն թույլ է զգում, եթե  երեխայից ինչ-որ տարօրինակ հոտ է գալիս,  քնկոտ է դառնում, սկսում է հևոց ունենալ, այդ բոլոր գանգատների դեպքում անպայման պետք է մտածել, որ դա կարող է լինել շաքարային դիաբետ»:

«Թվային ցուցանիշները թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների դեպքում նույնն են.  եթե առավոտյան սոված վիճակում գլյուկոզան արյան մեջ 7 մմոլ/լ է և  ավելի, ապա դա դիաբետ է, եթե գլյուկոզան արյան մեջ օրվա ցանկացած ժամին,  անկախ նրանից, թե ինչ է կերել, երբ ու ինչքան 11,1  մմոլ/լ է  և ավելի, ապա դիաբետ է, իսկ 5,5 մինչև 7-ը համարվում է նախադիաբետ, դա էլ խնդիր ու նորմալ չէ: Այդ դեպքում էլ պետք է հետազոտվել, սկսել բուժումը և ամենակարևորը՝ փոխել ապրելակերպը»:  

Աղաջանովայի դիտարկմամբ, մեծահասակաների դեպքում էլ ժառանգական նախատրամադրվածությունը շատ կարևոր է, սակայն ամեն ինչ միանշանակ չէ.«Շաքարային դիաբետ ունենալու հարցում մոտ 80 գեն կարող է ընդգրկված լինել,  տարբեր գեների կոմբիանցիա կարող է լինել, որ ՏԻՊ 2 դիաբետ զարգանա:  Վերջին 20 տարիները ցույց են տալիս, որ դիաբետն այնքան արագ է զարգանում, այնքան շատ են նոր դեպքերը, որ միայն ժառանգականությունով հնարավոր չէ բացատրել: Այժմ բացատրում են ոչ միայն գենետիկայով, և  նաև՝ էպիգենետիկայով, երբ լինում են գենային փոփոխություններ՝ արտաքին գործոնների ազդեցության տակ: Մարդու մոտ գենի աշխատանքը կարող է փոխվել սթրեսի, էկոլոգիայի, սննդի, նստակյաց ապրելակերպի, ճարպակալման հետևանքով և առանց ժառանգական նախատրամադրվածության մարդը կարող  է ունենալ դիաբետ»:

Էնդոկրինոնոլգը հիշեցնում է հայտնի արտահայտությունը՝ « դիաբետը  կենսակերպ է, ոչ թե հիվանդություն», այն թեև բուժել հնարավոր չէ, բայց հնարավոր է կառավարել՝ թե բժշկի խորհուդներին հետևելով, թե ճիշտ ապրելակերպ վարելով ու սննդակարգ պահպանելով:

«Բուժական կարևոր  գործոններից շատ բան է  կախված,  պացիենտը  պետք է սկսի ֆիզիկապես ակտիվ լինել,  սննդակարգում չունենա ավելորդ՝  դիաբետոգեն մթերք, հիվանդության բարդությունները կարելի է բավականին  մեղմացնել չօգտագործելով շաքար պարունակող սնունդ,  ըմպելիքներ, քաղցրավենիք՝ կոնֆետներ, թխվաքծաբլիթներ, խմորեղեն,  նաև կարտոֆիլ, հաց, յուղոտ սնունդ:  Մենք ասում ենք՝ ավելի լավ է չընդունել,  բայց եթե կա ցանկություն, թույլ ենք տալիս՝ քիչ քանակությամբ, եթե պացիենտը ինսուլին է ստանում, չի նշանակում, որ ինչ ուզի կարող է ուտել»,- նշում է մասնագետը:  

Ի դեպ վախենալու և շաքար ստանալու պատճառահետևանքային կապի մասին.«Երբ ցանկացած մարդ վախենում է, ֆիզիոլոգիական  մեխանիզմ է` շաքարը պիտի բարձրանա: Օրգանիզմի «ծրագիրն» այնպես է, որ վախենալիս կամ պետք է փախչենք  կամ հարձակվենք, դրա համար բջիջները էներգիա են պահանջում և արտադրվում է գլյուկոզան, որ մկանները կարողանան այդ գործողությունն անել: Շաքարը բարձանալիս ինսուլինը հետևից այնքան պետք է բարձրանա, որ կարգավորի շաքարը, բայց եթե կա բջիջների վնասում կամ ժառանգական նախատրամադրվածություն, ինսուլին արտադրող բջիջները լավ չեն աշխատում՝ «ծրագրային խախտում» կա, այդ ժամանակ վախից կարող  է շաքարը  բաձրանալ ու չիջնել:  Վախը կարող է լինել հիվանդության մեկնարկի դրդապատճառ, բայց ժառանգական նախատրամադրվածության հիմքի վրա»,- բացատրում է Ելենա Աղաջանովան:

Անդրադարձի կարճ վիդեո տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

 

Մարիամ Մկրտչյան

 

14 Նոյեմբեր, 2024 16:05
Վեր